Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը
Փետրվարի 22-ին Երեւանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։
Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության եւ պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին:
Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Ինչպես ասվում է ԱԺ մամուլի հաղորդագրությունում, նիստի մասնակիցները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բախվում են երկրները պատվաստման ծրագրերն իրականացնելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչները հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել, մանրամասնել համավարակի դեմ պայքարի վիճակագրական տվյալները:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը նշել է, որ Արցախի բնակիչների համար հաճախ հասանելի չէ պատվաստումը, ինչը լուրջ խնդիր է: Ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է պատվաստանյութերի որոշակի չափաքանակ տրամադրել ԼՂ բնակչությանը՝ պատգամավորը շեշտել է, որ, այդուհանդերձ, դա խնդրի ամբողջական լուծում չէ: Այս հարցում նա կարեւորել է գլոբալ համագործակցությունը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ու Արթուր Ղազինյանը խոսել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու դեպքերի, արգելված զինամթերքի օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել