Արցախի գլխավոր դատախազն այցելել է Խրամորթ և տեղում ծանոթացել իրավիճակին
Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ փետրվարի 26ին, այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ համայնք և շրջանի վարչակազմի ղեկավարի ու այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպել համայնքի բնակիչներին, լսել նրանց մտահոգություններն ու դրանք փարատելուն ուղղված առաջարկները: Այս մասին հայտնում են ԱՀ գլխավոր դատախազությունից։
Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ գլխավոր դատախազը շրջել է գյուղի անվտանգության ապահովման համար նշանակություն ունեցող հատվածներում, դիտարկել տեղանքը:
«Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը ուղիղ սպառնալիք են բնակչության խաղաղ գոյակցությանը, այդ հատվածներից բազմակի անգամ կրակահերթեր են արձակվել գյուղատնտեսական նշանակության և այլ աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, իսկ վերջին օրերին հրազենի գործադրմամբ զուգորդված ահաբեկչական գործողություններին գումարվել է նաև հոգեբանական ակտիվ ճնշումը՝ շարժական բարձրախոսի միջոցով բնակչությանն ուղղված սպառնալիքների հնչեցման տեսքով: Խաղաղ բնակիչներին ուղղված՝ բարձրախոսով ներկայացվող հայտարարությունները պարունակում են «տարածքը լքելու, ադրբեջանական օրենքներին ենթարկվելու, ուժ կիրառելու սպառնալիքներ»:
Հատկանշական է, որ թեև հիշյալ հայտարարությունները հիմա դիտարկվում են որպես սոսկ սպառնալիքներ, այդուհանդերձ ադրբեջանական կողմի ձեռագիրն ու վարքագիծը թույլ է տալիս եզրահանգելու, որ մեծ է դրանք իրագործելու վտանգը, իսկ դա ավելի է ընդգծում բնակչությանը պաշտպանելու՝ պետությանը հասանելի բոլոր գործիքներն ու միջոցները կիրառելու անհրաժեշտությունը»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։
Քննարկման արդյունքում համայնքի բնակիչների կողմից գլխավոր դատախազին են ներկայացվել անվտանգության ապահովման համար անհրաժեշտ երաշխիքների վերաբերյալ առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացվեն համապատասխան մարմիններին, ինչպես նաև ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում ընդգրկված դատախազին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել