Հայաստանում 12 տարեկանից բարձր մոտ 2000 երեխա պատվաստվել է Covid-19-ի դեմ
Առողջապահության նախարարությունը 2021-ի հոկտեմբերին հայտնեց, որ «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում փոփոխություն է կատարվել, եւ այսուհետ կարող են պատվաստվել նաեւ երեխաները՝ 12 տարեկանից սկսած: 12-18 տարեկան անձանց պատվաստումն իրականացվում է ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության դեպքում: Փետրվարի 21-ից 12 տարեկանից բարձր անձինք կարող են պատվաստվել նաեւ «Պֆայզերով»: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ փետրվարի 23-ի դրությամբ Հայաստանում Covid-19-ի դեմ առաջին դեղաչափով պատվաստվել է 1992 երեխա, երկրորդ դեղաչափով՝ 1260:
«Սա միայն «Մոդեռնա» պատվաստանյութի տվյալն է, քանի որ «Պֆայզեր»-ը նոր է կիրառվում»,-«Հետքի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Պիրիջիտա Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդությունը երեխաների մոտ այդքան ծանր չի ընթանում, նրանք ավելի թեթեւ եւ անախտանիշ են տանում հիվանդությունը, սակայն տվյալները ցույց են տալիս, որ երեխաները վարակի հիմնական փոխանցողներից են:
Զարա Մկրտչյանի երեխաներից ավագը 11 տարեկան է, կրտսերը՝ 6: Նրանք Բելգիայում են բնակվում, որտեղ այժմ պատվաստվում են միայն 12-18 տարեկան երեխաները, սակայն Բելգիայի առողջապահության խորհուրդը քննարկում է նաեւ 5-11 տարեկան երեխաների պատվաստման հարցը: Զարան կորոնավիրուսի դեմ երեխաներին պատվաստելու մասին ծանուցում է ստացել, բայց չի պատրաստվում պատվաստել նրանց:
«Ճիշտ է՝ այստեղ չեն պարտադրում անպայման պատվաստել, բայց ես էլ դեռ չեմ ցանկանում: Պատվաստանյութը, կարելի է ասել, փորձարկման փուլում է, ու մեծահասակների շրջանում բազմաթիվ դեպքեր կան, որ առողջության վրա վատ հետք է թողել, իմաստը ո՞րն է երեխաների վրա նույնպես փորձարկել։ Ես էլ դեռ չեմ պատվաստվել»,-ասաց Զառա Մկրտչյանը, եւ հավելեց՝ այստեղ շատերը կողմ են, բայց եւ քիչ չեն ընդդիմացողները:
«Մանկապարտեզում ծնողների հետ շփվելուց հասկացա, որ ոչ մեկը չի պատվաստելու իր երեխային։ Դպրոցի ծնողների հետ շփում չկա, իրավունք չունենք տարածք մտնել։ Կարծիքների մասին շատ եմ կարդում տեղի ֆեյսբուքյան խմբերում։ Մեծամասնությունը դեմ է, բայց նաև շատ եմ կարդացել, որ ծնողները պատվաստել են 14 տարեկանից բարձր երեխաներին»,-ասաց նա:
Պողոս Պողոսյանը (անունը փոխված է) ապրում է Հայաստանում: Նա ցանկանում էր պատվաստել իր երեխային, սակայն երեխան հիվանդացել է սուր շնչառական վարակով: Ասում է՝ չնայած թեթեւ է տարել, սակայն, եթե կրկին նոր շտամ հայտնաբերվի, կպատվաստի երեխային:
«Սովորաբար դրսում մեզնից 1-2 ամիս ավելի վաղ է սկսվում, եւ ժամանակ կա այնպես պատվաստվել, որ պիկի ժամանակ առավելագույն պաշտպանված լինի երեխան: Հիմա մեր մոտ պիկն իջել է, երեխան էլ 3-4 շաբաթ առաջ տարավ, այնպես որ իմաստ չունի: Իհարկե, մենք նաեւ չգիտենք, թե նոր շտամն ինչպիսին կլինի կամ գուցե ընդհանրապես չլինի»,-ասաց Պողոս Պողոսյանը:
Նրա խոսքով՝ երեխաներին պատվաստելը նույնքան առաջնահերթ չէ, որքան ռիսկի խմբում գտնվող մարդկանց, բայց եթե ընտանիքում ռիսկի խմբից մարդ կա, որին երեխան կարող է վարակել, ապա կարծում է, որ պետք է երեխային նույնպես պատվաստել:
«Եթե երեխան վարակվի (դպրոցում, խմբակներում), ապա պատվաստված լինելն ավելացնում է ծանր չտանելու, նշանակում է` նաեւ արագ առողջանալու հավանականությունը: Այսինքն՝ ավելի կարճ ժամանակ վարակիչ կլինի, եւ նույն տանը բնակվող մյուս մարդկանց վարակելու հավանականությունն էլ պետք է որ իջնի»,-ասաց նա:
Արտակ Գաբոյանի 13-ամյա որդին դեկտեմբերին պատվաստվել է «Մոդեռնա»: Պատվաստվելուց հետո միայն 1-2 օր ջերմություն ու գլխացավ է ունեցել: Եթե Հայաստանում թույլատրվի 5-ից բարձր տարիքի երեխաներին պատվաստել, ասում է՝ մյուս երկու երեխաներին էլ կպատվաստի:
«Սկզբից երեխաները չէին էլ վարակվում, հետո պարզվեց՝ լավ էլ վարակվում են ու վարակ փոխանցում ռիսկային խմբերին: Վերջին օրերին պարբերաբար առողջապահության նախարարությունը տալիս է թվեր, թե ծանր ընթացքով քանի հոսպիտալացված երեխա կա: Նույնիսկ եթե վարակվելու դեպքում երեխաների 99.5%-ը թեթեւ է տանում կամ անախտանիշ, այն կես տոկոսի կյանքը փրկելու համար բոլորին պատվաստելն արդարացված է: Մանավանդ, որ պատվաստելու դեպքում եւ՛ պատվաստվողի կյանքն ենք փրկում, եւ՛ նրա շրջապատի այն մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել»,-ասաց Արտակ Գաբոյանը:
Պիրիջիտա Սիմոնյանի խոսքով՝ այն երկրներում, որտեղ ռիսկի խմբի շրջանում ամբողջական առաջնային պատվաստումների ընդգրկվածությունը ցածր է, 12-18 տարեկաններին պատվաստելու առաջնահերթություն դեռեւս չի տրվում, իսկ այն երկրներում, որտեղ ամբողջական ընդգրկվածությունը պատվաստումներում բարձր է, 12 տարեկանից բարձր տարիքային խմբերում առաջնային է դառնում պատվաստումը:
«Կգա մի օր, երբ մեր երկրում էլ ռիսկի շրջանում գտնվող մարդկանց պատվաստումներում ընդգրկվածությունը շատ ավելի բարձր կլինի: Այսօր մենք ասում ենք՝ պարտադիր ծնողի կամ օրինական ներկայացուցչի հետ պետք է երեխան ներկայանա պատվաստման, վաղը կարող է քաղաքականությունը փոխվել, եւ իրազեկման աշխատանքներ ընթանան այս առումով: Արդեն ունենք օմիկրոնի նոր մուտացված տարբերակներ, չի բացառվում, որ վաղը կարող է հիվանդությունն այլ ընթացք ունենա, եւ այս քաղաքականությունը հնարավոր է եւ փոխվի, որպեսզի 12 տարեկանից բարձր տարիքի անձինք ընդգրկվեն այնպես, ինչպես մնացած ռիսկի խմբերը»,-նշեց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ առաջնահերթությունը պետք է տալ 12-ից մինչեւ 18 տարեկան ուղեկցող հիվանդություն ունեցող երեխաներին. եթե երեխան ունի առաջնակի շաքարային դիաբեդ կամ այլ որեւէ առողջական խնդիր, ապա Covid-19-ով հիվանդանալու դեպքում շատ ավելի ծանր կտանի, քան նույն տարիքի առողջ երեխան:
Երեւանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ օմիկրոնի դեպքում «լոնգ քովիդի» երեք ամիս եւ ավելի շրջանն ընթացիկ է, եւ դեռ չկան հետազոտություններ, թե արդյո՞ք օմիկրոնից հետո վարակվածների մոտ կպահպանվեն հին ախտանիշները կամ ի հայտ կգան նորերը: Նրա խոսքով՝ այս պահին իր ինտեսիվ տարածվածությամբ դոմինանտ շտամն օմիկրոնն է, որի պատճառով երեխաների մոտ ավելի շատ արձանագրվում են խոռոչների բորբոքումներ եւ բրոնխիտ:
«Երեխաների շրջանում մեծ թվով պատվաստումներ են իրականացվել զարգացած երկրներում: Հայաստանն ունի ամենացածր ընդգրկվածությունը երեխաների տարիքային խմբում: Սա, իհարկե, կարելի է ավելացնել, որովհետեւ այդ բոլոր բարդությունները, որոնք առաջանում են երեխաների մոտ, կարելի է կանխել պատվաստման միջոցով»,-ասաց համաճարակաբանը եւ հավելեց, որ երեխաների պատվաստումներն արվում են կես դեղաչափով՝ 0.25մլ.:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Մարի Դարակչյանի խոսքով՝ օմիկրոնի պատճառով բազմաթիվ երեխաների մոտ կլինիկական պատկեր է առաջանում, դա էլ բերում է հոսպիտալացումների թվի աճի: Հիմնական ախտանիշներն են` ջերմություն, ձայնի խռպոտություն եւ քթահոսություն:
«Որոշ երեխաների մոտ ստամոքսաաղիքային տրակտի խանգարումներ են առաջանում, մասնավորապես` փորլուծություններ, բարդություններ թոքաբորբի տեսքով: Երբեմն միզուղիների ինֆեկցիա է առաջանում այդ երեխաների մոտ, երբեմն ակտիվանում են իրենց հին, քրոնիկ վիճակները, որոշ երեխաների մոտ էլ եղել են եղնջացանի եւ մաշկի այլ ցանավորումներ: Սպեկտրը լայն է, բայց ծանրությունը` միջին: Ծանր երեխաներ եւս ունենք, որոնք բուժումն անգամ վերակենդանացման բաժանմունքում են անցկացնում»,-ասաց Մարի Դարակչյանը:
Մանկաբույժի խոսքով՝ ավելի շատ հոսպիտալացվում են փոքր տարիքի երեխաները, որոնք նույնատիպ վարքագիծ են դրսեւորում նաեւ այլ շնչառական վիրուսներով ախտահարվելու դեպքում, եւ դա ավելի շուտ երեխաների տարիքային առանձնահատկություններից բխող վիճակ է, քան վիրուսի առանձնահատկությունից:
«Հոսպիտալացումն ավելի շատ լինում է մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ, մասնավորապես` մինչեւ վեց ամսական, որովհետեւ այս խումբն ավելի ռիսկային է՝ կապված բարդության զարգացման, տան անդամների ավելի բարձր զգոնության եւ անհանգստության հետ: Բնականաբար, ծնողների անզորությունը շատ հաճախ պատճառ է դառնում հիվանդանոցներ դիմելու, եւ այնտեղ երեխաները, եթե գնահատվում է, որ ունեն հոսպիտալիզացիայի ցուցումներ, ապա հոսպիտալացվում են, եւ արդեն որոշվում է կոնկրետ Covid-19 վարակ»,-ընդգծեց մանկաբույժը:
Նախորդ շտամների ժամանակ երեխաների մոտ վարակից հետո արձանագրվել է Կավասակի հիվանդություն, բազմահամակարգային բորբոքային համախտանիշ: Ըստ մանկաբույժի՝ դելտայի պիկից հետո նմանատիպ աճ չի գրանցվել, ինչը որ եղել է երկրորդ մեծ ալիքի պիկից հետո:
«Երկրորդ ալիքի ընթացքում, մոտ մեկ-երկու ամիս հետո մենք ունեցանք մեծաթիվ երեխաներ, որոնք ունեին թե´ Կավասակիի հիվանդություն, թե´ բազմահամակարգային բորբոքային համախտանիշ: Նմանատիպ պիկ նախորդ ալիքին չունեցանք, բայց այս ալիքի մասին դատելու համար պետք է դեռեւս գոնե մեկ-երկու ամիս անցնի»,-ասաց Դարակչյանը:
Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ համավարակի սկզբից մինչեւ փետրվարի 21-ը Covid-19 վարակ հաստատվել է մինչեւ 18 տարեկան 20 265 երեխայի մոտ, իսկ հիվանդանոցային բուժօգնություն ստացել է 4 278 երեխա:
Անի Թամրազյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել