HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԲԴԽ-ն կպահանջի Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքում ընկած ուսումնասիրությունը

Բարձրագույն դատական խորհուրդը Արդարադատության նախարարությունից կպահանջի այն ուսումնասիրությունը, որի ընթացքում ԱՆ վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարը որոշել է զեկուցագիր ներկայացնել նախարարին: Նշենք, որ ըստ Արդարադատության նախարարության՝ ողջամիտ ժամկետում գործերի քննության վերաբերյալ ուսումնասիրության ընթացքում ԱՆ աշխատակիցը Ռշտունու կողմից կարգապահական խախտման առերևույթ հիմք է հայտնաբերել, ինչի վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել նախարար Կարեն Անդրեասյանին: 

Ռշտունու նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Ըստ նախարարի՝ դատավորն իր վարույթում եղած տասը գործ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում հանձնել է վերամակագրման:

Գործի քննության ընթացքում Ռշտունին և ներկայացուցիչները կասկած են հայտնել, որ Ռշտունու նկատմամբ անձնավորված ուսումնասիրություն է կատարվել,  փորձել են հարցերի միջոցով պարզել՝ ուսումնասիրության արդյունքում այլ դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթներ հարուցվել են, թե՞ կոնկրետ Ռշտունին է եղել թիրախավորված:

Ռշտունին նաև հայտնել է, որ արձակուրդում գտնվելու ընթացքում Վերաքննիչ դատարանի այլ դատավորներ ևս գործեր են հանձնել: Նախորդ դատական նիստի ընթացքում նա առանց անուններ մատնանշելու ԲԴԽ-ին ներկայացրել է դատարանից ստացված տեղեկանք այն մասին, որ իրենից բացի ևս ինը դատավորներ գործեր են վերամակագրել:

Այսօրվա նիստի ընթացքում նախարարության ներկայացուցիչները  միջնորդեցին Դատական դեպարտամենտից պահանջել տեղեկություններ վերաքննիչ դատարանի դատավորների՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում գործերի վերամակագրման վերաբերյալ: ԲԴԽ-ն այս միջնորդությունը բավարարեց:

Այսօրվա նիստի ընթացքում Ռշտունին  հրաժարվեց պատասխանել արդարադատության նախարարության ներկայացուցիչների հարցերին:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հարցին ի պատասխան, թե ինու է համարում, որ իր նկատմամբ  հետապնդում է իրականացվում, Ռշտունին հիշեցրեց Կարեն Անդրեասյանի ելույթը 40 կոռումպացված դատավորների առկության մասին:

Բեքմեզյանը փորձեց պարզել՝ ինչ է արել կամ ինչ չի արել Ռշտունին, որ  մտնում է այդ դատավորների մեջ։ Ռշտունին արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, բայց ինչ-որ մեկը կարո՞ղ է պատասխանել՝ դատական համակարգում ով ինչ է արել, որ մտնում է այդ 40 դատավորների մեջ»։

Այսօրվա նիստը հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter