HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Սաֆարյան. «Կառավարությունը չի գիտակցում, որ բացօթյա առեւտուրը ձեռնակարատիրություն չէ»

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվել է բացօթյա առեւտուրը կարգավորելուն ու քաղաքակիրթ դարձնելուն վերաբերող «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը:

Ստորեւ ներկայացնում ենք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում.

«Մենք առաջարկել ենք մայր օրենքում առեւտուր իրականացնողների ցանկում ավելացնել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց, ինչպիսին համարվում են բացօթյա առեւտուր իրականացնող մեր հազարավոր համաքաղաքացիները, ովքեր, նախագծի մեկ այլ առաջարկի համաձայն, հնարավորություն կունենան օրինական հիմքերով վաճառել թե բույսեր ու բուսական արտադրանք, թե ոչ պարենային ապրանքներ:

Օրենքի նախագիծը պարտավորեցնում է համայնքների ղեկավարներին բացօթյա առեւտուր իրականացնողներին տրամադրել առնվազն 1-2 քառ. մետր տարածք` բացօթյա առեւտուրը պատշաճ կազմակերպելու համար: Այդ նպատակով առաջարկվում է նաեւ շարժական ու ոչ շարժական սայլակների օգտագործումը, ինչը առկա է եվրոպական բազմաթիվ երկրներում: Ըստ որում, այդ սայլակներում գտնվող ոչ պարենային ապրանքների առավելագույն քաշ կսահմանվի յոթ կիլոգրամը:

Առեւտրի եւ ծառայությունների մասին գործող օրենքը կարգավորում է մնացած հարցերը, ինչպես օրինակ` ապրանքների տեսքին, տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերող պահանջները: Մեր օրենսադրական նախաձեռնությունը նաեւ հարկային դաշտ է բերում բացօթյա առեւտրով զբաղվողներին, քանի որ նրանք հետայսու վճարելու են տեղական տուրքեր: Այս բոլոր լուծումները համաձայնեցված էին բացօթյա առեւտրով զբաղվողների հետ եւ բխում են նրանց, համայնքի, անապահով խավերի շահերից:

Ցավով պետք է արձանագրել, որ մայիսի 12-ին Կառավարությունն իր նիստում ոչ նպատակահարմար համարեց այս օրինագծի ընդունումը` մեզ համար անընդունելի հիմանավորումներով: Կառավարությունը դեռեւս չի գիտակցում, որ բացօթյա առեւտուրը դա ձեռնակարատիրություն չէ, այլ հարյուրավոր, հազարավոր մարդկանց համար իրենց ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու միջոց: Չի գիտակցում, որ այդ մարդկանցից օգտվում են հասարակության սոցիալապես առավել անապահով խավերի ներկայացուցիչները, որոնք ոչ միայն շուկա հասնելու տրանսպորտի գումար, այլեւ կանխիկ առեւտուր անելու փող չունեն. նրանք երբեմն գրամներով կարտոֆիլ ու այլ մթերք են առնում, այն էլ` ապառիկ:

Եթե կառավարությունը արգելում է բացօթյա առեւտուրը, ի՞նչ է առաջարկում այս մարդկանց որպես այլընտրանք. թոշակառուի թոշակն ու կենսաթոշակն է ավելացնելո՞ւ, բարձրագույն ավարտած, նակինում ինժեներ, իսկ այսօր` բացօթյա առեւտուր իրականացնող մարդուն պատշաճ աշխատանք է առարակելո՞ւ: Ոչ: Առաջարկում է գնալ շուկաներ, որպեսզի իրենց աչքին չերեւան ու չգցեն քաղաքի տեսքը: Առաջարկում են շուկաներում առեւտուր անել, կարծես թե այնտեղ առեւտրի համար ամենավերջին եվրոպական չափանիշներն ապահովված են:

Եթե կառավարությունը ցանկանում է ամեն ինչ քաղաքակիրթ դարձնի, ապա թող սկսի մարդկանց աշխատավարձերից, թոշակներից, որոնք բավարար չեն անգամ 1 անձի տարրական կարիքները բավարարելու համար: Եթե կառավարությունը եւ նրա անդամները ցանկանում են առեւտուր անել «քաղաքակիրթ» սուպերմարկետներից, ապա ոչ մեկ նրանց դա չի արգելում: Բայց նրանք էլ թող չարգելեն իրենց իսկ աղքատացրած սոցիալական խավերին ապրելու տարրական իրավունքից:

Քանի որ «Ժառանգության»  առաջարկից բացի, հարցի կարգավորման իր լուծումն էր առաջարկել նաեւ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, իսկ հանձնաժողովը մայիսի 20-ին վերջնական որոշում չընդունեց, տեղեկացնեմ, որ հեղինակները կմիավորեն երկու առաջարկները եւ մայիսի 23-ին ժամը 11-ին կներկայացնեն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Կոչ ենք անում մյուս խմբակցություններին միանալ վերոնշյալ առաջարկին ու լուծումներին եւ միաժամանակ լուծել մի քանի խնդիր. բացօթյա առեւտրով զբաղվողներին չզրկել աշխատանքից, սոցիալապես անապահով խավերին չզրկել նվազագույն մթերքները ձեռքբերելուց հնարավորությունից, իսկ բացօթյա առեւտուրը դարձնել քաղաքակիրթ ու անվտանգ»:         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter