HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորների նկատմամբ ճնշումների բացառման օրակարգով ժողովին շատ դատավորներ չէին եկել. քվորում չապահովվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում այսօր հրավիրվել էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, որը անցկացնելու միջնորդությամբ հանդես էր եկել 93 դատավոր: 

«Մտահոգված լինելով դատավորների նկատմամբ իրենց գործունեության հետ կապված իրականացվող հետապնդումներով, որոշակի հանրային հնչեղություն ունեցող գործերով կայացված որոշումների կապակցությամբ դատավորներին թիրախավորելու ձևավորված գործելաոճով, ինչի դրսևորում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի ընդունման պահից մինչ այս պահը փաստացի չկիրառված հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մաս) ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, իրական վտանգ զգալով դատական իշխանության և դատավորների անկախության համար, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասով՝ միջնորդում ենք հրատապ կազմակերպել դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, նշանակել ժողովի օրը և օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը, դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը»,- ասված էր Վճռաբեկ դատարանի նախագահին ուղղված նամակում:

Այսօր, սակայն,  պարզվեց, որ դատավորների մեծ մասը զբաղված էր,  այնքան էլ մտահոգված չէ դատավորների նկատմամբ ճնշումներով կամ, գուցե,  այնքան ճնշված է, որ ժողովին չի ներկայացել: Նշենք, որ մինչև ժողովի մեկնարկն արդեն իսկ շշուկներ էին տարածվում, որ նիստի քվորում չի լինելու և ժողովը տապալվելու է: 

 

Արման Հովհաննիսյան. «Պետք է պայքարենք ու օրենքով սահմանված  հնարավոր բոլոր  ընթացակարգերով պաշտպանենք դատական համակարգը»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը մինչև նիստին ներկայանալը լրագրողների հետ զրույցում դիրքորոշում հայտնեց, որ յուրաքանչուր անձ, ով դատական իշխանության մաս է կազմում և ունի ողջամտություն, պետք է ժողովին ներկա գտնվի: Դատավորը կարծում է, որ չկա գոնե մեկ դատավոր, ով այսօր գոնե ինքն իր ներսում չի գիտակցում, թե դատական համակարգի առջև ինչպիսի խնդիրներ կան, ինչ վտանգաներ են առկա համակարգի նկատմամբ:

«Այսինքն՝ փորձում են դատական համակարգի անկախությունը սահմանափակել, հնարավոր ճնշումներ գործադրել:

«Եթե անձինք չեն ներկայանում և իրենց նեղ անձնական շահերով են ղեկավարվում, ես չգիտեմ՝ դրան ինչ գնահատական տալ»,- ասաց Արման Հովհաննիսյանը: Վերջինս շեշտեց. Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը հբամակարգի համար ձևավորված ժողով է, ժողով, որի օրակարգում պետք է լինի այն հարցը, թե իրենք՝ դատավորներն ինչպե՞ս պետք է պաշտպանեն իրենց, ինչպիսի  լուծումներ տան իրենց առջև ծառացած խնդիրներին: Ահա թե ինչու, Արման Հովհաննիսյանը կարծում է, որ  բոլոր դատավորները պետք է գային ու ներկա գտնվեին ժողովին:

Լրագրողի դիտարկմանը՝ գուցե Ձեր շատ գործընկերներ  չեն ներկայանում, քանի որ մտավախություն ունեն արժանանալ  այն դատավորների ճակատագրին, որոնց նկատմամբ կարգապահական ու քրեական վարույթուներ են հարուցվում: Արման Հովհաննիսյանը նշեց, որ նման մտավախություններ կարող են լինել, բայց կարգապահական վարույթներից որևէ մեկն ապահովագրված չէ:

Հարցին՝ ում դեմ եք պայքարում, եթե դատավորների վերաբերյալ քաղաքական հրահանգ կա տրված, դատավոր Հովհաննիսյանը արձագանքեց՝ չպայքարե՞նք:

«Մենք կարծում ենք, որ  պետք է պայքարենք ու օրենքով սահմանված  հնարավոր բոլոր  ընթացակարգերով պաշտպանենք դատական համակարգը, ոչ թե մեկ անձին՝ այս կամ այն դատավորին, այլ համակարգը»,- ասաց Արման Հովհաննիսյանը:

Օրեր առաջ  Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ Հայաստանում կոպիտ հաշվարներով՝ 40 կոռումպացված դատավոր կա՝ անուններ չնշելով: Արման Հովհաննիսյանը կարծում է, որ այդպիսով փորձում են հեղինակազրկել դատական համակարգը:

Դատավորը համոզված է. Եթե դատավորները համախմբված լինել ու վեր կանգնեն անձնական շահերից, դատական համակարգին վտանգ չի սպառնա:

 

Ալեքսանդր Ազարյան. «Անձը պետք է ճնշվող լինի, որ ճնշումն ազդի նրա վրա»

 Ժողովի մեկնարկի ժամից քիչ անց դատավորները սկսեցին դուրս գալ դատարանի վարչական շենքից: Դատավոր Ալեքսանդր Ազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քվորում չի եղել: Նշենք, որ նիստին ներկայացել էր 80-ից ավելի դատավոր, որը բավական չէ՝ նիստը անցկացնելու համար: Լրագրողները  հետաքրքրվեցին՝ գուցե դատավորների նկատմամբ ճնշում է եղել:

«Անձը պետք է ճնշվող լինի, որ ճնշումն ազդի նրա վրա»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:  Ամեն դեպքում Ազարյանն, ով նաև դատավորների միության նախագահն է, որևէ ահազանգ չի ստացել, որ դատավորների նկատմամբ այսօրվա ժողովին չմասնակցելու համար ճնշում է գործադրվել:

 

Դավիթ Հարությունյան. «ԲԴԽ-ում դատավորի թեկնածուին հարցրել են՝ արդյոք ժողով հրավիրելու 93 դատավորներից մեկը դու ես»

Դատավոր Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար սպասելի էր, որ քվորում չի լինի:

«Եթե ԲԴԽ-ում դատավորի թեկնածուին հարցնում են՝ արդյոք ժողով հրավիրելու 93 դատավորներից մեկը դու ես, արդյոք քո կամքով ես ստորագրել կամ ինչո՞ւ  ես ստորագրել, դա հարցնում են պաշտոնական հարցազրույցի ժամանակ,  ապա ենթադրվում է, որ նաև սպասելի էր»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Վերջինս չնշեց, թե խոսքը որ դատավորի մասին է, ասաց՝ թույլտվություն չունի այդ անձից:

Լրագրողներին արձանագրեցին, որ, փաստորեն  դատավորների նկատմամբ  ճնշում է գործադրվել ու ժողովը տապալել ստացվեց: 

«Ժողովը գումարվել էր, որ տապալվեր  դատավորների նկատմամբ ճնշումը»,- ասաց Դավիթ Հարությունյանը: 

Վերջինս հայտնեց, որ ժողովին ինքը պետք է զեկույցով հանդես գար ու շնորհակալություն հայտնեց բոլոր այն դատավորներին, որոնք ներկայացել էին: Դատավորը նաև նշեց, որ կան դատավորներ, որոնք օբյեկտիվ պատճառով չեն  ներկայացել:

«Ես հակված եմ մտածել, որ բոլոր դատավորներն էլ իրենց իրավունքների համար մտահոգված են և իրավունքների  ապահովման պայքարը տարբեր եղանակներով են տեսնում»,- ասաց Դավթի Հարությունյանը:

 

Արշակ Վարդանյան. «Պաշտոնատար անձինք ոչ թե բարձրանում, այլ ցածրացնում են  դատական  իշխանության հեղինակությունը»

Դատավոր  Արշակ Վարդանյանը նշեց, որ օրակարգում այնպիսի հարցեր էին դրված, որ բոլոր դատավորները պետք է գային ժողովին:  Ավելին, դատավորը հղում կատարելով  «Դատական օրենսգիրք սահմանադրական  օրենքին» նշեց, որ դատավորների վրա ուղղակի պարտավորություն է դրված մասնակցել  «Դատավորների ընդհանուր ժողովի» նիստերին, իսկ թե ինչու չեն եկել, այ դա է հետաքրքիր: Ուրբաթ օրով այդ ի՞նչ անհապաղ նիստեր էին»,- ասաց Արշակ Վարդանյանը:

Անդրադառնալով Կարեն Անդրեասյանի հայտարարությանը՝ 40 կոռումպացված դատավորների առկայության վերաբերյալ՝ Արշակ Վարդանյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում դատական իշխանության հեղինակությունը բարձրացնելու փոխարեն ավելի շատ պաշտոնատար անձինք իրենց գործողություններով ցածրացնում են այդ հեղինակությունը, մինչդեռ նախքան դատավորներից վարքագծի կանոնների պահպանում պահանջելն իրենք պետք է առաջնորդվեն «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջներին:

Դատավորը չգիտի՝ ինքը իշխանությունների համար անցանկալի դատավորների «սև ցուցակում է, թե ոչ, ասում է՝ ժամանակը ցույց կտա:

Թե դատավորների հաջորդ արտահերթ ընդհանուր ժողովը երբ տեղի կունենա, այս պահին դեռևս հայտնի չէ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter