HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քննադատություններ և շնորհակալություններ. Արման Թաթոյանն ամփոփեց պաշտոնավարման 6 տարվա գործունեությունը

Վաղը՝ փետրվարի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի պաշտոնավարման վերջին օրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանն ամփոփեց գործունեության 6 տարին: Թաթոյանն ասում է՝ օր ու գիշեր աշխատել են, որ ոչինչ կիսատ չթողնեն, անգամ 2021-ի տարեկան զեկույցը, որ մինչև մարտ ամսվա վերջ պետք է հրապարակվեր, մեկ ամիս շուտ պատրաստել են, որ հասցնեն հրապարակել:

Թաթոյանը հիշեց՝ ընտրվելու պահից մինչև պաշտոնավարման ավարտը Հայաստանի առջև բազմաթիվ մարտահրավերներ են եղել:

ՄԻՊ-ի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց սկսվել է ապրիլյան պատերազմը, իրենք եղել են Արցախում ու փաստահավաք աշխատանք իրականացրել՝ արձանագրելով մի շարք խախտումներ: Այս իրադարձություններից կարճ ժամանակ անց՝ տեղի են ունեցել ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրադարձությունները՝ զանգվածային ակցիաներ, հավաքներ, ձերբակալություններ, իրավունքների խախտումներ: Դրան հաջորդել են ՊՊԾ գործի հետ կապված անձանց հացադուլների, ՔՀԿ-ներում իրավունքների պայմանների վերաբերյալ խնդիրներն ու դրանց առթիվ հավաքները: 2018-ի ապրիլին սկսվել են հայտնի իրադարձությունները, որոնց արդյունքում Հայաստանում իշխանափոխություն եղավ:

«Մենք այստեղ նույնպես աշխատել ենք գիշեր-ցերեկ՝ հաճախ ոստիկանական բաժիններում, քրեակատարողական հիմնարկներում, ՄԻՊ աշխատակազմում լուսացնելով, որպեսզի կարողանանք պատշաճ իրականացնել մեր պարտականությունները»,- ասաց Թաթոյանը:

2020 թվականի հուլիսին Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին ռազմական ագրեսիա Տավուշի ուղղությամբ, երբ գնդակոծվում և հրետակոծվում էին խաղաղ բնակավայրերը: Այս շրջանում ևս ՄԻՊ աշխատակազմը փաստագրել է պատերազմական հանցանքներն ու միջազգային կառույցներին ճշգրիտ տեղեկություններ ներկայացրել:

«Մեզ բաժին ընկավ նաև COVID-ի ժամանակաշրջանը»,- ասաց Արման Թաթոյանն ու նշեց, որ այս շրջանում իրենք երեք հիմնական ուղղությամբ են աշխատել՝ մարդկանց իրազեկել իրենց իրավունքների մասին, ճիշտ ճանապարhով կանխարգելել համավարակի տարածումը: ՄԻՊ գրասենյակի աշխատանքի երկրորդ հիմնարար ուղղությունը կոնկրետ գործերով մարդկանց իրավունքների պաշտպանությունն է եղել և երրորդ ուղղությունը պետության նկատմամբ վերահսկողության իրականացումը, որ պետությունը չօգտվի արտակարգ դրության առիթից և չարաշահումներ թույլ չտա:

2020 թվականի սսպտեմբերին սկսվեց 44-օրյա պատերազմը, որն ուղեկցվեց մարդու իրավունքների լրջագույն խախտումներով: ՄԻՊ-ն ասում է՝ մինչև այսօր մարդու իրավունքների խախտումները շարունակվում են, ու ինքը հիմա էլ ունի զգացողություն, որ մենք գտնվում ենք պատերազմի մեջ՝ թեև այժմյան իրավիճակի իրավական ձևակերպումն այդպիսին չէ: Խոսելով սահմանային զորքերի հայելային հետքաշման հետ կապված խնդրի մասին՝ Թաթոյանը դիրքորոշում հայտնեց, որ կառավարությունը պարտավոր է հրապարակային ու մանրամասն բացատրել, թե ի՞նչ է նշանակում սահմանում զորքերի հայելային հետքաշումը:

«Սա բոլորիս անվտանգությանը վերաբերող հարց է։ Ոչ մեկը իրավունք չունի այստեղ թաքնվել հարցի գաղտնի լինելու կամ քաղաքական գործընթացների ներքո։ Ասե՞լ եք հայելային հետքաշում, ես կոնկրետ կասկածի տակ եմ դնում ձեր այդ դիրքորոշումը։ Հրապարակե՛ք ուրեմն։ Դա այնքան անորոշ կոնցեպցիա է»,- ասաց Թաթոյանն ու հարցրեց՝ ինչպե՞ս կարելի  է տարածքային իրավազորությունը զիջել։ Վերջինս համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի ատելության և թշնամանքի քաղաքականությունը շարունակվում է, իսկ խաղաղարարությունը կեղծ է:

Թաթոյանը ներկայացրեց նաև իրենց ուղղված դիմումների թվային պատկերը՝ ընդգծելով, որ տարիների ընթացքում իրենց ներկայացված դիմումների շեշտակի աճ է գրանցվել: 2015 թվականին, օրինակ՝ ՄԻՊ գրասենյակը 5214 դիմում է ստացել, 2016-ին՝ 5113, 2020-ին դիմումների թիվը հասել է 14780-ի, իսկ 2021-ին՝ 21118 -ի:

Արման Թաթոյանի խոսքով՝ 2015-ին ՄԻՊ գրասենյակի թեժ գծին ստացվել է 2086 ահազանգ, 2016-ին՝ 1876, 2020-ին թեժ գծին ստացվել է 11735, իսկ 2021-ին՝ 14124 ահազանգ: Այս 6 տարվա ընթացքում 5 անգամ աճել է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների թիվը, մինչև 11  անգամ աճել են տարբեր հաստատություններ այցերը:

ՄԻՊ-ը, որպես իրենց կառույցի անկախության աստիճանը բնութագրող հանգամանք՝ նշեց, որ լինելով պետական մարմին՝ ՄԻԵԴ-ում ընդգրկվել են՝ որպես երրորդ կողմ ՀՀ-ի դեմ գործով:

«Մեզ համար հպարտություն է Մարդու իրավունքների պաշտպանի A կարգավիճակը, որը ՀՀ-ին շնորհվել է 2006 թվականին ու մենք պահպանել ենք: Ինձ համար ամենաթանկն, ինչպես ցանկացած օմբուդսմանի, հանրային աջակցությունն է․ ես իմ խորին երախտագիտությունն են հայտնում մեր հասարակությանը, որ այսպիսի աջակցություն կա: Դա մեզ պաշտպանված է պահել, ունեցել է բացառիկ նշանակություն, պարտավորեցրել է ուշադիր լինել ամեն խոսքի ու գործի նկատմամբ»,- ասաց Արման Թաթոյանը:

Վերջինս անդրադարձավ դատավորների նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին, կարգապահական գործընթացներին, Սահմանադրական դատարան ՄԻՊ-ի կողմից ուղարկված դիմումներին, տարբեր բնագավառներում ՄԻՊ-ի իրականացրած աշխատանքներին:

Օրերս Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ՄԻՊ-ին քննադատել է՝ նշելով, թե Թաթոյանն իրավունք չուներ դատավոր Բորիս Բախշիյանի գործով գնահատական տալու: Օմբուդսմանը մինչ բուն հարցին անցնելը հարկ համարեց անդրադառնալ նախարարի բառապաշարին՝ դրանք որակելով երկրում անհանդուրժողականությունն ավելացնող, պոպուլիստական:

«Ասում է՝ օմբուդսմանն իրավունք չունի ընթացիկ դատական գործի վերաբերյալ գնահատականներ տալ, ու մի հատ էլ հղում է անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասին: Ինքը կետ է ասում, բայց կետն իրականում ուրիշ բան է»:

Հոդվածը, որին հղում է կատարում Անդրեասյանը, անձամբ Թաթոյանն է ձևակեպել: Այն ձևակերպված է հետևյալ կերպ՝ «մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի միջամտել դատական  վարույթին:

«Ինձ համար ակնհայտ է, որ արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ այս հարցի հետ կապված։ Բայց քանի որ ռիսկ է արել ու մտել է մասնագիտական դաշտ, շատ լավ, կբացատրեմ, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց ՄԻՊ-ը:

Վերջինս նշեց, որ արդարադատության նախարարը պարտավոր է իմանալ, որ գոյություն ունի նախաքննություն և դատական քննություն, և որ դատական վարույթը նախաքննությունը չէ.

«Նախաքննությունն իրականացնում է պաշտոնատար անձը՝ քննիչը, իսկ դատական վարույթն իրականացնում է դատարանը։ Հիմա ինչպե՞ս կարող է նախաքննության հարցը դառնալ դատական գործ։ Նախ մեր օրենքը դատական գործ հասկացությունը չունի, չգիտես՝ որտեղից է վերցրել»,- ասաց Թաթոյանն ու հիշեց, որ Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակ հրապարակել է զեկույց, որում անդրադարձել է դատավորների գործունեությանը: Նշենք, որ զեկույցում Անդրեասյանն ընդհուպ կաշառքի գներ էր նշել՝ ըստ դատարանների:

«Բա արդարադատության նախարարն ինչպե՞ս էր իր նախորդ պաշտոնում գնահատականներ տալիս դատական գործերի հետ կապված: Այդ զեկույցում գնահատականներ տալիս չկայի՞ն ընթացիկ դատական գործեր: Կամ սա ինչ քաղաքական ծառայություն է իրավապահներին»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ը նաև հիշեցրեց հենց Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցում առկա խնդիրների մասին՝ ընդգծելով, որ 2022-ին միայն մեկ ամսվա մեջ ՔԿՀ-ներում երեք մահ է արձանագրվել, իսկ նախորդ տարվա ընթացքում ՔԿՀ-ներում մահերի թիվը եղել է 13:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ պաշտոնավարումից հետո ի՞նչ գործունեություն է իրականացնելու Թաթոյանը: Վերջինս հայտնեց, որ զբաղվելու է հանրային գործունեությամբ:

«Այժմ պետական համակարգում ինձ չեմ տեսնում։ Տեսնում եմ այլ՝ հանրային գործունեության մեջ։ Ես վատ նորություն ունեմ Ադրբեջանի իշխանությունների համար»,- ասաց Թաթոյանն ու նշեց, որ եթե «Եվրանեսթի» շրջանակներում Հայաստան եկած ադրբեջանցի պատգամավորները դեռ Հայաստանում են, ապա թող Ադրբեջանին փոխանցեն, որ Արման Թաթոյանը չի դադարեցնում հասարակական գործունեությունը, և «շարունակելու է բացահայտել Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունները»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ՄԻՊ-ը քաղաքական գործունեությամբ զբաղվելու առաջարկ չի՞ ստացել: Պաշտպանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջարկներ եղել են, բայց ինքը դրանք կտրուկ մերժել է:

Հայաստանի օրենսդրությամբ արգելք չկա նույն անձի՝ ՄԻՊ պաշտոնում երկրորդ անգամ ընտրվելու վերաբերյալ: Արման Թաթոյանից հետաքրքրվեցին՝ չնայած իր նկարագրած դժվարություններին՝ եթե երկրորդ անգամ ՄԻՊ պաշտոնը ստանձնելու առաջարկ ստանար, կհամաձայնե՞ր:

«Եթե իմ խնդիրը լիներ վերաառաջադրվելն ու վերընտրվելն, ապա ես կարող էի այնպես աշխատել, որ վերաառաջադրվեի, առավել ևս՝ եղել են ակնկալիքներ, օրինակ՝ իմ հրապարակային գործունեությունը դադարեցնելու, էականորեն պասիվացնելու պայմաններում կարող է այդպիսի շանս ընձեռնվել: Քանի որ իմ խնդիրը չի եղել ամեն գնով առաջադրվելը, այլ իմ խնդիրը եղել է իմ երդմանը համապատասխան իմ առաքելությունն իրակաանցնելը մինչև վերջ, ես իմ աշխատանքն արել եմ, ինչպես պետք է անեի, ու մի վայրկյան անգամ չեմ մտածել դրա մասին: Ավելին եթե ինչ-որ մեկն անհանգստանալու բան ուներ, ապա դրանք այն պաշտոնյաներն էին, որոնք խախտում էին մարդու իրավունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանն անլուրջ վերաբերվելով: Սա ինձ համար եղել է սկզբունք. եթե ինչ-որ բան անում ես, մտադրվել ես, ապա պետք է կատարես քո առաջադրանքը, այլ ոչ թե մտածես հետագայում քո բարեկեցության մասին»,- ասաց Արման Թաթոյանը:

Վերջինս ասաց, որ իր համար նաև սկզբունք է որևէ կիսատ գործ չթողնելը, ու այդ նպատակի համար իրենք այժմ թիմով աշխատում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter