
Գեղամ Գևորգյանը վստահեցնում է` Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին չկա
Մրցակցության պետական հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարում է՝ Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին չկա: Գևորգյանն այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
«Արդյոք բենզինի և դիզվառելիքի շուկայում մենք ունենք ադրբեջանական ծագման բենզին, արդյոք Հայաստանում այս շուկայում գործող կազմակերպությունները ուղղակի կամ անուղղակի կապված են ադրբեջանական կազմակերպությունների հետ: Եվ բենզինի և դիզվառելիքի շուկայում ադրբեջանական SOCAR ընկերության դերակատարումը կա՞, թե՞ ոչ: Ունե՞ք տեղեկատվություն»,- հարցրեց Մինասյանը` դիմելով Գևորգյանին:
Գեղամ Գևորգյանի խոսքով` Հայաստան բենզին, դիզվառելիք ներկրվում է Ռուսաստանից, Իրանից, Ռումինիայից, Բուլղարիայից, այլ երկրի ծագման, այդ թվում՝ ադրբեջանական բենզին չկա Հայաստանում:
Ըստ Գևորգյանի` նման խոսակցություններն իրենց վերջին կատարած գործարքի մասին է, որը որևէ առնչություն չունի ոչ SOCAR-ի, ոչ ադրբեջանական որևէ այլ կազմակերպության հետ:
«Գործարքը կատարվել է վրացական Petrocas ընկերության միջև, որը ներկայացնում է GULF բրենդը: Ծագման երկրները հստակ են: Հայաստանում բենզին և դիզվառելիք գալիս է գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից, հետո՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, մի փոքր՝ Ռումինիայից և Բուլղարիայից: Ես վստահաբար ասում եմ, որ ՀՀ-ում այլ երկրի ծագման որևէ բենզին չկա»,- վստահեցրեց Գեղամ Գևորգյանը:
Մեկնաբանել