HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

50 մլն դրամի վարչական ակտն անվավեր է ճանաչվել. ՊԵԿ-ը քաղաքացու լսված լինելու իրավունքն ապահովելու փաստը չի հիմնավորել

Քաղաքացի Վաչագան Սարուխանյանը պնդում է, որ Պետական եկամուտների կոմիտեն իրեն 50 մլն դրամ տուգանել է՝ առանց լսված լինելու իրավունքն ապահովելու: Վարչական դատարանները Սարուխանյանի պնդումն արժանահավատ են դիտարկել: Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը հայցադիմումը բավարարել է ու 50 մլն դրամի վարչական ակտն անվավեր ճանաչել, սակայն ՊԵԿ-ը  դատական ակտը բողոքարկել է Վարչական վերաքննիչ դատարան: Օրեր առաջ Վարչական վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ Վաչագան Սարուխանյանը և վերջինիս  ներկայացուցիչ Գևորգ Սլոյանը Վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով և գործի քննության ժամանակ, ըստ էության, հայտնել են հետևյալը.

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության անունից հանդես եկող պաշտոնատար անձինք 27.08.2018 թվականին կազմել են արձանագրություն, որով Սարուխանյանին վերագրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մասին որոշակի հանգամանքներ։

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Հովհաննիսյանի 27.08.2018 թվականանի ծանուցագրով՝ Վաչագան Սարուխանյանը ծանուցվել է 2018 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը` 15։00-ին ներկայանալ՝ վարչական վարույթով լսումներին մասնակցելու մասին»։

Վաչագան Սարուխանյանը ներկայացել է, սակայն վարչական վարույթով գործի լսումներ տեղի չեն ունեցել։ Օրեր անց՝ սեպտեմբերի  25-ին, ՊԵԿ  իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանը կայացրել է «Հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման առաջադրման վերաբերյալ  վարչական ակտ:

Այսինքն՝ ըստ Հայցվոր կողմի՝ Սարուխանյանը ոչ իրավաչափ կերպով զրկվել է իր նկատմամբ հարկային պարտավորություններ առաջադրելուն ուղղված վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողությունների միջոցով վարչական մարմնի վերջնական որոշման վրա ազդելու հնարավորությունից։

Վկայակոչելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան, ՀՀ օրենսդրության մի շարք դրույթներ, 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածը՝ հայցվոր կողմը պնդել է, որ, որպես պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտ ընդունելը, լսել նրան՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

Վարչական վարույթի մասնակիցների` ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջինները հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը։ Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման և դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ` հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա, իսկ այդ հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի, ի գիտություն ընդունի և գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները։

Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռնված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար։ Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն` ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է։

Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ երբ Սարուխանյանը ներկայացրել է ծանուցված վարչական վարույթով ակնկալվող, սակայն չկայացած նիստին, նրան ասել են՝ դուք գնացեք, մի հատ մեյլ թողեք, մենք Ձեզ կուղարկենք, ավելին` ասել են, որ նիստը ձևական բան է: Ըստ էության՝ հայցվորի էլեկտրոնային փոստի հասցեն ուզել են, որ հետագայում որոշումն ուղարկեն։

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները, Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով և գործի քննության ժամանակ, հայտնել է, որ Վաչագան Սարուխանյանը  սահմանված օրը և ժամին ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, սակայն որևէ առարկության և/կամ բացատրություն նրա կողմից չի ներկայացվել, և նման պայմաններում 25.09.2018 թվականին կազմվել էվարչական ակտը, որով Վաչագան Սարուխանյանին առաջադրվել է 54.365.000 դրամի պարտավորություն։

Այսինքն՝ պատասխանող կողմը պնդել է, որ Սարուխանյանը ներկայացել է վարչական վարույթն իրականացնող մարմին, ծանոթացել է վարչական վարույթի նյութերին, ուստի ունեցել է լսված լինելու իրական հնարավորություն։

«Վերջիվերջո անձի լսված լինելու իրավունքը կայանում է նրանում, որ վարչական վարույթի մասնակիցը հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը կայացվելիք վարչական ակտի վերաբերյալ։

Սույն վարչական վարույթի շրջանակներում Վաչագան Սարուխանյանը, ներկայանալով վարչական մարմին, տեղեկացել է կազմված արձանագրության մասին, համապատասխան պաշտոնատար անձի հետ ունեցել է քննարկումներ և ունեցել է իրական հնարավորություն արտահայտելու իր դիրքորոշումը։

Միևնույն ժամանակ սույն գործով ներկայացված հայցադիմումի շրջանակներում որևէ կերպ չեն վիճարկվում վարչական ակտով առաջադրված պարտավորությունները, այլ պարզապես մատնանշվում է վարչական ակտի ընդունմանն ուղղված ընթացակարգը, ինչն ըստ էության, չի կարող հիմք հանդիսանալ վարչական ակտի անվավերության համար։

Նման պարագայում, ընթացակարգային և ձևական պահանջների չպահպանումը, որը չի հանգեցրել կայացվող վարչական ակտում սխալ տվյալների արձանագրման, չի կարող դիտարկվել, որպես էական խախտում և հիմք հանդիսանալ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար»,- հայցադիմումի պատասխանում նշել է ՊԵԿ-ը:

Նշենք, որ գործում առկա չէ վարչական լսումների վերաբեյալ արձանագրություն: Հայցվոր կողմը նշում է, որ լսումներ անցկացնելու դեպքում պետք է կազմվեր համապատասխան արձանագրություն: Պատասխանող կողմը պնդում է, որ  լսումների վերաբերյալ արձանագրություն կազմելը չի մտնում վարչական մարմնի պարտականության մեջ, ուստի լսումների վերաբերյալ արձանագրություն չի կազմվել։ Ըստ պատասխանողի՝ միայն այն հանգամանքը, որ բառացիորեն չի հայտնվել, որ տեղի ունեցածը վարչական լսում է, դեռևս չի փաստում այն հանգամանքի մասին, որ լսված լինելու իրավունքը պահպանված չի եղել, քանի որ Հայցվորը, ներկայացած լինելով վարչական մարմնին, հնարավորություն է ունեցել իր դիրքորոշումը հայտնելու թե՛ աշխատակցուհուն, թե՛ իրավաբանական վարչության պետի տեղակալին։ Պատասխանողի մեկնաբանմամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ պարտավորությունների առկայության փաստը հայցվոր կողմը չի վիճարկում, լսված լինելու իրավունքը չի կարող վարչական ակտի անվավերության հիմք հանդիսանալ, իսկ եթե առարկություններ եղել են, ապա դրանք վարչական մարմնին ներկայացնելու ժամանակ կարող էին և՛ բանավոր հայտնվել, և՛ գրավոր տեսքով տրամադրվել։

Առաջին ատյանի դատարանը, կողմերին լսելով, որոշել է Վաչագան Սարուխանյանի հայցը բավարարել և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Վաչագան Սարուխանյանի բռնագանձել 4.000 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 150.000 դրամ` որպես ներկայացուցչին վճարված և վճարվելիք գումարի փոխհատուցում։ Վարչական վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Կարինե Բաղդասարյանի, կազմով՝ դատավորներ Կարեն Ավետիսյանի և Արման Թովմասյանի, որոշել է անփոփոխ թողնել Վարչական դատարանի կայացրած վճիռը:

Մեկնաբանություններ (1)

Արթուր Այվազյան
Դատարանը միանշանակ ճիշտ է, եթե վարչական ակտը ընդունվել սահմանված կարգի խախտումներով, այդպիսի ակտը ենթակա է անվավեր ճանաչման` անկախ դրա բովանդակության հետ կապված առարկություններ ներկայացնելուն։ Վարչարարության կանոների սահմանման առաջնային նպատակն է բացառել կամայականությունները պետական մարմնի կողմից և պեկ ի պատճառաբանությունները թե ձևական կողմի չպահպանելը չի կարող հանգեցնել անվավերության, դա բացարձակ իրավաբական անգրագիտություն է, պատկերացրեք առանց դատարանի կամ քննիչի որոշման մարդ ձեռբակալեն կամ կալանավորեն անկախ հանցագործության ծանրությունից նույն պահին բաց կթողնեն։ Միաժամանակ նշեմ որ խախտումը հայտնաբերած օհվ աշխատակիցները գործել են օրենքի շրջանակներում, իսկ իրավաբանական վարչության փնթի և ոչ կոմպետենտ աշխատանքի արդյուքում նման խոշոր վարչական ակտը ճանաչվել է անվավեր, պետք է կարգապահական վարույթ հարուցել վարչության պետի և կատարողի նկատմամբ և ընդհանրապես ինչ ապօրինություն որ հիմա գործում է պեկ իրավական ոլորտում չի եղել երբեք, առանց վարչական ակտ կազմելու ինչ որ մասնագետի հաշվարկի հիման վրա քրեական գործեր են հարուցվում տարբեր հոդվածներով` հարկ վճարողին զրկելով բողոքարկելու առաջադրվող պարտավորոյթյան հիմքերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter