Բնակարանամուտ՝ 15 ընտանիքի համար
Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասում նախօրեին տեղի է ունեցել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շրջանակներում կառուցված 15 ընտանիքների նորակառույց տների բնակարանամուտը և տնօրհնեքը:
Այս եռակողմ համագործակցությունը սկսվել է դեռ 2009 թ-ին`«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սթիվ Լազարյանի նախաձեռնությամբ համակարգելով վագոն տնակներում բնակվող ընտանիքներին աջակցելու ցանկությունը: Ս. Լազարյանն անձամբ երկրորդ տարին է՝ մասնակցում է ծրագրի բնակարանների տնօրհնեքին:
Անցած երկու տարիների ընթացքում 33 ընտանիքներ ապահովվել էին նոր բնակարաններով և նրանց թիվն այժմ համալրվեց ևս 15-ով: Ընտանիքները հանդիսանում են բնակարանների լիիրավ տերերը, ստանձնում են անտոկոս փոխառությունը միայն տան իրական արժեքի 25%-ի չափով՝ 13 տարվա մարման ժամկետով: Մնացած 75%-ը տրվում է անհատույց:
Բնակարանները կառուցվել են նոր տեխնոլոգիայով, որի համար օգտագործվել են փրփրապլաստե բլոկներ և տեղական շինանյութեր: Շինությունն էկոլոգիապես մաքուր է, համեմատաբար մատչելի, ջերմակայուն և սեյսմակայուն:
Շինարարական աշխատանքները սկսվել են 2010 թվականին: Ընտրված ընտանիքների և տեղական կամավորների հետ իրենց մասնակցությունն են բերել միջազգային կամավորների խմբեր ԱՄՆ-ից, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության երիտասարդական խմբեր Եվրոպայից և Կանադայից:
Այս տոնախմբությանը միացել է նաև երկու շաբաթով ԱՄՆ-ից ժամանած կամավորների 9 հոգանոց խումբ, որի խմբի ղեկավար Սինտիա Էրիքսոնը, ազգությամբ հայ, մասնակցել է 2009 թվականի նույն ծրագրի տների կառուցմանը:
«Մենք կառուցել ենք այս տները և համայնքային կենտրոնը մեր ժողովրդի, մեր հայրերի և մեր երեխաների համար, որ մարդիկ այստեղ ապրեն սիրով և հարգանքով»- ասել է Սթեն Լազարյանը, Սթիվ Լազարյանի որդին և «ԱՌԴԱ»-ի խորհրդի անդամը:
«Ավելի քան 200 մարդ այս ծրագրի շնորհիվ կտրվեցին ավելի քան երկու տասնամյակ տևած «դոմիկային» ապրելակերպի միապաղաղ ու անառողջ իրավիճակից: Սա չնչին ցուցանիշ է, երբ խոսվում է մի քանի տասնյակ հազարավոր ընտանիքների կարիքի մասին: Բայց ամեն խնդիր հաղթահարելի է, երբ կա ոգևորություն, կամք և ցանկություն»- ասել է Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի Խորհրդի նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Միայն Վանաձոր քաղաքում ավելի քան 1000 գրանցված և չգրանցված ընտանիքներ շարունակում են ապրել մետաղյա տնակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել