HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանությունը հետախուզման վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար անհրաժեշտ է համարում հետախուզվողի գրավոր համաձայնությունը

Ոստիկանությունը անձնական գաղտնիք է համարվում անձի՝ հետախուզման վերաբերյալ տեղեկությունը: «Հետք»-ի՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից հայտնել են, որ անձանց՝ միջազգային հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկությունն առանց վերջիններիս գրավոր համաձայնության չեն կարող տրամադրել:

«Հետք»-ը հարցում է ուղարկել՝ փորձելով պարզել «Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից հափշտակության գործով հետախուզման մեջ գտնվող անձանց՝ Հրայր Գյոնջյանի և Կարեն Արզումանյանի նկատմամբ արդյոք միջազգային հետախուզում է հայտարարված: Խնդրել ենք հայտնել նաև՝ եթե Գյոնջյանի և Արզումանյանի նկատմամբ հետախուզումը միջազգային է, ապա ինչո՞ւ վերջիններիս անունները չկան Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) կայքում:

Ի պատասխան մեր հարցման՝ Ոստիկանությունից հայտնել են, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխի 15-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ տվյալների սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիման վրա, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեական կյանքի գաղտնիությունը:

Ոստիկանությունը հայտնում է, որ մեր կողմից հայցվող տեղեկությունը պարունակում է Հրայր Գյոնջյանի և Կարեն Արզումանյանի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ,  որոնք, առանց այդ անձանց գրավոր համաձայնության, (ներկայացուցչին սահմանված կարգով լիազորելու) տրամադրման ենթակա չեն:

Ոստիկանության պատասխանի տրամաբանությունից ելնելով՝՝ խնդրել ենք ստանալ Հրայր Գյոնջյանի և Կարեն Արզումանյանի գրավոր համաձայնությունը՝ վերջիններիս հետախուզման վերաբերյալ հայցվող տեղեկությունները տրամադրելու համար:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը:

Ոստիկանության, ինչպես նաև Միջազգային քրեական ոստիկանության՝ Ինտերպոլի կայքում առկա են հետախուզման մեջ գտնվող բազմաթիվ անձանց տվյալներ, և տրամաբանական չէ մտածել, որ վերջիններիս տվյալները հրապարակայնացնելիս ստանում է վերջիններիս գրավոր համաձայնությունը:

Հատկանշական է, որ Հրայր Գյոնջյանի և Կարեն Արզումանյանի՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող վարույթն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն արդեն իսկ բացահայտել է, այսինքն՝ ոստիկանության կողմից Գյոնջյանի և Արզումանյանի «անձնական կյանքի» գաղտնիք որակված տեղեկությունն արդեն իսկ հանրությանը հայտնի է, և հետախուզման տեսակն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին հղում կատարելով չտրամադրելը անտրամաբանական հիմնավորում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter