HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայանտառը» հանքարդյունաբերողից պահանջում է հատուցել անտառային հողերին հասցված վնասը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը դատի է տվել Սարի թաղի գիպսատար կավերի և բազալտների Արևելյան տեղամասում արդյունահանում իրականացրած «Ստոնման» ՍՊԸ-ին: ՊՈԱԿ-ը պահանջում է հողի նպատակային նշանակությունը չպահպանելու հիմքով անտառային հողերի վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծել և հատուցել վնասը:

Երևան քաղաքի Էրեբունի համայնքի տարածքում` Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ ընդերքօգտագործում իրականացնելու համար «Ստոնման» ՍՊԸ-ն դեռևս 2012 թվականին ստացել է իրավունք: Տարածքում, սակայն, անտառային հողեր են եղել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բալանսում:

2010թ.-ի մարտին «Ստոնման» ՍՊԸ-ն այստեղ 4 հա անտառային տարածք է վարձակալել 25 տարի ժամկետով, երկու առանձին, բայց իրար կողքի տարածքներ՝ 3,5 և 0,5 հա չափերով` գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակով:  Չնայած պայմանագրով ամրագրված գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակին` «Ստոնման» ՍՊԸ-ն անտառային  հողում հանքաքար է արդյունահանել՝ չփոփոխելով դրա կատեգորիան։

ՊՈԱԿ-ը 2017թ. նոյեմբերի 13-ին գրությամբ դիմել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին՝ հայտնելով, որ «Ստոնման» ՍՊԸ տնօրեն Ա. Ղարիբյանը դիմել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` կնքված վարձակալության պայմանագրերում փոփոխություն կատարելու խնդրանքով:

Նշված դիմումին պատասխան չստանալով` ՊՈԱԿ-ը 2018թ. հունվարին կրկին դիմել է գյուղատնտեսության նախարարություն՝ նույն հարցով: Գյուղատնտեսության նախարարի տեղակալը պատասխանել է, որ փաթեթի ամբողջացման նպատակով առկա են պակաս փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ է ներկայացնել:

ՊՈԱԿ-ը 2018թ. փետրվարի գրությամբ նորից դիմել է գյուղատնտեսության նախարարություն՝ ներկայացնելով անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթեր: Մարտին գյուղնանարարից կրկին պատասխան են ստացել, գրությանը հնարավոր կլինի ընթացք տալ լրացուցիչ այլ իրավահաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:
Զուգահեռաբար, 2018 թվականին, Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել և արձանագրել, որ վերը նշված պայմանագրերով վարձակալությամբ հանձնված տարածքները օգտագործվում են ոչ նպատակային և հողատարածքներում չեն իրականացվում պայմանագրով նախատեսված աշխատանքները: Հաշվեքննիչի ստուգման արձանագրության հիմքով ՊՈԱԿ-ի կողմից ևս իրականացվել է վարձակալությամբ տրամադրված տարածքների ստուգում և արձանագրվել է ոչ նպատակային օգտագործման փաստը:

«Հողի ոչ նպատակային օգտագործման հետևանքով ՊՈԱԿ-ին պատճառվել է վնասներ:

Նշված դիմումից հետո գրավոր և բանավոր քննարկումներ են եղել կողմերի միջև, պատասխանողը բանավոր պատրաստականություն է հայտնել փոխհատուցելու հայցվորին պատճառված վնասները:
Սակայն, հայցվորը՝ հանդիսանալով անտառների և անտառային հողերի տիրապետման և օգտագործման իրավասություն ունեցող մարմին, ՀՀ օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ իրավասու չէ իրականացնելու փորձաքննություն՝ հողը ոչ նպատակային օգտագործման արդյունքում առաջացած նյութական վնասի հաշվարկման մասով, միաժամանակ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ արտադատական կարգով հողի ոչ նպատակային նշանակությամբ օգտագործման վերաբերյալ առաջացած վեճը լուծելու հնարավորություն»,- այսպիսի պատճառաբանությամբ «Հայանտառը» հիմնավորել է հայցադիմումը:

«Ստոնմանի» ներկայացուցիչ Լիանա Բրսոյանն երեկ կայացած նիստում հայցվորի ներկայացուցիչ Կարեն Գյուլումյանից հետաքրքրվեց, թե արդյոք ծանուցել են ընկերությանը խախտման մասին, երբ պարզել են, որ նպատակային չի օգտագործվել անտառային հողը: Գյուլումյանը պատասխանեց, որ գրավոր ծանուցում չի եղել, սական բանավոր այդ մասին հայտնել են ընկերությանը:

Փաստբան Բրսոյանը նաև հետաքրքրվեց, թե վարձակալության պայմանագրերի կնքումից առաջ ինչ վիճակում է գտնվել տարածքը:

Կարեն Գյուլումյանը պատասխանեց, որ կա մասնաճյուղի կողմից տեղազննման ակտ` թվագրված 2018թ. փետրվարի 22-ով, կա նաև 2010 թվականի եզրակացություն, որտեղ, սակայն, կոնկրետ նկարագրված չէ, թե տարածքն ինչ վիճակում է եղել:

«Հայանտառը» հայցադիմումին կից ներկայացրել է նաև փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն, որպեսզի հաշվարկվի «Հայանտառ»-ին պատճառված վնասի չափը:  Երեկ կայացած նիստին դատարանում անդրադարձ եղավ նաև դրան:  

Ընկերության ներկայացուցիչը, սակայն, առարկեց միջնորդությանը` նշելով, որ դա հատուկ գիտելիքներ պահանջող հարց չէ, և եթե կա սահմանված վճար հանքարդյունաբերություն իրականացնելու համար, ապա դժվար չէ նաև հաշվարկել պայմանագրում նշված նպատակային նշանակության օգտագործման և հանքարդյունաբերության տարբերությունը:

Կարեն Գյուլումյանը հստակեցրեց, որ կառավարությամբ սահմանված գումարի չափ չկա հատուկ հանքարդյունաբերության համար:

«Ուրեմն ինչ վնասի մասին է խոսքը»,-հակադարձեց Բրսոյանը:

Իր հերթին նիստը նախագահող դատավոր Սարգիս Երիցյանը հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունումում չկար մի լիազոր մարմին, որին հայցվորը դիմեր և պարզեր վնասի չափը:

«Չկա՞ նորմավորված, թե նման հանքերը ինչպես են վարձակալության հանձնվում, չկա՞ կադաստրային արժեք, չե՞ք կարող նորմավորված հաշվարկ իրականացնել»,- հարցրեց դատավորը:

Պարզվեց` կա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: 

«Չի կարա լինի վնաս, որը չափ չունենա»,- հիշեցրեց դատավորը և որոշում կայացրեց` նշանակել փորձաքննություն, քանի որ գործի համար էական նշանակություն ունի, թե արդյոք կա տարբերություն  անտառային հողի նպատակային և ոչ նպատակային նշանակության օգտագործման պարագայում:

Ընկերության ներկայացուցիչը ժամանակ խնդրեց` իրենց կողմից փորձագետին հարցեր ուղղելու և դրանք պատրաստելու համար: Դատավոր Երիցյանն այդ նպատակով հետաձգեց նիստը մինչև մարտի 9-ը:

Կարդացեք նաև`

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter