HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընդդիմության 6 նախագիծ ԱԺ քառօրյայի օրակարգ չներառվեց

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Պատգամավորները նիստի սկզբում քննարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերը, որոնք գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունը չէին ստացել:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ներկայացրեց «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր: 

Մարաղան քաղաքատիպ ավան է Արցախի Մարտակերտի շրջանում, սահմանակից է Ադրբեջանի Թարթառի (Միրբաշիր) շրջանին: Ըստ 1989 թ. բնակչության մարդահամարի տվյալների՝ ավանում բնակվում էր 4660 մարդ։ 1992 թ. ապրիլից մինչ օրս ավանը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայում ադրբեջանական ռազմական հանցագործության ժամանակ դաժանաբար խոշտանգվել ու զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 30 կին։

«Մենք պետք է ի ցույց դնենք, որ Ադրբեջանի գործելաոճը չի փոխվել, ինձ համար անընդունելի է, որ ՔՊ-ն տարբեր պատճառաբանություններով չընդունեց այս նախագիծը, բայց հաշվի առնելով այն, որ մերժեցին Շուշիի հռակագիրը, այդ որոշումն իրենց դեպքում շատ տրամաբանական է»,-իր ելույթում ասաց Արեգնազ Մանուկյանը:

Նախագծի եզրակացությունը ներկայացրեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` նշելով, որ Մարաղայի ջանքերը միակ մեծ շղթայի օղակ են, որը վկայում է Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության մասին:

«Ապրիլի 24-ը մեզ համար կմնա հիշատակի օր` անկախ նրանից օրենքում ամրագրված է, թե ոչ: Հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի, բայց եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ հայոց պատմության ցանկացած  իրադարձություն պետք է  հիշատակի օր ունենա, կստանանք իրավիճակ, երբ ամեն օր կարող ենք ունենալ հիշատակի օր»,-ասաց Վարդանյանը:

Այս քվեարկությանը քաղաքական մեծամասնությունը ձեռնպահ քվեարկեց` հետևաբար չստանալով անհրաժեշտ կողմ ձայներ նախագիծը չընդգրկվեց օրակարգում:

Օրակարգ չներառված մյուս հարցը Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների վավերացրած Շուշիի հռչակագիրը դատապարտող՝ «Հայաստան» խմբակցության նախագիծն էր: Այս նախագծի օրակարգով հրավիրված արտահերթ նիստը ՔՊ-ն բոյկոտել է:

Նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ով առաջարկեց այն ներառել օրակարգ և քննարկել, հակառակ դեպքում ընդդիմությունը դա կդիտարկի որպես «թշնամու շահերի սպասարկում»:

Նախագահող Հակոբ Արշակյանն արձագանքեց` չգիտի, թե որտեղից է գալիս այդ սպառնալիքների տոնը:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց` մեծ հարց է, թե ով է թշնամու շահը սպասարկում: Քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ՔՊ-ին քաղաքական սթափության կոչ արեց ու որպես այդ սթափության դրսևորում 20 րոպե ընդմիջում պահանջեց: Ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվեարկության, այս նախագծին ևս իշխող խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց: Բացի այս նախագծերից ընդդիմության ևս չորս նախագիծ օրակարգ չներառվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter