
«Ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը». Վահագն Խաչատուրյանը` ՔՊ-ին
Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է` ընտրվելու դեպքում լինելու է ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը:
Խորհրդարանում շարունակվում է նախագահի ընտրության հարցի քննարկումը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, դիմելով նախագահի թեկնածուին, հարցրեց, թե արդյոք վերջինս պատրաստվու՞մ է լինել միայն քաղաքական մեծամասնության, թե՞ ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը:
«Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ լինեմ միայն ձեր նախագահը, դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը: Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը»,- այսպես արձագանքեց Վահագն Խաչատուրյանը:
Նրա խոսքով` հանրապետության նախագահի ինստիտուտն ուղղված է նաև համազգային խնդիրների լուծմանը, ինքն էլ ընտրվելու դեպքում պատրաստվում է հենց այդպես էլ վարվել:
«Միգուցե նաև իմ թեկնածությունը դրել եք` հաշվի առնելով այդ հանգամանքը: Իմ մեջ տեսել եք այն մարդը, որ կարող է այդ դերը կատարել, այսօրվա մեր մասնատված ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հասարակության համար շատ կարևոր է, որ նախագահի ինստիտուտը համախմբող լինի»,- ասաց Վահագն Խաչատուրյանը:
Ըստ թեկնածուի` նախագահի ինստիտուտը միայնակ չի կարող լավ աշխատել, խնդիրները լուծել, եթե չկա խորհրդարանի, Կառավարության, հասարակության, ՀԿ-ների հետ համագործակցություն:
«Այստեղ իմ ու քո լինել չի կարող. ես այդպես եմ ընկալում և այդ ընկալմամբ էլ ձեր առջև եմ հանդես գալիս»,- ասաց նա:
Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդդիմությունն ընտրության հարցին չի մասնակցում:
Մեկնաբանել