HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական բյուջե է վերականգնվել շուրջ 15 մլրդ դրամ գումար. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, պարզել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գլխավոր տնօրեն հանդիսացող անձը, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով և վերջիններիս անունից հատուկ մշակված և կիրառված սխեմայով, կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ: Դրանց հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել, և արդյունքում պետական բյուջե չի վճարվել ավելի քան 15 մլրդ դրամ հարկեր և վճարներ:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական գործողությունների, այդ թվում՝ հարցաքննությունների, խուզարկությունների, առգրավվումների, զննումների և այլ գործողությունների արդյունքում ամբողջությամբ բացահայտվել և հիմնավորվել է վերը նկարագրված հանցավոր սխեմայի իրական բովանդակությունն ու նպատակը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գործադիր մարմնի ղեկավար հանդիսացող անձը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության՝ որպես պղնձի խտանյութի մատակարար և Արաբական Միացյալ էմիրություններում հաշվառված, փաստացի որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ ձևականորեն կնքված մատակարարման պայմանագրերի հիման վրա հաշվապահորեն ձևակերպվել է, թե իբր պղնձի խտանյութը դրա շուկայական գնից ակնհայտ ցածր արժեքով մատակարարվել է այդ կազմակերպություններին, այնինչ փաստացի պղնձի խտանյութը միջազգային շուկայական արժեքներով անմիջապես մատակարարվել է իրական գնորդ հանդիսացող և պղնձի խտանյութի վերամշակմամբ զբաղվող օտարերկրյա կազմակերպություններին:

Այնուհետև Արաբական Միացյալ Էմիրություններում հաշվառված կազմակերպությունների բանկային հաշիվներին իրական գնորդ հանդիսացող կազմակերպություններից ստանալով ձեռք բերված պղնձի խտանյութի իրական արժեքի վճարումները, այդ գումարների մի մասը փոխանցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հաշիվներին, իսկ կիրառված սխեմայի արդյունքում գոյացած ֆինանսական միջոցների գերակշիռ մասը տնօրինել և ծախսել է այլ ուղղություններով:

Նման եղանակով ընկերության ղեկավար անձի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության իրական շահույթը տեղափոխվել է օտարերկրա կազմակերպությունների ռեզիդենտության երկրներ՝ այդ կերպ զրկելով Հայաստանի Հանրապետությանն իրական արժեքներով մատակարարումներից գոյացած հարկվող շահույթը հարկելու հնարավորությունից:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասախան ելակետային տվյալների հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 29-ին կազմվել է ստուգման ակտ և առաջադրվել լրացուցիչ գանձման ենթակա ընդհանուր 15.017.640.469 դրամ պարտավորություններ, որոնք 2022թ.-ին ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե:

Հատկանշական է, որ 2017-2019թթ. ընկերության իրական հարկվող շահույթը պակաս ցույց տալու հետևանքով հարկերի և վճարների տեսքով պետությանը պատճառված 15.017.640.469 դրամ գումարը՝ տույժերով և քրեական գործով հանդերձ, վերականգնվել է ոչ թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործող ակտիվների հաշվին, այլ՝ սույն քրեական գործով մեղադրյալ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ վերջինիս անձնական միջոցներից»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter