HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիա Շուշանյան․ «Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում երկու օրենքներում մեկ մոտեցում պետք է ամրագրվի»

Կառավարությունը նախորդ շաբաթ չզեկուցվող հարցերի շրջանակում հավանության արժանացրեց Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխությունները։ Դրանք միանշանակ չեն ընդունվել քաղհասարակության շրջանում։ Այդ փոփոխությունների վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանը։

 

Ընդերքի մասին օրենսգրքի վերջին փոփոխությունները բնապահպանների և քաղհասարակության շրջանում խիստ մտահոգություններ է առաջացրել։ Քաղհասարակության ներկայացուցիչների մի ստվար պահանջում է այն հետ կանչել Ազգային ժողովից։ Դուք ի՞նչ խոցելի հետևանքներ եք տեսնում այս փոփոխություններով։

Օրենսդրական փոփոխությունների նպատակը սովորաբար պետական կառավարման խոցելի կողմերի շտկումն է, այլ ոչ հակառակը։ Այս առումով տվյալ նախագիծը ևս պարունակում է կարևոր կարգավորումներ, որոնց չընդունման դեպքում կշարունակվեն մնալ ընդերքի կառավարման մեջ առկա խոցելի որոշ կողմեր։ Մասնավորապես, ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման գործընթացում առաջարկվող ողջամիտ պահանջների սահմանման անհրաժեշտության մասին կվկայեն նույն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, քանի որ գործող օրենսդրությամբ այդ հարցին թերի և, շատ դեպքերում, հակասական կարգավորումներ են տրված։ 

Իսկ իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված առաջարկվող մյուս փոփոխությունների մասով նշեմ, որ կան մեկ-երկու հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Բացի այդ, ինչպես ցանկացած օրենքի, այնպես էլ այս օրենքի դեպքում խոցելին, թերևս, օրենքի ընդունումից հետո լիազոր մարմնի կողմից դրա կիրարկման փուլն է. ի՞նչ հանգամանքների, ապացույցների գնահատմամբ և ինչպե՞ս է վերջինս որոշումներ կայացնելու տվյալ հանգամանքը անհաղթահարելի ուժ ճանաչելու, ընկերության գործունեության վրա ուղղակիորեն ազդելու և այլ հարցերի վերաբերյալ։

Քաղհասարակության ներկայացուցիչներին առավել բարկացրել է այն հանգամանքը, որ նոր փոփոխությունները կանաչ լույս են վառելու Ամուլսարի հանքի շահագործման համար։ Դու՞ք էլ եք կարծում, որ այս փոփոխությունը միտված էր՝լուծելու Ամուլսարի հարցը։

Անհրաժեշտ է հստակեցնել՝ ինչ է նշանակում Ամուլսարի հարց (իրավակա՞ն, բնապահպանակա՞ն, հասարակակա՞ն կամ այլ բնույթ) և հետևաբար նոր՝ դրա լուծում։ Հիշեցնեմ, որ այնպես չէ, որ մինչ այս ընկերության կողմից հանքը չշահագործելը կապված էր ՇՄԱԳ-ի կամ այլ փաստաթղթի բացակայության կամ դրանց ժամկետների հետ։ Ուստի, Ձեր կողմից բարձրացված հարցի շրջանակներում առաջարկվող նախագիծը իրավական առումով կարող է առնվազն ապահովել այսօր ունեցած իրավիճակը՝ ստատուս քվոն, այն էլ, եթե հետագայում գործադիրը ստանա կոնկրետ դիմում և բավարարի այն։

Եթե չլիներ Ամուլսարի շահագործման հարցը, նման փոփոխություն կառաջարկվե՞ր։

Օրենքի նախագիծը վերաբերում է մի շարք հարցերի շրջանակի, որոնք ամեն դեպքում պետք է կարգավորվեին։

Փոփոխության 551 -րդ հոդվածն է առավել խնդրահարույց՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգումն անհաղթահարելի ուժի հիմքով, որը նաև հետադարձ ուժով տարածվելու է ավելի վաղ ընդերքօգտագործման իրավունք ստացած տնտեսվարողների վրա։ Այս փոփոխությունը հետընթաց է որակվել ժողովրդավարական սկզբունքներից։ Դուք ի՞նչ կարծիքի եք այս փոփոխության վերաբերյալ։

Ձեր հարցը կարող ենք բաժանել երկու տարբեր նրբերանգ ունեցող կետերի՝ գործող տնտեսվարողների վրա կարգավորման տարածում և հետադարձ ուժի կիրառում։

Կարծում եմ, բոլոր օրենսդրական փոփոխությունները պետք է հնարավորինս տարածել նախկինում ընդերքօգտագործման իրավունք ստացած տնտեսվարողների վրա։ Եվ սա ես չէի անվանի հետադարձ ուժի կիրառում։ Հիմնավորեմ։ Ընդերքօգտագործման իրավունքները հաճախ տրամադրվում են մի քանի տասնամյակով։ Այդ ընթացքում պետության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները՝ թե՛ խստացնող, թե՛ բարելավող ողջամտության սահմաններում պետք է տարածվեն այդ պահին գործող բոլոր տնտեսվարողների վրա՝ միասնական քաղաքականություն ապահովելու նպատակով։ Այսօր միայն 300-ից ավել գործող իրավունքներ կան, որոնցից յուրաքանչյուրի դեպքում տարբեր վարչարարության վարումը և տարբեր կարգավորումների կիրառումը ռացիոնալ չէ։

Այլ հարց է, որ հետադարձ ուժ (այս դեպքում եզրույթի հետ կհամաձայնեմ) տրվում է ոչ թե տնտեսվարողին, ինչպես նշել եք հարցի մեջ, այլ իրադարձությանը՝ անհաղթահարելի ուժին, անցյալում այդ հանգամանքի ծագման պահին։ Այստեղ արդեն նախագծի հետ կապված առնվազն մի շարք հարցերի հիմնավորման և պազաբանման կարիք կա։ Օրինակ՝ ինչու՞ վաղեմությունը սահմանել 4 տարի, այլ ոչ՝ 5  կամ 10։ Բացի այդ, պետք է հասկանալ՝ հետադարձ ուժ կիրառվելու է միայն այն անհաղթահարելի ուժի համար, որը դեռ շարունակվում է, թե նաև այն դեպքերում, երբ անհաղթահարելի ուժը նախկինում ավարտվել է։ Եթե այս հարցերի հնարավոր դեպքերը մանրամասն չքննարկվեն մինչ ընդունումը, միգուցե ածանցյալ այլ խնդիրներ առաջացնեն փոխկապակցված իրավահարաբերություններում (իրավունքի դադարեցման կայացված ակտեր, վերահսկողություն իրականացնող մարմինների ակտեր և այլն)։

Մեկ այլ հարց. անհաղթահարելի ուժի ծագման պահից 10 օրվա ընթացքում ընդերքօգտագործողը այդ հանգամանքների ծագման մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին, իսկ Ձեր կողմից նշված անցումային դրույթում պարզաբանման կարիք ունի այս կետին հետադարձ ուժ չտալը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ այդ ընկերությունների համար նման տեղեկացում ընդհանրապես անհրաժեշտ չէ, թե՞ որ հետադարձ ուժով առաջարկվող կարգավորումները կտարածվեն միայն այն ընկերությունների վրա, որոնք ժամանակին որևէ կերպ տեղեկացրել են հանգամանքների առաջացման մասին։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետում նշված է. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»։ Նոր փոփոխությունը, որը նոր ՇՄԱԳ չի ենթադրում, չի՞ հակասում գործող օրենքի այս դրույթին։

Կարծում եմ՝ հակասություն չկա բոլոր այն դեպքերի համար, երբ ընկերությունը սկսել է նախատեսվող գործունեությունը, օրինակ՝ շինարարությունը, և որոշակի հանգամանքների բերումով դադարեցրել շահագործումը։

Բոլոր մյուս դեպքերում, երբ շահագործումը ի սկզբանե չի սկսվել, անհրաժեշտ է հասկանալ դրա պատճառները։ Կողմ եմ, որ շահագործողների անգործության պարագայում կիրառվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետը, որն իր հերթին, նշեմ, ունի բարելավման և հսկողական մեխանիզմի հստակեցման խնդիր։ Իսկ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում երկու օրենքներում ամեն դեպքում մեկ մոտեցում պետք է ամրագրվի։

Լուսանկարը՝ Լիլիա Շուշանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter