
Ստեփան Սաֆարյանը հաջողություն է մաղթում Ռուբեն Հայրապետյանին
Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու համար պայքարում էին 3 հոգի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը (մականունը՝ Նեմեց Ռուբո), «Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը եւ անկուսակցական, ազատ լրագրող Գայանե Առուստամյանը: ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով՝ հաղթող է ճանաչվել Ռուբեն Հայրապետյանը:
«Ես շատ շնորհակալ եմ ինձ ձայն տված բոլոր քաղաքացիներին, եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր նախընտրել են այլ թեկնածուի, որը ընտրությունների արդյունքում, ըստ էության, դարձել է թիվ 1 ընտրատարածքի պատգամավորը: Ուղղակի հաջողություն եմ մաղթում իրեն եւ իր ընտրողներին, եւ նրանց բոլորին»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ս. Սաֆարյանը:
Հավատո՞ւմ եք, որ ժողովուրդը վստահեց Ռուբեն Հայրապետյանին:
«Ես չեմ կարող այս ընտրությունները համարել լավ ընտրություններ, աննախադեպ ընտրություններ: Ես չեմ կարող լավ ընտրություն համարել մի ընտրություն, երբ լավ գիտեմ կիրակի օրվա դինամիկան եւ, հավանաբար, աննախադեպն այն է, որ վաղ առավոտյան քնած Երեւան քաղաքը լցվի տեղամասեր: Գիտեք, երբ ժամը 8:00-ի դրությամբ 35 ընտրատեղամասերում իմ ներկայացուցիչներն ուղղակի աղաղակեն, որ անպատկերացնելի հոսք է, կուտակումներ են, այսպիսի ակտիվություն վաղ առավոտյան չի եղել երբեք (ես 1996թ. մասնակցել եմ ընտրությունների՝ որպես հանձնաժողովի անդամ): Թե ինչ է թաքնված դրա տակ, ես կարծում եմ՝ դեռ հետեւություններ, վերլուծություն կարող ենք անել, բայց, համենայնդեպս, ինձ համար դա ավելին է, քան տարօրինակ»,- արձագանքեց Ստյոպա Սաֆարյանը:
Մեկնաբանել