HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հայր և որդի դատավորները քննել են Արման Թաթոյանի՝ նույն գործին վերաբերող բողոքները

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը այսօր լրագրողների հետ իր գործունեության տարիների ամփոփիչ ասուլիսի ընթացքում անդրադարձավ  իր կողմից ներկայացված քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդմանն ու դրա ընթացքին:

Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը 2021-ի ապրիլ ամսին է դիմել իրավապահ մարմիններին՝ իր ձևակերպմամբ՝ «որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված» հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու հարցով՝ պահանջելով բռնությունը խրախուսելու և Մարդու իրավունքների պաշտպանին վիրավորելու հատկանիշներով քրեական գործ հարուցել: Սա եղել է ՄԻՊ հաստատության պատմության մեջ առաջին դեպքը, երբ պաշտպանը դիմել է իրավապաներին՝ որևէ մեկի վերաբերյալ քրեական գործ հարուցելու պահանջով:

Հաղորդումը ներկայացնելուց հետո ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված էր.

«Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ վիրավորանք հասցնելու եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ստորագրել եմ ՀՀ դատախազությանն ուղղված հանցագործության վերաբերյալ հաղորդում: Խոսքը վերաբերում է ՀՀ-ում Կառավարություն եւ Ազգային ժողովում կառավարող խմբակցություն ձեւավորած կուսակցության ղեկավար մարմնի անդամի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երկու՝ 226.2-րդ եւ 332.2-րդ հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու մասին: Դատախազություն են ներկայացվել քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքեր:

Դրանից բացի, իրավապահ մարմիններին` Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը եւ Ոստիկանությանն ուղղված հաղորդումներով բարձրացրել եմ այն պաշտոնյաների հարցը, որոնք սոցիալական ցացներում հրապարակումներ են անում, սակայն չեն հեռացնում դրանց ներքո ծավալվող՝ վիրավորանք ու ատելություն պարունակող, բռնությունն արդարացնող, խրախուսող կամ բռնության կոչ պարունակող գրառումները: Հարց եմ բարձրացրել նաեւ այն մասին, թե ինչ վերաբերմունք ունեն իրավապահ մարմիններն այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ` նման պաշտոնյաների արարքները նույնպես պետք է դիտվեն ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության ներքո:

Ցավոք, մեր երկրում կան պաշտոնյաներ, որոնք ձեւախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի վերաբերյալ, չունեն հանրային պատասխանատվություն իրենց զբաղեցրած պետական պաշտոնի նկատմամբ եւ զբաղված են անօրինական արարքներ կատարելով: Խոսքն պաշտոն զբաղեցնող այն անձանց մասին է, որոնք իրենց սոցիալական ցանցերի գրառումներով տարածում են ատելություն, հայհոյում են մարդկանց, հրապարակայնորեն արդարացնում կամ խրախուսում են բռնությունը:

Սոցիալական ցանցերում լարվածությունը հասել է վտանգավոր չափերի՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը:

Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածով միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը մեր հասարակությունում: Սրան էլ ավելանում է այն, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցիալական ցանցերի մեծաքանակ հետեւորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա: Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի: ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում հենց բռնությունը հրապարակային արդարացնելու կամ քարոզելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի նկատմամբ:

Այս հաղորդումներն ուղարկելը նաեւ պայմանավորված է նրանով, որ խոսքը գնում է պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող գրառումների մասին:

Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ` չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտ ավելացնել մեր երկրում: Այս հարցերի նկատմամբ լինելու եմ հետեւողական:

Ուստի, Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը եւ Ոստիկանությանը, յուրաքանչյուրին իր իրավասության սահմաններում ուղղվել են հարցադրումներ՝ հաշվի առնելով քրեական քաղաքականության իրականացման, իրավախախտումների, այդ թվում՝ հանցանքների նախականխման ու կանխման գործում նրանց կարեւոր գործառույթները:

Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն հանրային համերաշխության ու խաղաղության հաստատման համար, իրենք են պարտավոր բացառել բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք կամ ատելություն, առավել եւս այս արատավոր երեւույթների արդարացում կամ խրախուսում»:

ՄԻՊ-ի հաղորդման հիման վրա բռնություն խրախուսելու հոդվածով գործ է հարուցվել, իսկ վիրավորանքի հոդվածով՝ հարուցումը մերժվել: Վիրավորանքի հոդվածով գործ չհարուցելու որոշումը ՄԻՊ-ը բողոքարկել է Գխավոր դատախազին, հետո՝ առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան, հիմա բողոքը Վճռաբեկ դատարանում է:

«Մինչև կհասցնեինք Վճռաբեկ դատարան, մայր գործը կարճվեց, որովհետև այդ մարդը մեկնաբանել էր այլ կերպ: Այստեղ հարց է առաջանում՝ դուք վիրավորանքը քրեականացնում եք, ամբողջ երկրին դնում եք այս ազդեցության տակ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ հատուկ հոդված կա, որը կոչված է պաշտպանելու Մարդու իրավունքերի պաշտպանին, գոնե ձևական քրեական գործ հարուցեն, ասեն՝ լավ, հարուցենք, հետո կկարճենք»,- ասաց Արման Թոթոյանը՝ խոսելով երկակի ստանդարտների գոյության մասին:

Պաշտպանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս կարող է իրավապահ մարմինը նստի ու ինքն իրեն որոշի, որ այս կամ այն արտահայտությունը վիրավորանք չէ:

«Ես բողոքարկել եմ առաջին ատյան, մերժել են, դիմել եմ վերաքննիչ դատարան, մերժել են: Այդ բոլոր դատավորներն ինձ լավ գիտեն: Ես անուններ չեմ հրապարակում, այդպիսի մարդ չեմ, որ հիմա դնեմ, էժան թեմաների մեջ մտնեմ, բայց  ուզում եմ բարձրից ասել այդ դատավորներին՝ դուք՝ բոլորդ ինձ ճանաչում եք, ամո՛թ ձեզ, պարոնա՛յք: Ես բարձրից ասում եմ ձեզ՝ բոլորիդ, ով այդ գործը քննել է: Երկակի ստանդարտներ զարգացնողներ»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա մեկ այլ կարևոր խնդիր նշեց. իր գործով բողոքները հայր և որդի դատավորներ են քննել: Թեև Թաթոյանն անուններ չնշեց՝  պարզ է, որ խոսքը Մհեր և Դավիթ Արղամանյանների մասին է:

Մհեր Արղամանյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Որդին՝ Դավիթ Արղամանյանը, վերջերս ձևավորված մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ միջնորդություններ քննելու համար ձևավորված մասնագիտացված դատարանի դատավոր:

Թաթոյանի խոսքից պարզ է դառնում, որ վիրավորանքի դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ իր բողոքը Վերաքննիչ դատարանում քննել է Մհեր Արղամանյանն ու մերժել, իսկ ահա մայր գործը կարճելու վերաբերյալ բողոքը մակագրվել է որդուն՝ Դավիթ Արղամանյանին: Պաշտպանը հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ են հայր ու որդի նույն մասնագիտացմամբ դատարանի  վերադաս ու ստորադաս ատյաններում աշխատում:

«Վերադաս ու ստորադաս ատյաններում ի՞նչ գործ ունեն հայր ու տղա: Գոնե տանեին սնանկության դատարան»,- ասաց Արման Թաթոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter