HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 1 (առցանց լուսաբանում)

«Հետքը» ողջ օրվա ընթացքում առցանց հետեւում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Փետրվարի 25-ի վաղ առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ կայքում եւ սոցիալական ցանցերի մեր էջերում։

23:59

Ամերիկացի դերասան Շոն Փենը գտնվում է Ուկրաինայում, որտեղ փաստավավերագրական ֆիլմ է նկարահանում ռուսական ներխուժման վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Instagram-ում Փենի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել։

23:51

Hromadske.ua-ն, հղում անելով Ուկրաինայի առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ ռուսական ներխուժման արդյունքում Ուկրաինայում զոհվել է 57 մարդ, ևս 169-ը՝ վիրավորվել։

23:39

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին հավանական է համարել, որ կարող է անհատական պատժամիջոցներ սահմանել Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Բայդենը նաև ասել է, որ ներկայումս չի պլանավորում հանդիպել ՌԴ նախագահի հետ։

23:29

ՌԴ օդատիեզերական ուժերի Ан-26 ինքնաթիռը, տեխնիկայի խափանման պատճառով, կործանվել է Վորոնեժի մարզում։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ինքնաթիռը ռազմական գույք էր տեղափոխում։ Անձնակազմը զոհվել է։ 

23:23

ԱՄՆ ֆինանսերի նախարարությունը հայտնել է, որ պատժամիջոցներ է սահմանել ռուսական 11 իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում Сбербанк-ի և Газпромбанк-ի։

23:19

Ռիգայում հակառազմական ցույցին մասնակցած ՌԴ քաղաքացին ցուցադրաբար այրել է իր անձնագիրը։

23:14

NBC News-ի տվյալներով՝ ամերիկյան հատուկ ծառայությունները նախագահ Ջո Բայդենին զանգվածային կիբերհարձակումների իրականացման մի քանի տարբերակ են առաջարկել, որոնք կարող են խանգարել Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողության անցկացման ժամանակ։

23:12

Բայդենի պնդմամբ՝ Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային միությունը։ Նրա խոսքով՝ ինքը կարդացել է Պուտինի հոդվածը, դիտել ելույթը և հանգել այն եզրակացության, որ Պուտինը նման մտադրություն ունի։ 

23:08

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ագրեսոր» է անվանել։ Նա քննադատել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը և Պուտինին մեղադրել արյունահեղության մեջ։

23:07

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թել Ավիվում Ռուսաստանի հյուպատոսության դիմաց ՌԴ քաղաքացիները այրում են իրենց անձնագրերը։ Ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է մի կին այրում իր անձնագիրը։

23:00

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կսահմանափակեն դոլարով, եվրոյով, ֆունտով և իենով գործարքներ անելու հնարավորությունը։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կմտցնի ВТБ բանկի դեմ և կսահմանափակի Ռուսաստան բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը։ Արտահանման սահմանափակումները կտարածվեն նաև տիեզերական արդյունաբերության վրա։

Ջո Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն չի մասնակցի Ուկրաինայում ռազմական հակամարտությանը։ Այդուհանդերձ, Նահանգները լրացուցիչ զորքեր կուղարկի Գերմանիա։

22:57

Լեհաստանի հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհուրդն արգելել է ռուսական մի քանի հեռուստաընկերությունների, այդ թվում Russia Today-ի հեռարձակումն իր տարածքում։

22:53

Ռազմական փորձագետ։ Ռուսաստանը ձգտում է Կիևում իշխանության փոփոխության

Ռուսական գործողության նպատակը Ուկրաինայի բանակին զգալի վնաս հասցնելն ու Կիևում իշխանության փոփոխությունն է։ Այդ մասին BBC-ի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ ռազմածովային վերլուծության կենտրոնի ռուսական ծրագրերի տնօրեն Մայքլ Քոֆմանը։ 

«Այստեղ, Վաշինգտոնում, դա ոչ մեկին չի զարմացնում։ Համենայն դեպս ազգային անվտանգության փորձագետների շրջանում։ Մենք բոլորս գիտեինք, թե ինչ է կատարվում դեռ երեք ամիս առաջ»,- հավելել է Քոֆմանը։ 

Փորձագետը կարծում է, որ ռուսական բանակը կփորձի շրջափակել որքան հնարավոր է շատ ուկրաինացի զինծառայողների, որպեսզի հասնի շուտափույթ կապիտուլյացիայի։ 

«Հենց հիմա մենք տեսնում ենք զանգվածային թռիչքների և Ուկրաինայի ողջ տարածքում ցամաքային հարձակման. հյուսիսում Բելառուսից, մինչև հարավ՝ Ղրիմ։ Երկրի արևելքում՝ Խարկովի մոտ, ընթանում են կատաղի մարտեր։ Որոշ տեղերում ուկրաինական զորամասերն արագ նահանջել են։ Շատ մեծ քանակությամբ դեսանտ է իջեցվում, այդ թվում օդակայաններում, ընդհուպ մինչև Կիև մատույցներ»,- նշել է Քոֆմանը։

Թվիթերյան իր միկրոբլոգում նաև նաև հրապարակել է Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների պլանը։

22:37

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ «Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը անազնիվ, չսադրված և անընդունելի է և այն կունենա ծանր հետևանքներ»։ 

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ անվտանգության խորհրդի անդամների նկատմամբ, այդ թվում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի նկատմամբ։

22:29

Չեխիայից և Լատվիայից հետո Լիտվան ևս դադարեցրել է ռուսաստանցիներին մուտքի վիզա տրամադրել։ 

«Սա համերաշխության քայլ է Ուկրաինայի ժողովրդին, որը ռազմական ագրեսիայի է ենթարկվել Ռուսաստանի կողմից»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

22:22

ԵԱՀԿ-ը որոշել է տարհանել իր առաքելության բոլոր անդամներին։

22:16

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես մի աղջիկ Մոսկվայի կենտրոնում այրվող խառնուրդով շիշ է նետում։ Baza-ն պնդում է, որ 22-ամյա աղջիկը ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» է նետել։ Նա ձերբակալվել է։

22:11

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը վերահաստատել է ռուսական զորքերի կողմից Չեռնոբիլի ատոմակայանի գրավումը։ 

«Ցավոք, ստիպված եմ հայտնել, որ այս պահի դրությամբ Չեռնոբիլի գոտին և Չեռնոբիլի ատոմակայանի բոլոր օբյեկտները ռուսական զինված խմբավորումների վերահսկողության տակ են վերցվել»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետը։

22:09

Թել Ավիվում, Մադրիդում և Պրահայում բողոքի ցույցեր են ընթանում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեմ։

Новая газета-ն հայտնում է, որ Փարիզի Հանրապետության հրապարակում հավաքվել է ոչ պակաս, քան 15 հազար մարդ։ Ռուսական պարբերականի թղթակցի փոխանցմամբ՝ մարդկային հոսքը շարունակվում է։

22:04

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ազդարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ջախջախիչ փաթեթի» մասին։ ԱՄՆ նախագահը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ բանակցություններ է վարել Մեծ յոթնյակի երկրների հետ, որոնք «համաձայնվել են պատժամիջոցների և տնտեսական այլ միջոցների ջախջախիչ փաթեթի ներդրման մասին, որը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի»։

21:57

Հրապարակվել է Չեռնոբիլի ատոմակայանում ռուսական զրահատեխնիկայի կադրերը։

21:50

Սանկտ Պետերբուրգում բողոքի ցույց է ընթանում ընդդեմ Ուկրաինայում իրականացվող պատերազմական գործողությունների։

21:44

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 24-ի երեկոյան հայտնել է, որ ռուսական զինծառայողները կատարել են մարտական բոլոր առաջադրանքները, որոնք դրվել են անձնակազմի առաջ։ Ռուսական գերատեսչությունը հայտնել է, որ ռուսական ուժերը շարքից հանել են ռազմական ենթակառուցվածքների 83 օբյեկտ, խոցել երկու Су-27 ինքնաթիռ, երկու Су-24 ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ և չորս «Bayraktar TB-2» անօդաչու թռչող հարվածային ապարատ։

Ռուսական զորքերը դուրս են եկել Խերսոն քաղաքի մետ։ «Դա հնարավորություն է տվել ապաշրջափակել Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը և վերականգնել Ղրիմ թերակղզու ջրամատակարարումը»,- հայտարարել են նախարարությունում։

21:40

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի խորհրդական Ալյոնա Շևցովան հայտարարել է, որ չճշտված տվյալներով մարտերի արդյունքում ուկրաինացի զինծառայողները կարողացել են հետ նվաճել Չեռնոբիլի ատոմակայանը։

21:33

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հաստատել է ռուսական ուժերի կողմից «Անտոնով» օդանավակայանի գրավման լուրը, որը գտնվում է Կիևից 25 կիլոմետր հեռավորության վրա։

21:28

CNN-ի թղթակից Ֆրեդերիկ Փլեյթգենը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի Բելգորոդի մարզից, որտեղ երևում է, թե ինչպես են դեսանտի մարտական մեքենաները, ինչպես նաև ռազմական «Ուրալ»-ները և «ԿաՄԱԶ»-ները շարժվում դեպի Ուկրաինա։

21:24

Ռիգայում Ազատության արձանը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով։ 

21:20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «արյունալի ագրեսոր»։ Նա հայտարարել է, որ ռուսական բոլոր խոշոր բանկերը կբախվեն Մեծ Բրիտանիայում ակտիվների սառեցմանը։

21:16

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Բրիտանական պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ВТБ բանկը և Аэрофлот-ը։

Ռուսական գլխավոր ավիափոխադրողին կարգելվի թռիչքներ իրականացնել Մեծ Բրիտանիա, իսկ Ռուսաստանին վաճառվող տեխնոլոգիաների վրա կներդրվի «արտահանման խիստ վերահսկողություն»։

21:13

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել Չեռնոբիլի ատոմակայանը։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ «աշխատակիցները գերեվարվել են»։

21:10

УНИАН-ը հայտնում է, որ Խարկովի մոտ գտնվող ջրամբարի պատվարը, ենթադրաբար, պայթեցվել է։ Տեղացիներին կոչ են անում տարհանվել։

21:02

Վլադիմիր Պուտինը գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը «հարկադրաբար է ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի դեմ»։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանին այլ շանս չեն թողել»։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը մնում է համաշխարհային տնտեսության մաս։

20:54

Bellingcat-ի հետաքննող լրագրող Քրիստո Գրոզևը, հղում անելով Ուկրաինայի իր աղբյուրներին, հայտարարել է, որ Պսկովից Ուկրաինա է մեկնել 18 ԻԼ-76 ինքնաթիռ։

20:37

Մեծ յոթնյակի երկրները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են Ուկրաինա Ռուսաստանը ներխուժումը և հայտարարել Կիևին վճառական աջակցության մասին։

«Մենք դատապարտում ենք Նախագահ Պուտինին՝ եվրոպական անվտանգությանը վերաբերող հարցերի լուծման համար դիվանագիտական գործընթացին մասնակցելուց նրա հետևողական հրաժարվելու համար, չնայած մեր բազմաթիվ առաջարկներին»,- նշվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է CNN-ը։ Մեծ յոթնյակի երկրները Պուտինին մեղադրել են Եվրոպայում պատերազմի համար։ «Նա իրեն դրել է պատմության ոչ այն էջում»։

20:22

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ 19:30-ի դրությամբ մարտերը շարունակվում են Ուկրաինայի հարավ-արևելքում և Կենտրոնական Ուկրաինայում։ Մարտեր են ընթանում Չեռնոբիլի մոտ։ 

Ոչնչացվել է 6 կամուրջ։ Երկու կամուրջը Չերնիգովի, մեկը՝ Կիևի, մեկը՝ Դոնեցկի և երկուսը՝ Խերսոնի մարզերում։

20:12

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնին պնդում է, որ Չերնիգովի մոտ ուկրաինացիներին են հանձնվել մոտոհրաձգային բրիգադի 74 զինծառայողներ։

20:10

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ուժերը փորձում են նվաճել Չեռնոբիլի ատոմակայանը։

19:56

Վլադիմիր Զելենսկին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Դոնբասում ուկրաինացի զինծառայողները «հիանալի են գործում», իսկ ամենաբարդ իրավիճակը Խերսոնի մարզի հարավում է։

19:53

Կիևից հետո պարետային ժամ է հայտարարվել նաև Չերկասիի մարզում և Դնեպրում։

19:41

Խերսոնի մարզի հարավային հատվածն այլևս չի գտնվում ուկրաինական վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնել է Խերսոնի մարզային վարչակազմը։ Իշխանությունների տվյալներով՝ Գենիչեսկի շրջանում պետական բոլոր կառույցները գտնվում են ռուսական ուժայինների վերահսկողության տակ։

19:35

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «հակապուտինյան կոալիցիայի» ստեղծումը քննարկել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

19:11

Կիևում հայտարարվել է պարետային ժամ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ պարետային ժամը կգործի երեկոյան 22:00-ից առավոտյան 07:00-ն։ Ըստ քաղաքապետի՝ սա պարտադրված քայլ է, որն անհրաժեշտ է բնակչության անվտանգության համար։

19:01

CNN-ի տվյալներով՝ ռուսական օդադեսանտային զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել «Անտոնով» օդանավակայանը, որը գտնվում է Կիևից 40 կիլոմետր հեռավորության վրա։

18:46

Լրատվամիջոցների տվյալներով՝ ռուսական զորքերը Բելառուսի տարածքից մտել են Չերնոբիլի ատոմակայանին հարող տարածք։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ մարտերն ընթանում են ատոմակայանին բավականին մոտ։

18:30

Լատվիան Չեխիայից հետո երկրորդ երկիրն է, որը դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին վիզայի տրամադրումը։ Լատվիան նաև խորհրդակցությունների նպատակով Ռուսաստանից հետ է կանչել իր դեսպանին։

18:09

Մարիա Զախարովան Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների մասին։

«Սա պատերազմի սկիզբ չէ, դա առաջինը։ Դա շատ կարևոր է։ Մեր ձգտումն է կանխարգելել իրադարձությունների զարգացումը, որոնք կարող էին վերածվել գլոբալ պատերազմի։ Եվ երկրորդը, սա պատերազմի ավարտ է։ Իսկ պատերազմ, ով չգիտի, վարվում է 8 տարի»,- հայտարարել է Զախարովան։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի Արևմուտքի նոր պատժամիջոցներին։

 

17:39

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Խարկով քաղաքի ռմբակոծման մասին։ Մարդիկ թաքնվում են մետրոյում։

17:02

Լվովում հայտարարվել է օդային տագնապ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Կիևից այնտեղ էին տեղափոխվել արտասահմանյան մի շարք երկրների դեսպանություններ։

16:39

Չեխիան դադարեցրել է ռուսաստանցիներին վիզայի տրամադրումը։

16:18

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարում ռազմական գործողությունը, որը ՌԴ ԶՈւ-ն սկսել է Ուկրաինայի դեմ։

«Այս հարձակումը, բացի Մինսկի համաձայնությունների խախտումից, նաև միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և լուրջ սպառնալիք մեր տարածաշրջանի և ողջ աշխարհի անվտանգության համար։ <...> Թուրքիան դեմ է զենքի կիրառմամբ սահմանների փոփոխությանը։ Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը անմիջապես դադարեցնել այդ անարդար և հակաիրավական գործողությունը։ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշվում է հայտարարության մեջ։

16:09

Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռն ընկել է Կիևի մարզում։ Կա 5 զոհ։

16:07

«Այս ներխուժման համար հիմքեր չկան։ Սա Պուտինի պատերազմն է։ Ես կոչ եմ անում նախագահ Պուտինին վերջ դնել արյունահեղությանը և ամբողջությամբ դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից»,- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց։

15:55

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։

«Մի քանի օր առաջ ես ասացի, որ ռուսները խելքները հետ չեն տվել և չեն հարձակվի Ուկրաինայի վրա։ Ես խոստովանում եմ, որ ճիշտ չէի։ Անհրաժեշտ է մեկուսացնել խելագարին և նրանից պաշտպանվել ոչ միայն խոսքերով, այլև կոնկրետ գործողություններով»։

Վերջին տարիներին Զեմանը հանդես էր գալիս Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման օգտին։ Նախկինում նա քննադատում էր Արևմուտքի գործողությունները Ռուսաստանի նկատմամբ։

15:50

Ռուսական հրթիռներից մեկն ընկել է Օդեսայի պահեստներից մեկի վրա։

15:47

Օդեսայի մարզի իշխանությունները հայտնել են, որ Լիպեցկոյե գյուղի զորամասի վրա հարվածների հետեւանքով զոհվել է 18 մարդ՝ 8 տղամարդ և 10 կին։ Եվս 6-ը հոսպիտալացվել են։

Զոհերի թվում է փրկարարներից մեկը, որն աշխատում էր Լիպեցկոյում։

15:33

Ռուսական խոցված զրահատեխնիկան Խարկովի մատույցներում։

15:32

Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի առցանց գագաթնաժողովը կկայանա փետրվարի 25-ին։

15:30

Ռուսական ուղղաթիռները Կիևի մարզի Գոստոմել գյուղի վրա։ Հարևանությամբ ռազմական օդակայան կա։

15:28

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ ռուսական տեխնիկան Կիևի մարզում ճեղքման է անցել։

15:23

Մեծ յոթնյակի երկրները հայտարարել են Ուկրաինայի հարցով հրատապ գագաթնաժողով անցկացնելու մասին։

15:16

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի հարցով ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Ներկայացնում ենք դրա հիմնական մտքերը։

  • Որևէ մեկը չի խոսում Ուկրաինայի բռնազավթման մասին։
  • Գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է։
  • Լավագույն տարբերակում Ուկրաինան պետք է «ազատագրել, մաքրել նացիստներից»։
  • Հարցումների համաձայն՝ ռուսաստանցիները գործողությանն աջակցում են ոչ պակաս, քան ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչները։
  • Իրավիճակից կախված՝ Պուտինը կորոշի գործողության ավարտի ժամկետները։
  • Ուկրաինայի հետագա ապագան իր ժողովրդի ընտրության հարցն է։

15:12

Ուկրաինական կողմը հայտնում է ռուսաստանցի զինծառայողների գերեվարման մասին։

15:09

Մուտքը Կիև փակվել է։ Քաղաքը հնարավոր է ազատորեն լքել։

15:04

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարում են Կիևի մարզում ռուսական Ка-52 ուղղաթիռի խոցման մասին։

15:00

ՆԱՏՕ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ.

  • «Հարձակումը հանդիսանում է միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում և ամբողջությամբ հակասում Հելսինկիի եզրափակիչ ակտով, Փարիզի խարտիայով, Բուդապեշտի հուշագրով և Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտով Ռուսաստանի պարտականություններին»։
  • «Մենք Ռուսաստանին կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել իր ողջ ուժերը Ուկրաինայի տարածքից, ամբողջությամբ հետևել միջազգային մարդասիրական իրավունքին և տրամադրել անվտանգ և անխոչընդոտ հումանիտար հասանելիություն և օգնություն բոլոր կարիքավորներին»։
  • «Ռուսաստանի իշխանությունները պետք է կրեն ողջ պատասխանատվությունն իրենց գործողությունների հետևանքների համար։ Ռուսաստանը կհատուցի շատ բարձր տնտեսական և քաղաքական գին»։
  • «Ռուսաստանի գործողությունները լուրջ սպառնալիք են եվրատլանտյան անվտանգության համար և կունենան աշխարհառազմավարական հետևանքներ։ ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները բոլոր դաշնակիցների անվտանգության և պաշտպանության ապահովման համար»։

14:55

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է Ռուսաստան բնակչության տարհանման դադարեցման մասին։

14:50

Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել համընդհանուր զորահավաքի մասին օրենսդրական նախագիծը։

14:48

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են ռուսական ռազմական յոթերորդ ինքնաթիռի խոցման մասին։

14:47

Բելգիան Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար դադարեցրել է վիզաների ժամկետները։

14:44

Բելառուսը քաղաքացիական ինքնաթիռների համար մասամբ փակում է իր օդային տարածքը։

14:41

Ուկրաինան փակել է Բելառուսի հետ ցամաքային սահմանը։

14:37

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հրավիրում է ՆԱՏՕ-ի հրատապ գագաթնաժողով՝ Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված։ Նա նաև հայտարարել է, որ ուղերձով կդիմի Մեծ Բրիտանիայի բնակիչներին։

«Սա աղետ է մեր մայրցամաքի համար։ Ես կդիմեմ ժողովրդին այսօր առավոտյան Ուկրաինա ռուսական ներխուժմամբ պայմանավորված։ Բացի այդ, ես պատրաստվում եմ խոսել Մեծ յոթնյակի առաջնորդների հետ և կոչ անում ամենասեղմ ժամկետներում անցկացնել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների անհապաղ հանդիպում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բորիս Ջոնսոնը։

14:33

Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ այս պահի դրությամբ տեղեկատվություն կա ավելի քան 40 զոհված զինծառայողների և մի քանի տասնյակ վիրավորների մասին։

14:31

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Մինսկում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններ։ Ընդ որում՝ նա նշել է, որ, իր տվյալներով, Ռուսաստանը կհամաձայնվի այդպիսի բանակցությունների միայն այն դեպքում, երբ պատրաստ կլինեն կոնկրետ որոշումների նախագծեր։

«Այո, դրանք Ուկրաինայի նկատմամբ առավել խիստ կլինեն։ Այսօր էլ ի՞նչ կերպ, եթե դու պարտություն ես կրում։ Իհարկե, հաղթողը քեզ ինչ-որ բան կթելադրի։ Բայց եկեք իրատես լինենք. իհարկե, ինչ-որ բան կթելադրի, բայց դա ավելի լավ կլինի, քան Ուկրաինան պարտություն կրի պատերազմում»,- նրա խոսքերը մեջբերել է БелТА գործակալությունը։

Զիջումների շարքում, Լուկաշենկոյի կարծիքով, կլինի Ուկրաինայի ապառազմականացումը, երաշխիքներ, որ նա չի անդամակցի ՆԱՏՕ-ին և Դոնբասում մարտերի դադարեցումը։

14:22

Վլադիմիր Զելենսկու ճեպազրույցն ամբողջությամբ, որտեղ նա հայտարարում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։

14:19

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել նոր ուղերձով։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ ուկրաինական զորքերը ծանր մարտեր են վարում՝ «Դոնբասում և արևելքում, հյուսիսում և հարավում գտնվող մյուս շրջաններում հետ շպրտելով հարձակումները»։ 

«Թշնամին լուրջ կորուստներ ունի»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ «կորուստներն էլ ավելի մեծ կլինեն»։

14:17

Ուկրաինայի ԱԻՆ-ը հայտնում է, որ Խարկովի մարզի Չուգուև քաղաքում բնակելի շենքի գնդակոծման հետեւանքով զոհվել է մեկ երեխա։ 

14:14

Ուկրաինան խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Իր ուղերձում Վլադիմիր Զելենսկին կոչ արեց ռուսաստանցիներին դեմ հանդես գալ պատերազմին։

13:27

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ այս տեսանյութում երևում է, թե ինչպես է ուկրաինական բանակը խոցում ՌԴ ԶՈւ ինքնաթիռը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԳՇ-ն պնդում է խոցված վեց ինքնաթիռների մասին, իսկ ռուսական կողմը չի հաստատում և որևէ մեկը։

13:24

Հրապարակվել են Կրիվոյ Ռոգում տանկային բրիգադի պահեստների հրթիռակոծման կադրերը։

13:16

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը քննադատել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան և հայտարարել, որ կազմակերպությունը մտադիր է արձագանքել իրավիճակին։ Այդ մասին հայտարարություն է տարածել այդ կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Ես վճռականորեն դատապարտում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված հարձակումը, որը Եվրոպայի խորհրդի կանոնադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի աղաղակող խախտում է։ Սա Եվրոպայի և այն ամենի, ինչի օգտին հանդես է գալիս, մութ ժամանակաշրջան է։»

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ՌԴ իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ դիվանագիտական ճանապարհին՝ ողջ մայրցամանքի համար կործանիչ հետևանքներից խուսափելու համար։

«Քաղաքացիական բնակչության կյանքի պաշտպանությունը պետք է լինի գերակա խնդիր։ Իմ բոլոր մտքերը Ուկրաինայի, նրա ժողովրդի և նրա իշխանությունների հետ են»,- եզրափակել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։

13:12

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը բոլոր նրանց, որոնք «պատրաստ են և կարող են զենք բռնել», կոչ է արել զինվորագրվել Ուկրաինայի ԶՈւ տարածքային պաշտպանության ուժերի շարքերին։ 

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն էլ նշել է, որ «այսօր զենք կբաժանվի բոլոր վետերաններին և կամավորներին»։

13:09

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից կրակ է արձակվել Կուրսկի մարզի սահմանային անցակետերից մեկի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Ռուսական կողմը պատասխան կրակ է արձակել։

13:02

Լիտվայում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։

12:54

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների վերաբերյալ։

«Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի որոշումը պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանը անմիջապես պետք է դադարեցնի ռազմական գործողությունները»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ելիսեյան պալատի ղեկավարը։

12:49

Եվրոպայի օդային տարածքն այս պահին ունի այս տեսքը։

12:44

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Մոլդովան պատրաստ է Ուկրաինայից ընդունել մի քանի հազար փախստականների։

12:39

Ապաստարան Կիևում։

12:34

Միևնույն ժամանակ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ բելառուսական սահմանից հարձակվում է ավիացիան և տեխնիկան, որոնք առանց տարբերակիչ նշանների են։

12:26

Ալեքսանդր Լուկաշենկոն ներխուժման ժամանակ բելառուսական զորքերի կիրառման մասին.

«Ահա ես կարդացի. «Առավոտյան 5-ի մոտ Ուկրաինայի պետական սահմանը, Ռուսաստանի և Բելառուսի սահմանակից հատվածում, ենթարկվել է ռուսական զորքերի կողմից հարձակման, որոնց աջակցում է Բելառուսը»։ Ստո՜ր սրիկաներ։ Մեր զորքերը որևէ մասնակցություն չեն ունենում այդ գործողությանը»։

12:19

Ուկրաինայի ազգային բանկն արգելել է հաշիվներից արտասահմանյան արտարժույթի հանումը։ Օրական ուկրաինական արժույթի հանումը սահմանափակվել է 100 000 գրիվնա (3450 դոլար)։

Անկանխիկ վճարումները չեն սահմանափակվում։

12:05

ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել, որտեղ հերքել է Ուկրաինայի քաղաքների վրա հարվածները։ 

«Գերճշգրիտ զենքով շարքից հանվում են միայն ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդակայանները, Ուկրաինայի ԶՈւ ավիացիան»,- նշվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

12:02

Ուկրաինայի ԱԻՆ-ը հայտարարել է, որ գնդակոծվել է Կիևի մարզը։ Հրապարակվել են նաև լուսանկարներ։

12:00

Ուկրաինական իշխանությունների կողմից զոհերի վերաբերյալ առաջին պաշտոնական տեղեկատվությունը.

  • Օդեսայի մարզում գնդակոծության հետեւանքով զոհվել է 6 մարդ, ևս 7-ը՝ վիրավորվել։ 19 մարդ էլ անհետ կորած է։
  • Մարիուպոլում զոհվել է մեկ մարդ, ևս 2-ը՝ վիրավորվել։

Ճշտվում են Խարկովի արվարձանի ուղղությամբ հարվածի հետեւանքով զոհերի և վիրավորների թվերը։

11:57

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել է Դոնբասում հարձակման իրենց նպատակների մասին։ «Խնդիրը Դոնեցկի մարզի վարչական սահմաններն են։ Որովհետև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններն այն մարզերի վարչական սահմաններում են, որտեղ եղել են մինչև 2014 թվականը»։

11:44

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության կողմից Սչաստյե քաղաքի գրավումը կեղծ է։

«Ուկրաինայի զինված ուժերն ու ոստիկանության Լուգանսկ-1 գումարտակը պահում են պաշտպանությունը։ Պայթեցվել է Սևերսկի Դոնեց գետի վրայով անցնող կամուրջը, որպեսզի թշնամական տանկերը որևէ տեղ չանցնեն»,- հայտնել է Գերաշենկոն։

11:40

Անտոն Գերաշենկոն հրապարակել է Խարկովի հրթիռակոծված արվարձաններից մեկի տեսանյութը։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է։

11:38

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել նոր հայտարարությամբ։ Նա երկրի բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել և «անել անհրաժեշտ ամեն ինչ զինված ուժերին օգնելու համար»։

«Մեզ պետք է ձեր աջակցությունը։ Դուք հզոր ուժ եք։ Դուք մեզ հիմա շատ եք պետք»,- իր ուղերձում Զելենսկին դիմել է արտասահմանում գտնվող ուկրաինացիներին։

Նա հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել համաշխարհային առաջնորդների հետ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և պայմանավորվել են ստեղծել «հակապուտինյան կոալիցիա»։

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ժամ ուղերձով կդիմի ուկրաինացիներին։

11:32

Ազովի ծովում դադարեցվել է նավագնացությունը։

11:29

Telegram-ի ռուսական հատվածում տեսանյութեր են տարածվում, որ ռուսական զորքերը գտնվում են Խարկով քաղաքի մոտ։

11:25

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ ռուսական զորքերը Չերնիգովի, Խարկովի և Լուգանսկի մարզերում հատում են ուկրաինական սահմանը։

11:21

Լվովից հրապարակված տեսանյութում լսվում են տագնապի ազդանշանների ձայները։

11:19

Լատվիայի իշխանությունները արգելեցին «Россия 1» և «Россия 24» հեռուստաընկերությունների հեռարձակումը։

11:17

Դանիան փակում է Կիևում իր դեսպանությունը, փոխանցում է «Դանիական ռադիո»-ն։

11:11

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը հայտարարում է իբր խոցված ուկրաինական երկու Су-24 ինքնաթիռների մասին։

11:02

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտնում է, որ մեկ մարդ զոհվել, ևս մեկը վիրավորվել է Կիևի մարզի Բրովարի քաղաքի գնդակոծման հետեւանքով։

10:58

The Insider-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ լքում Կիևը։

10:55

Կիևի լցակայաններում ձևավորվել են մեծ հերթեր, հայտնում է Интерфакс-ը։ Խանութներից մարդիկ գնում են ջրի, հատիկավորների, կարագի և այլ անհրաժեշտ պարագաների պաշարներ։ Ռուսական պարբերականի փոխանցմամբ՝ Կիևում այս պահին խուճապ չկա։

10:52

РБК-ն հրապարակել է Խերսոնի օդակայանի հրդեհի կադրերը։

10:49

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել է Ղրիմի կողմից ռուսական ռազմական տեխնիկայի շարժման մասին։

10:41

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը հայտարարել է Լուգանսկի մարզում Սչաստյե քաղաքի և Լուգանսկայա ստանիցայի գրավման մասին, որոնք գտնվում էին Ուկրաինայի վերահսկողության տակ։

10:35

Ռուսաստանի ՊՆ-ն թարմացրել է Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Այսպես, ըստ ռուսական կողմի, Ուկրաինայի ՀՕՊ միջոցները ճնշվել են, Ուկրաինայի ԶՈւ ավիաբազաների ռազմական ենթակառուցվածքները դուրս են բերվել շարքից, իսկ ուկրաինական սահմանապահները որևէ դիմադրություն ցույց չեն տալիս ռուսական ստորաբաժանումներին։

10:33

Խարկովի և Կիևի մետրոներում կազմակերպվել է անվճար մուտք, որպեսզի մարդիկ կարողանան թաքնվել։ Խարկովի մետրոյում տեղադրվել են ջրի սարքեր։ Կայարաններն օգտագործվում են որպես ռմբապաստարաններ։

10:28

Գերագույն ռադան Ուկրաինայում հայտարարել է ռազմական դրություն։

10:23

Համացանցում հայտնվել են Լուցկ քաղաքի հրթիռակոծման կադրերը։

10:19

Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ արկի պոչը ռուսական զորքերի կողմից Խարկովի հրթիռակոծումից հետո։

10:16

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձել է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջինս չի արձագանքել։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտնել է Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր ես հեռախոսազրույց նախաձեռնեցի ՌԴ նախագահի հետ: Արդյունքը՝ լռություն: Թեև լռությունը պետք է Դոնբասում լիներ»,-հայտարարել է Զելենսկին:

10:13

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է խոցված ռուսական ինքնաթիռի մասին ուկրաինական կողմի պնդումները։

10:10

Կիևի մոտ ձևավորվել են խցանումներ։ Ռուսական կողմի պնդմամբ՝ քաղաքացիները փորձում են լքել Կիևը։

10:06

CNN-ը բելառուսա-ուկրաինական սահմանից տեսանյութ է ցույց է տվել։  Ինչպես պնդում է հեռուստաընկերությունը, այնտեղ երևում են տանկեր, որոնք մտնում են Ուկրաինայի տարածք։

10:03

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Դոնբասում մարտական գործողությունների գոտում խոցվել է 5 ինքնաթիռ և ուղղաթիռ։ 

10:00

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը հայտարարել է «բռնազավթված տարածքների ազատագրման» գործողության մեկնարկի մասին։

Ուկրաինայի ԱԻՆ-ն էլ հայտնել է, որ կորցրել է վերահսկողությունը առաջին երկու բնակավայրերի նկատմամբ՝ Մելովոյե և Գորոդիշե գյուղերի։

09:54

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրապարակել է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն։ Նա հայտնել է, որ խոսել է Վլադիմիր Զելենսկու հետ։ 

«Ես ցնցված եմ Ուկրաինայում սարսափելի իրադարձություններով և հետագա քայլերի մասին խոսել եմ նախագահ Զելենսկու հետ։ Նախագահ Պուտինը ընտրել է արյունահեղության և կործանումների ճանապարհը՝ սկսելով ոչնչով չսադրված հարձակում Ուկրաինայի վրա։ Մեծ Բրիտանիան և մեր դաշնակիցները կտան վճռական պատասխան»,- գրել է Ջոնսոնը։

09:50

Ուկրաինական ռազմական հրամանատարությունը հայտնել է ռուսական խոցված ինքնաթիռի մասին։ 

09:47

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի առավոտ հինգի մոտ ռուսական զորքերը, Բելառուսի աջակցությամբ, հարձակվել են Ուկրաինայի տարածքն այն շրջանների ուղղությամբ, որոնք սահմանակից են երեք երկրներին։

09:42

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ որևէ հրթիռային, ավիացիոն կամ հրետային հարվածներ չի հասցնում Ուկրաինայի քաղաքներ։ Այդ մասին РИА Новости-ն հայտնել են գերատեսչությունից։ 

Ռուսական զինծառայողները վստահեցնում են, որ ներկայումս խոցման ճշգրիտ միջոցներով շարքից հանվում են ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդակայաններն ու ուկրաինական բանակի ավիացիան։

Ռուսական կողմի պնդմամբ՝ Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։

09:26

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում «հատուկ ռազմական օպերացիայի» մեկնարկի մասին։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի պլաններում Ուկրաինայի օկուպացիա չկա։ Ընդ որում, նա ուկրաինական բանակի զինծառայողներից պահանջել է ցած դնել զենքերը։ 

Պուտինը նաև հայտարարել է, որ «հնարավոր արյունահեղության» պատասխանատվությունը կմնա ուկրաինական իշխանությունների վրա։

Փաստացի Դոնբասում ընթանում են ակտիվ մարտական գործողություններ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ։ Այդ մասին հայտարարել է ԱԱՊԽ քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ Պարբերականի տվյալներով՝ Զելենսկին պատրաստվում է երկրում ռազմական դրություն հայտարարել։   

Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո հաղորդագրություններ են հայտնվել ուկրաինական բազմաթիվ քաղաքներում պայթյունների մասին։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտնել է, որ փետրվարի 24-ի առավոտյան Կիևում, Խարկովում և Դնեպրում հրթիռային հարվածներ են հասցվել ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռուսաստանի զորքերը Խարկովում հատել են Ուկրաինայի սահմանը, իսկ ռուսական դեսանտն իջեցվել է Մարիուպոլ և Օդեսա քաղաքներում։

Իլյուստրացիան՝ The Financial Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter