HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փրկության կղզի

«Դու փորձիր հասկանալ, փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց.... բարին երբեք չի վերջանում: Եթե վերջանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա»:

                                                                                               Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» ստեղծագործությունը «հույսի գրականության» լավագույն գործերից մեկն է համարվում: Սա պատմություն է Օ. Քեյ բայ դը Սի ծովափնյա փոքրիկ քաղաքի մարդկանց ու նրանց երազանքների մասին: Առանցքային հերոսը Հարրին է, քաղաքի միակ վարսավիրը, որ փորձում է իր խորհուրդներով ու գործողությամբ, մարդկանց մեջ վառ պահել հույսը: Եվ այդ ամենի հիմքում ընկած է բարությունը: Օ. Քեյ բայն դը Սիում աշխատանք չկա: Կա ծով, որ երբեմն-երբեմն ինչ-որ իրեր է շպրտում ափ, մարդիկ գտնում են, վաճառում ու պահում իրենց գլուխը: Քլեյ անունով 12-ամյա տղեկի համար ծովը տնից հեռացած հորը վերադարձնելու միակ միջոցն է: Քլեյի հայրը՝ Քլարկ Լարրաբին հեռացել է տնից պատին գրելով՝ «հերի՛ք է»: Քլարկն ամաչում է, որ չի կարողանում գումար վաստակել եւ պահել ընտանիքը, որտեղ 4 երեխա է մեծանում:

Քաղաք եկած նորեկ ուսուցչուհին՝ Վիվիեն Մըք Քեչիընը փորձում է ինտեգրվել տեղացիների շրջանում՝ սանրվածքը փոխելու միջոցով: Նա նաեւ համոզված է, որ չի կարելի մարդկանց կերակրել սին հույսերով, պետք է անպայման ասել ճշմարտությունը, որքան էլ որ այն դառը լինի: Օրինակ՝ ինչու ստել Քլեյին, թե իր գտած ոստրեում մեծ մարգարիտ կա, եւ կարելի  է վաճառել 300 դոլարով: Միսս Մըք Քեչիընի համոզմամբ՝ միլիոնից միայն մեկ ոստրեում կա մարգարիտ, եւ չնչին է հավանականությունը, որ Քլեյի գտածը հենց այդ միլիոներորդն է: Սակայն վարսավիր Հարրին համաձայն չէ ուսուցչուհու հետ: Քլեյը հավատում է ոստրեում մարգարտի գոյությանը, այն պետք է ընդամենը վաճառել: Տղան վստահ է, որ եթե տանը գումար հայտնվի, հայրը հետ կգա ու չի ամաչի, որ չի կարողանում ընտանիքը պահել: Օ. Քեյ բայ դը Սիում ապրելու եւ չլքելու համար հույս է պետք:

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» ստեղծագործության պիեսի իր տարբերակը, որ կոչվում է «Փրկության կղզին», առաջին անգամ բեմադրել է 2014թ.-ին, Համազգային թատրոնի բեմում: Աճեմյանցիների ուժերով «Փրկության կղզին» գյումրեցիների դատին էր հանձնվել 2021թ.-ի սեպտեմբերին: «Արցախյան պատերազմից հետո մի շրջան էր սկսվել, որ մարդիկ գնալով ավելի էին հուսահատվում: Դրական, հույս բերող մի բան էր պետք, որ հանդիսատեսը լցվեր լավատեսությամբ: Աշխարհը հիմա էլ է կանգնած պատերազմի շեմին, լիարժեք խաղաղություն չկա, բայց չպետք է նաեւ հույսը կորցնել, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու,-նկատում է Նիկոլայ Ծատուրյանը,- ներկայացումը բարության մասին է, միմյանց ձեռք մեկնելու, հուսադրելու, օգնելու: Սա շատ է պակասում մեզ: Ինձ ահավոր տխրեցնում է ռոբոտացումը, որ իր հետ բերում է քաղաքակրթություն կոչվածը: Ամբողջ օրը սմարթֆոնների մեջ են մարդիկ, հատկապես՝ երիտասարդները: Վիրտուալ կյանքը սկսել է իշխել ամեն ինչի վրա՝ զգացմունքների դաշտը, միմյանց հասկանալու, ձեռք մեկնելու մարդկային կարեւոր հատկանիշները հետ են մղվել: Սարոյանական այս պատումը լավագույնս է ցույց տալիս, թե ինչ ենք կորցրել, ու ինչպես կարելի է այն վերականգնել»:

 

Պիեսի ծատուրյանական տարբերակում մեկ ամբողջական հատված վերցված է Վիլյամ Սարոյանի «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքից: Այստեղ նույնպես իրադարձությունները տեղի են ունենում վարսավիրանոցում, որտեղ գրողն իր մազերի հարդարանքը վստահում է Թեոդոր Բադալ անունով մի երիտասարդի, որ սկզբում կարծում է, թե հայ է: «Ներկայացման իմ տարբերակում Հարրի Վան Դյուսենը փոխարինվել է ասորի Էլիա Բադալով: Ես շատ եմ սիրում Վ. Սարոյանի «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքը եւ հատկապես այն երկխոսությունը, որ ներառել եմ ներկայացման մեջ՝ արծարծելով նաեւ ազգի ինքնության պահպանման թեման,- բացատրում է Նիկոլայ Ծատուրյանը,- մենք էլ ենք հին՝ ինչպես ասորիները, ինչպես բյուզանդացիք, ինչպես հին հռոմեացիները: Իսկ ու՞ր են հիմա նրանք: Ճիշտ եք, չկան, պատմության գիրկն են անցել, իսկ ո՞վ է ասել, որ մի օր էլ մենք չեն վերանա: Պետք է խելքներս գլուխներս հավաքենք ու ավելի բարությամբ, վստահությամբ լցվենք միմյանց նկատմամբ»:

-Մեր տանը հայրս էր միայն ասորերերն խոսում, բայց նա արդեն չկա: Ու մենք էլ իբրեւ ցեղ արդեն չկանք: Մեր հաշիվը փակված է: Գիտե՞ք, թե քանի ասորի է մնացել աշխարհի երեսին,- դիմում է Բադալն անծանոթ տղամարդուն:

-Երեւի մի երկու-երեք միլիո՞ն...

-Յոթանասուն հազար...ընդամենը յոթանասուն հազար ասորի երբեմնի մեծ ու հզոր ժողովրդից:

-Իմ ազգն էլ հին պատմություն ունի: Մենք էլ աշխարհով մեկ ենք եղած,- հոգոց է հանում տղամարդը

-Պարզ է...դուք էլ եք կորցրել ձեր երկիրը,- եզրակացնում է Բադալը:

-Չէ, մենք երկիր ունեցող ժողովուրդ ենք,- տղամարդը տխրում է:- Մենք պարզապես միամիտ բաների հետեւից ընկանք՝ համերաշխություն, խաղաղ կյանք, սեր, ընտանիք: Մարտատենչ ու զավթող չեղանք, դիվանագիտության ճամփան չբռնեցինք, մեր թշնամին էլ օգտվեց դրանից ու.... Առանձին-առանձին վերցրած՝ ես սիրում եմ մարդկանց, նույնիսկ թշնամիներին, որովհետեւ հաստատ համոզված եմ՝ մարդն ընդունակ չէ գազանության, գազան է դառնում ամբոխը: Իմ թշնամանքն ամբոխին է ուղղված:

Պիեսը արդիական է, քանի որ գաղափարական առումով հույսը բոլոր ժամանակներում վառ պահել նշանակում է կյանքը սիրել ու շարունակել ապրել: Ներկայացման ռեժիսորը համարում է, որ այն պետք է դիտեն բոլոր սոցիալական շերտերի տարբեր տարիքի մարդիկ: Քա՞նի հոգի է պատրաստ հանուն դիմացինի երջանկության, առանց ասվածի իսկությունը ստուգելու, գնել որեւէ իր ու դա անել ոչ ողորմություն տալու ձեւաչափով: Քա՞նի հոգի է պատրաստ իր բարեգործությամբ չվիրավորելու դիմացինի արժանապատվությունը: Օգնել՝ առանց ամեն տեղ գոռալու ու գովազդվելու: Նաեւ այս մասին է «Փրկության կղզին» ներկայացումը: 

Ծովափին գտած ոստրեի անհայտ պարունակությունը 300 դոլարով գնած տղամարդը, որ Հոլիվուդ էր շտապում եւ ակամայից է ներկա գտնվում տեղի ունեցողին, «հրաշք» է գործում՝ պահպանում է Քլեյի վստահությունը: Չէ որ տղան հավատում էր, թե ոստրեում մեծ մարգարիտ կա: Վարսավիր Բադալն ինքն էլ ուղիներ էր փնտրում օգնելու Լարրաբիներին. մեկ՝ թերթում տպված հայտարարությունը Քլարկի ձեռքը խոթելով, մեկ՝ փորձելով ժամագործ Ուոզեքի ունեցած մարգարիտի օգնությամբ Քլեյի երազանքն իրականացնել: Եվ միայն երիտասարդ ուսուցչուհի Վիվիեն Մըք Քեչիընն է, որ հավաքում է ճամպրուկը՝ Սան Ֆրանցիսկո մեկնելու համար:

«Փրկության կղզին» պետք է յուրաքանչյուրի գլխում լինի նախ եւ առաջ»,- փաստում են պիեսի հերոսները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter