ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը նոր օրենսդրական նախագծերը քննարկեց
Գիտությունների ազգային ակադեմիայի՝ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը՝ նորընտիր նախագահ, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի գլխավորությամբ, փետրվարի 25-ին անցկացրեց հերթական նիստը: Այս մասին հայտնում են Գիտությունների ազգային ակադեմիայից։
Բարդուխ Գաբրիելյանն այդ պաշտոնում փոխարինել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Ջավադյանին:
Նիստի օրակարգում հետևյալ հարցերն էին՝
- Սևանա լճի էկոլոգիական խնդիրների գիտական մոտեցումները: 2022 թ-ին կայանալիք կլոր սեղանրի կազմակերչպական աշխատանքների քննարկում;
- EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող և պլանավորվող աշխատանքների վերաբերյալ պարբերական թարմացումներ, համագործակցության խթանում;
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների քննարկում;
- քաղաքացի Ռուբեն Մովսիսյանի կողմից նախատեսվող «Սևան» ազգային պարկի տարածքում, Ծովազարդ գյուղի լճափնյա 12/3 հասցեում մեկ հարկանի 6 շարժական քոթեջների էսքիզային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի քննարկում:
ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը Ռուբեն Հարությունյանը նշեց Հայաստանում ջրերի կենսաբանական մոնիթորինգի անցկացման անհրաժեշտության մասին: ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը համաձայնեց այդ տեսակետի հետ. «Հայաստանում կենսաբանական մոնիթորինգ իրականացվում է միայն Սևանա լճում՝ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից, որն ունի 100 տարվա տվյալներ: Մնացած վայրերում իրականացվում է միայն ֆիզիկաքիմիական մոնիթորինգ, բայց օրգանիզմների մոնիթորինգ չի արվում»:
ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ Վլադիմիր Սահակյանը բարձրացրեց տվյալների շտեմարանի ստեղծման հարցը: «Մեր ինստիտուտը կապահովի հարթակ, որտեղ կարելի է իրականացնել Սևանա լճի վերաբերյալ տվյալների պահպանումն ու մշակումը»,- ասաց նա:
ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Առաքելյանը մանրամասնորեն ներկայացրեց «EU4Sevan» ծրագրի բաղադրիչները և 2021 թ-ին իրականացված աշխատանքները:
Սևանա լճին առնչվող նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հարցերը որոշվեց քննարկել ավելի մանրամասնորեն, որից հետո հանձնաժողովը կներկայացնի իր առաջարկություններն ու եզրակացությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել