
Մեսրոպ Մեսրոպյան. «Ազգի մի մեծ հատված դարձել է նենգ»
Թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների պայքարում ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը պարտություն կրեց, սակայն չկորցրեց իր գաղափարակիցներին: «Ես հպարտ եմ, որ Սասուն Միքայելյանի գաղափարական զինակից ընկերն եմ և անպարտելի սասունական»,- ասում է Ս. Միքայելյանի նախընտրական շտաբի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Մեսրոպ Մեսրոպյանը:
Նրա կարծիքով` նախևառաջ կարևոր է պահպանել հայի հավաքական կերպարը, որն արդեն «այլակերպվել է, դարձել անծանոթ և օտար»: «Մեր ազգային էպոսի ամենաբացասական հայ մարդիկ` Ձենով Օհանը և Ցռան Վերգոն, անգամ չունեին այն զազրելի հատկանիշը, որով բնութագրվում է այսօր հայաստանաբնակ հայության մի հսկա հատված,- ասում է Մ. Մեսրոպյանը,- այսօր մեզանում ավելի շատ Մսրա Մելիքին բնութագրող հատկանիշներ են ի հայտ եկել, ազգի մի մեծ հատված դարձել է ստախոս ու նենգ»:
Արդյունքում` հաղթանակած թեկնածուի անվան դիմաց, նրա կարծիքով, թռչնանշան է դնում ընտրակաշառքը: «Խաղաղություն մեր բոլոր ընտանիքներին, - ասում է նա,- բայց հայտնի բան է, որ կացնի պոչը միշտ էլ անտառից են ընտրում, այն կացնի, որով հետո կտրում են այդ նույն անտառը: Օրվա հայության այն հատվածը, որը ընտրակաշառքով իր ձայնը վաճառեց այս ընտրակեղծարար ռեժիմին, սրանց թույլ տվեց իրենով պոչել հենց այն կացինը, որով վաղը կտրելու են հենց այն «անտառը», որտեղ ապրում են իր զավակները»:
Մեսրոպ Մեսրոպյանը չի կարծում, որ Սասուն Միքայելյանը պարտվել է: «Սասունի տեսակը չի պարտվում,-ասում է նա,- այն կարող է մատաղվել, զոհվել հանուն հայրենիքի, հանուն վաղվա մեր ազգի լուսավոր և արևաշող օրվա, բայց պարտվել` երբեք»:
Լուսանկարը՝ Մ. Մեսրոպյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել