
«Թիվ 19 ընտրատարածքում ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկել ընտրակաշառքի բաժանումը կանխելու համար»
Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում հաղթող է ճանաչվել ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը (Գեներալ Սեյրան): Նրա մրցակից, նախկին պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը (մականունը՝ Ճոյտ) «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Սեդրակ Սարոյանի հաղթանակը չի ընդունում, որովհետեւ ընտրություններից մեկ օր առաջ` մայիսի 5-ին, ոստիկանությունում հայտարարություն է տվել բաժանվող ընտրակաշառքի մասին` մատնանշելով կոնկրետ անուններ, գումարների չափը, տեղը, եղանակը եւ վերցնողների անունները: Սակայն հայտարարությունից հետո այդպես էլ ոստիկանությունը կոնկրետ գործողություններ չի իրականացրել:
«Ընտրության օրն էլ անմիջապես տեղամասերի մոտ մեքենաների մեջ նստած բաժանել են: Անձնագրերը եղել են մեքենաների մեջ: Ժողովուրդը, որ գնում էր ընտրության, իրանց մոտ անձնագիր չկար: Մարդիկ մոտենում էին ավտոմեքենաներին, իրենց անունն ասում էին, տալիս էին նրանց անձնագիրը, նոր գնում էին ընտրության: Այդ փաստերն ամբողջությամբ ունենք, ամբողջը նկարահանված է»,- ասում է Հակոբ Հակոբյանը:
Պատգամավորության թեկնածուի ասելով` բաժանված ընտրակաշառքի չափը 10 հազար դրամ է եղել:
Ըստ նրան` այն տեղամասերում, որտեղ իր կողմնակիցներն են եղել, անձնագրերում դրոշմակնիքը դրվել է այլ թանակքով, որն ավելի ուշ է ջնջվել, իսկ այն տեղամասերում, որտեղ պետք է մարդիկ կրկնակի քվեարկեին, դրվել է շուտ ջնջվող դրոշմակնիք:
Հակոբ Հակոբյանն ասաց, որ ընտրությունների արդյունքները դատական կարգով չի վիճարկելու, քանի որ, նրա բնորոշմամբ, մենք դատական համակարգ չունենք: «Դա հրահանգավորված էր ավելի բարձր տեղից` վերեւից: Դա պարզ երեւաց, որովհետեւ այնքան բացահայտ էր արվում, որ բոլորն էլ տեսան այդ ամեն ինչը: Դա կարող է վկայել մոտ 10 հազար մարդ: Չեմ կարծում, որ դա միայն մեր մոտ է եղել, շատ տեղերում է եղել, համատարած է եղել»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը:
Նա այսօր առավոտյան գնացել է եկեղեցի եւ մոմ է վառել, որ Աստված հասնի մեր ժողովրդին, որովհետեւ նրանք սոցիալապես ծանր վիճակում են եղել եւ ընտրակաշառք վերցնելով հացի խնդիր են լուծել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել