HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիայում ընկերություն է հիմնել, բայց հետո հրաժարվել է գաղափարից

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 2019-ին Ֆրանսիայում ընկերություն էր հիմնել, բայց, ինչպես ասում է, շուտով հրաժարվել է գաղափարից:

2019-ի սեպտեմբերին Լիոնի հարեւան Ռիյո լա Պապ քաղաքում (1 Allée Marcel Pagnol, Rillieux-la-Pape, France) գրանցվել է «AB Invest France» ընկերությունը: Դրա հիմնադիրը, ըստ փաստաթղթերի, Ա. Բաղդասարյանի հայկական «Գավեքս Գրուպ» ՍՊԸ-ն է, բայց վերջնական շահառու սեփականատերը հենց նախկին պաշտոնյան է: Ֆրանսիական ընկերությունն ունի 2 տնօրեն՝ Բաղդասարյանը եւ նրա մտերիմներից Վարուժան Բոլորչյանը, ով ժամանակին եղել է անվտանգության խորհրդի քարտուղար Բաղդասարյանի օգնականը:

Բոլորչյանի անունը կարելի է գտնել Ա. Բաղդասարյանին առնչվող հայկական ընկերություններում, այլ կերպ ասած՝ նրա ներկայությունը որպես տնօրեն «AB Invest France»-ում պատահական չէ:

Ըստ վերջինիս կանոնադրության՝ գործունեության տեսակները մի քանիսն են. ներդրումներ բաժնետիրական կապիտալում եւ բիզնես խորհրդատվություն, հյուրանոցային ծառայություններ, բնակելի տարածքների կառավարում եւ մարքեթինգ, զբոսաշրջիկների ընդունելության հետ կապված գործառնություններ եւ ծառայություններ:

Արթուր Բաղդասարյանը 2000-2019 թթ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, 2002-ին էլ ընտրվել է Եվրոպական համալսարանի (սկզբնապես կոչվում էր Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա) հոգաբարձուների խորհրդի նախագահ ու պաշտոնավարում է մինչեւ հիմա:

Հաշվի առնելով այն, որ Եվրոպական համալսարանի հիմնադիրներից մեկը Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատն է, իսկ ՀՖՀ-ի գործընկերներից են Լիոնի քաղաքապետարանը, ինչպես նաեւ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը՝ Ա. Բաղդասարյանին հարցրել էինք, թե արդյոք նշված կառույցների հետ նրա ղեկավարած համալսարանների գործընկերային հարաբերությունները կապ ունեցել են «AB Invest France»-ը Լիոնի հարեւանությամբ գրանցելու հետ: Հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչն է դրդել նախկին պաշտոնյային ներդրում կատարել Ֆրանսիայում:

«Հաշվի առնելով կրթության ոլորտում ուսանողների, ունկնդիրների, դասախոսների հնարավոր ակտիվացվող փոխայցելությունները դեպի Լիոն՝ այնտեղ նրանց այցերը կազմակերպելու նպատակով որոշում կայացրեցինք հիմնել ընկերություն,- ի պատասխան մեր հարցման՝ նշել է Արթուր Բաղդասարյանն ու հավելել,- հաշվի առնելով Ֆրանսիական համալսարանից իմ դուրս գալու պարագան (ՀՖՀ-ից տեղեկացանք, որ ներկայում դրա հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնակատարը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն է - հեղ.), ինչպես նաեւ անձնական առողջական խնդիրները, որի պատճառով նաեւ հետազոտվում էի Լիոնում, այնտեղ հրաժարվեցինք այս գաղափարից եւ դիմեցինք լուծարման խնդրանքով, եւ զարմանալի է, որ առայսօր այն դեռ չի լուծարվել»:

Տվյալների ֆրանսիական պաշտոնական ռեգիստրներում ինֆորմացիա չկա «AB Invest France»-ի լուծարված լինելու մասին (տես ստորեւ):

Ա. Բաղդասարյանին հարցրել էինք նաեւ, թե ինչու է ընտրել հենց հյուրանոցային ոլորտը, ինչպես որ նշված է ընկերության կանոնադրության մեջ: Հետաքրքրվել էինք, թե ներկայում ինչ գործունեություն է ծավալում «AB Invest France»-ն, ու, ընդհանրապես, ինչով է այն զբաղվել 2019-ի սեպտեմբերից մինչեւ հիմա, քանի աշխատակից ունի, եւ արդյոք Բաղդասարյանը Ֆրանսիայում անշարժ գույք է ձեռք բերել այս ընկերության միջոցով։

«Ընկերությունը չի բացել բանկային հաշիվ եւ չի վարձակալել գրասենյակ, որովհետեւ վերը թվարկված պատճառներով հրաժարվել ենք գաղափարից: Հետեւաբար, ընկերությունն աշխատակիցներ չունի: Ֆրանսիայում ոչ մի տեղ անշարժ գույք չունեմ եւ ոչ էլ անձնական հետաքրքրություններ հյուրանոցային բիզնեսի ոլորտում եւ ոչ մի ներդրում չեմ կատարել, իսկ Լիոնի հետ կապը պայմանավորված է եղել կրթության եւ կրթական փոխանակումների հետ, որը, ինչպես նշեցի, հասկանալի պատճառներով չի իրականացվել»,- պատասխանել է նախկին պաշտոնյան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter