Գարեգին Բ-ն ընդունել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնիի գլխավորած պատվիրակությանը
Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնիի գլխավորած պատվիրակությանը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ նորին Սրբությունը, անդրադառնալով հայ-կանադական բարեկամական հարաբերություններին, իր երախտագիտությունն է հայտնել Կանադայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավարման գործում ներդրած ջանքերի համար։
«Վեհափառ Հայրապետը, անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմին, ընդգծեց, որ ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո էլ ադրբեջանական կողմը շարունակում է ոտնձգություններ կատարել Արցախի պատմական, հոգևոր և մշակութային հուշարձանների նկատմամբ։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ Կանադան ևս միջազգային հարթակներում ջանքեր կգործադրի ադրբեջանական վերահսկողության ներքո անցած հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության առնչությամբ:
Իր հերթին Եվրոպական Միությունում հատուկ բանագնացը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար, հետաքրքրվեց Արցախի հոգևոր–մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Մայր Աթոռի ծրագրերի մասին։ Այս առումով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց դեսպանին Մայր Աթոռում ստեղծված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի գործունեության վերաբերյալ:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով դեսպանին, բարեմաղթեց արդյունավոր առաքելություն»,- նշվում է հայտարարության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել