HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընդդիմությունը հայտարարում է՝ ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ փաշինյանական արտաքին քաղաքականությունը տկար է

Խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համար միանշանակ է՝ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ ձախողել են արտաքին քաղաքականությունը: Նման տեսակետ հայտնեցին խմբակցությունների պատգամավորներն այսօր հրավիրված ասուլիսին:

Պատգամավորներն անդրադարձան Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով ԱԳՆ-ն հայտնում է, որ Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգնասկի անկախությոնը ճանաչելու հարց չկա:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ, թե որքան տկար է փաշինյանական արտաքին քաղաքականությունը և հակապետական սխալներով լեցուն:

«Վերջին երկու օրվա ընթացքում ՌԴ-ի գործողություններով ցույց տրվեց, թե ինչ էր պարտավոր անել Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ ճանաչել Արցախի անկախությունը: Ապրիլյան պատերազմի ժամանակ նախագահ Սարգսյանը երբ հրավիրել էր ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին, հստակ հայտարարվել էր, որ եթե պատերազմը շարունակվի ևս մի քանի օր, Հայաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը: ՌԴ նախագահը իր ասուլիսներում երեսով էր տալիս, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու քայլը երկու տեսանկյունից պետք է դիտարկել՝ ազգերի ինքնորոշման իրավունքի ևս մեկ հաստատում, նաև փաստում, որ Հայաստանի իշխանութունները պատերազմի ընթացքում խուսափեցին  Արցախի անկախությունը ճանաչելուց։

Ըստ Մամիջանյանի՝ անհասկանալի է այս հարցով ԱԳՆ-ի շտապողականությունը.

«Մի կողմ դնելով մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները՝ այստեղ առկա է նաև միջազգային իրավունքի խնդիր՝ ազգերի ինքնորոշման իրացման տեսանկյունից: Ինձ համար մեղմ ասած անընկալելի է՝ մի ոտք շուտ նմանօրինակ դիրքորոշման հայտնումը, նույն կերպ վարվեք հայ-թուրքական հարաբերությունների ժամանակ»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային փաստաթղթին, Մամիջանյանը կոչ է անում դաշնակից ՌԴ-ից չնեղանալ այն պատճառով, որ վերջինս չի անում ավելին, քան ինքդ պետք է անես:

«Ինձ շատ հետաքրքիր է, թե ժամանակային առումով երբ է հետ կանչվելու ՌԴ-ում Հայաստանի դեսպանը և փոխարինվելու այլ անձով, բայց բոլորս էլ գիտենք, որ դա տեղի չի ունենալու: Նորմալ երկրներում այդպես պետք է լիներ: Ես կարող եմ ասել, որ շատ մեծ կորուստ ունեցավ Հայաստանը, որ Հարավային Կովկասում չկարողացավ լինել ՌԴ կանխատեսելի և վստահելի դաշնակից, դրա արդյունքում Հարավային Կովկասի երկրներից մեկը նույնպես ստացավ նմանօրինակ կարգավիճակ»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ընդգծեց՝ ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության փաստաթուղթը ևս մեկ անգամ ցուց տվեց Հայաստանի իշխանությունների կատարյալ ձախողած արտաքին քաղաքականությունը:

«Մենք հին ընկերների կորցրինք, նոր ընկերներ ձեռք չբերեցինք, հարաբերությունները ՌԴ-ի հետ ձախողեցինք, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները ոչնչով ավելի լավ չեն, քան էին, իշխանությունները շատ հաճախ 2.6 միլիարդի մասին են ասում, բայց կոչ կանեի կարդալ Շառլ Միշելի հայտարարությունը, որ հինգ տավա ընթացքում դա բյուջե է, որը կարող է հասանելի լինել ՀՀ-ին, և մեծ մասը լինելու է պարտքի տեսքով»,- ասաց նա:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանի իշխանությունները ձախողել են բոլոր դաշնակից երկրների հետ հարաբերությունները՝ մնալով միանյակ ու թույլ:

Խաչատրյանի համոզմամբ դեռևս պատերազմի ընթացքում Հայաստանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը, քանի որ առանց Հայաստանի ճանաչման, որևէ այլ երկիր Արցախի անկախությունը չէր ճանաչի:

Բանախոսներն անդրադարձան նաև Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստերին: Պատվիրակության անդամ Արթուր Ղազինյանն ասաց, որ քվարկության է դրվել ընդամենը մեկ փաստաթուղթ, որը մինչ այժմ հրապարակված չէ:

«Այն քվեարկության է դրվել ոչ թե լիագումար, այլ բյուրոյի նիստում, որտեղ Հայաստանի պատվիրակության ղեկավարից որևէ կերպ հնարավոր չեղավ պարզել, թե ինչ փաստաթուղթ է ընդունվել, ու ինչ դիրքորոշում է հայտնել Հայաստանի պատվիրակությունը, ասում են ձեռնպահ, հետո ասում՝ դեմ ենք, մինչև վերջ պարզ չէ»,-ասում է Ղազինյանը:

Նրա խոսքով՝ մյուս կարևոր հարցը Երևան ժամանած ադրբեջանցի պատվիրակների Հայաստանում հյուրընկալությունն է: Պատգամավորը հիշեցրեց, որ դեռևս 2012 թվականից ադրբեջանցիները բոյկոտում էին Եվրանեսթի շրջանակներում Հայաստան այցելությունը, սակայն պատերազմի ավարտից մեկուկես տարի անց եկել էին Հայաստան ու իրենց «բավական ազատ էին զգում»: Ըստ նրա՝ եթե Եվրանեսթի նիստերը կազմակերպելու պարտավորվածություն կար, կարելի էր նիստերն օնլայն ռեժիմով կազմակերպել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter