HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայանտառն» ընդդեմ Խաչատրյանների. ՊՈԱԿ-ը պահանջում է լուծել անտառի վարձակալության պայմանագրերը և հատուցել վնասը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը դատի է տվել Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի կնոջը` Լաուրա Եփրեմյանին: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահանջում է վաղաժամկետ լուծել անտառային հողերի վարձակալության պայմանագիրը, որը կնքել են 2010թ. ապրիլի 8-ին:

Այդ պայմանագրով Լաուրա Եփրեմյանին 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածք՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով:

«Հայանտառ»-ը դատարանին հայտնել է, որ վարձակալը՝ իր նախաձեռնությամբ, առանց որևէ թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել է կառուցապատման աշխատանքներ, որով «Հայանտառին» հասցրել է վնասներ:

Հիշեցնենք` նշված տարածքը մաս էր կազմում Խաչատրյանների առանձնատան շրջակայքի և պարսպապատվել էր: Իսկ վարձակալած շուրջ 10 հա-ի դիմաց վարձակալ Եփրեմյանը տարիների շարունակ վճարել է տարեկան 471 հազար դրամ:

Անտառների վարձակալների հետաքննության մեջ մանրամասնորեն անդրադարձել էինք Խաչատրյանների տարածքներին, որոնք պարսպապատված էին: Իսկ այն տարածքները, որտեղ, Խաչատրյանների պնդմամբ, իրենք ծառեր էին տնկել, մեզ այդպես էլ թույլ չէին տվել մուտք գործել` չնայած մեզ ուղեկցում էր անձամբ անտառտնտեսության ղեկավարը:

«Հայանտառ»-ը հայցադիմումին կից ներկայացրել է փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն: ՊՈԱԿ-ը հայտնել է, որ հանդիսանալով անտառների և անտառային հողերի տիրապետման և օգտագործման իրավասություն ունեցող մարմին՝ օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ իրավասու չէ իրականացնելու փորձաքննություն հողը ոչ նպատակային օգտագործման արդյունքում առաջացած նյութական վնասի հաշվարկման մասով: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ փորձաքննությունը՝ համապատասխան իրավասու մասնագետի կողմից, մասնագիտացված աշխատանք է ենթադրում, ինչպես նաև պետք է կատարվի համապատասխան գիտելիքներ, մասնագիտական որակավորում, փորձ և լիցենզիա ունեցող անձի կամ հիմնարկի կողմից, գործի արդարացի, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովման նպատակով  ՊՈԱԿ-ն անհրաժեշտ է համարել դիմել փորձաքննություն իրականացնող համապատասխան լիցենզիա և որակավորում ունեցող անձի կամ հիմնարկի:

Դատարանը բավարարել է միջնորդությունը: Նշանակել է հաշվապահական փորձաքննություն, որի պարզաբանմանն առաջադրել է հետևյալ հարցերը`
- որքա՞ն է կազմում դրամային արտահայտությամբ պայմանագրային խախտման` կառուցապատման ձևով, շահագործման հետևանքով վարձակալական գումարի տարբերություն` ամսվա հաշվարկով,
- որքա՞ն է կազմում նշված հողերը ոչ նպատակային նշանակությամբ և պայմանագրային խախտման եղանակով օգտագործման հետևանքով պատճառված վնասների չափը:

Փորձաքննության կատարումը դատարանը հանձնարարել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Դատավոր Զարուհի Նախշքարյանը 2021թ. նոյեմբերի 11-ին գործի վարույթը կասեցրել է մինչև նշված փորձաքննության արդյունքների պատրաստ լինելը:

Սա դեռ ամենը չէ: Խաչատրյաններն իրենց առանձնատան հարակից մեկ այլ հատված էլ վարձակալել էին «Լուչե վերդե» ՍՊԸ-ի միջոցով: Այս ընկերության հիմնադիրն ու տնօրենը Արմեն Նազարյանն է, որը Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին է և ներգրավված է նրա ընտանիքին պատկանող մի շարք այլ բիզնեսներում, մասնավորապես՝ «Մեգակոնցեռն» ՍՊԸ-ում, «Յուքոմ» ՍՊԸ-ում, «Մարի Թամրազյան» ՍՊԸ-ում և մի քանի այլ ընկերություններում։

«Լուչե վերդե» ՍՊԸ-ն 7,9 հա անտառ է վարձակալել, որի դիմաց սահմանվել է տարեկան 395 հազար դրամ վարձավճար։

«Հայանտառը» դատի է տվել նաև այս ընկերությանը և պահանջում է լուծել անտառային հողերի վարձակալության պայմանագիրը անտառխախտման հետևանքով և հատուցել պատճառված վնասը: Այս գործն էլ քննում է դատավոր Սիմա Իսկանդարյանը, և առայժմ մեկ նախնական նիստ է կայացել:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Կարեն Գյուլումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՊՈԱԿ-ը շուրջ 50 վարձակալի է դատի տվել նմանատիպ հայցերով, որոնք այս շրջանում ընթացքի մեջ են, իսկ կայացված դատական ակտ դեռևս չկա: 

Ինչ վերաբերում է փորձաքննությանը, ապա այն ընթացքի մեջ է, ՊՈԱԿ-ից հավելյալ փաստաթղթեր են պահանջել, սակայն եզրակացությունը դեռ պատրաստ չէ: 

Կարդացեք նաև`

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter