
Հայկ Սարգսյանը հայտարարում է՝ տարեկան 8-10 հազար անձ ազատվում է զինծառայությունից
Հայաստանի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների եղբայրները, հնարավոր է, ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին:
Նախագծի հեղինակի խոսքով՝ պատերազմից հետո մի շարք զոհերի ծնողների հետ հանդիպումների արդյունքում է ծնվել այս նախագծի գաղափարը: Պատերազմում որդի կորցրած ծնողները հոգեբանական ծանր կացության մեջ են հայտնվել ու չեն ցանկանում, որ մյուս որդիները ևս զորակոչվեն: Սարգսյանի խոսքով՝ դեռևս մեկ տարի առաջ այս խնդիրը քննարկել է վարչապետի հետ, ՊՆ-ի հետ քնարկումներից հետո էլ հեղինակել է նման փոփոխություն:
Հայկ Սարգսյանի ներկայացմամբ՝ հիմնական մտահոգությունը պաշտպանական գերատեսչությունում այն է եղել, որ փոփոխությունների հետևանքով զինծառայողների թիվը կպակասի, և անվտանգային խնդիր կարող է առաջացնել:
«Առաջիկա զորակոչին՝ 2022-ի ամառային զորակոչին նախատեսվում է, որ շահառու կլինի 10 քաղաքացի, ձմեռային զորակոչին՝ 17, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում 52 հնարավոր շահառու կարող է լինել: Երբ համադրում ենք մեր բանակի թվաքանակի հետ, մոտ 100 հազարի հասնող բանակ ունենք՝ պահեստազորը ներառյալ: Այս փոփոխությունները որևէ խնդիր չեն առաջացնի մարտունակության իմաստով»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Պատգամավորի խոսքով՝ այժմ զինծառայությունն իրականացնող 16 զինծառայող կա, որոնց եղբայրները զոհվել են մարտական ծառայություն իրականացնելիս, և փոփոխություններից հետո նրանք ևս կարող են զորացրվել:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը համոզմունք հայտնեց, որ զինծառայության երկու տարվա ընթացքում զինծառայողին ցանկացած պատահածի պատասխանատուն պետությունն է, և ճիշտ չէ տարբերակել մարտական զոհերի և ոչ մարտական զոհերի: Ըստ նրա՝ փոփոխությունները իրավունքի տեսանկյունից վիճահարույց են, ուստի պետք է խութերը հստակեցներ, նոր փոփոխությունները կյանքի կոչել:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն արձագանքեց՝ ծառայության ընթացքում օրինակ միջանձնային հարաբերությունների հետևանքով զոհված զինծառայողի և մարտական ծառայություն իրականացնելիս զոհված զինծառայողի միջև հավասարության նշան դնել պետք չէ:
Նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ առաջարկեց նման շրջանակների համար արտոնություն սահմանել և ծառայությունը նախատեսել ՊՆ կամ շտաբի կենտրոնական ապարատում:
«Անկախ այդ թվերից, որ ներկայացվեց, եկեք անկեղծ լինենք մեծ առումով 2, 3, 7 զինվորի անհրաժեշտություն այսօր էլ ունենք, բայց քանի որ բարոյական պարտավորվածություն ունենք արտոնություն սահմանելու առումով, այս շահառուներին նշանակենք ծառայության կենտրոնական ապարատում: Այդ մարդիկ օգտակար կլինեն հայրենիքին և հետագա աշխատանքում որևէ խնդիր չեն ունենա»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Առաջարկը սակայն նախագծի հեղինակի համար ընդունելի չէր այն աստիճան, որ նա հայտարարեց, թե յուրաքանչյոր տարի զորակոչի ենթակա որքան անձ է ազատվում զինծառայությունից առջողական և այլ խնդիրների պատճառով: Նրա խոսքով՝ տարեկան 8 հազարից 10 հազար անձ ազատվում է զինծառայությունից՝ մեծ մասամբ առողջական խնդիրների պատճառով:
«Ու հիմա մենք քննարկում ենք ամեն զորակոչին 10-20 հոգուն ազատելու հարցը»,- ասաց նա:
Հայկ Սարգսանի կարծիքով՝ թիկունքային ծառայությունում կարող են ներգրավվել նաև առողջական խնդիրներ ունեցող անձինք, օրինակ՝ կարճատեսության խնդիր ունեցողները:
«60 հազարից ավելի անձի մենք ազատել ենք ապրտադիր զինծառայությունից վերջին 8 տարիների ընթացքում, ես համոզված եմ, որ կեսը կարող էին պիտանի լինել բանակին»,-ասաց նա:
Նախագիծը դրվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն:
Մեկնաբանել