Փաշինյանն ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Վարչապետն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ:
Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, Մարինա Կալյուրանդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և ինքը կշարունակի բարձրաձայնել այդ խնդիրը։ Երկուստեք ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:
Արծարծվել են նաև ՀՀ ժողովրդավարական օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ծանր վիրավորանքի և ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմներին, կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությանը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությանը և այլն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել