
«Էմոցիոնալ երևույթ է». Մհեր Գրիգորյանը` դրամի արժեզրկման մասին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այն կարծիքին է, որ դրամի արժեզրկումը էմոցիոնալ երևույթ է, մակրոփոփոխություն չի եղել:
«Դա էմոցիոնալ երևույթ է, ֆունդամենտալ որևէ բան չի պարունակում: Վստա՛հ եղեք, որ այդպես է: Ոչ մի մակրոփոփոխություն տեղի չի ունեցել, որը նպաստում է արժեզրկման»,- Ազգային ժողովում ասաց Մհեր Գրիգորյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ գնաճային ճնշումներին` հետաքրքրվելով, թե ի՞նչ սոցիալական ծրագրեր են մշակվում:
«Մի իրավիճակ է ստեղծված աշխարհում, այդ թվում գնաճային երևույթներն այնպիսին են, որ կարծում եմ, հավելյալ միջոցառումների թիրախային խնդիրներ կունենանք: Եվ այդ հարցն օրակարգային է, քննարկվում է: Եվ, ըստ իրավիճակի, միջոցառումներ կիրականացվեն»,-արձագանքեց փոխվարչապետը:
Խոսելով պատգամավորի այն դիտարկման մասին, որ ապրիլից գազի սակագինը բարձրանում է, Մհեր Գրիգորյանը հստակեցրեց` ապրիլի 1-ից գազի սակագինը ճշգրտվում է կալորիականության հաշվարկով:
«Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում իրականության մեջ նույն ծավալի սպառման դեպքում վճարվելիք գումարը չի փոփոխվելու: Մեր սահմանին 165 դոլար գնի պարագայում Եվրոպայում այսօր գինը 1400 դոլար էր, եթե չեմ սխալվում: Այդ իմաստով, կարծում եմ, որ ճնշումները բալանսավորված կլինեն: Բայց բնականաբար այս իրավիճակի համեմատաբար կոորդինատներն ի հայտ գալու պարագայում կհասկանանք, թե որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ թիրախային աջակցություն իրականացնել, և կիրականացնենք: Ես կարծում եմ, որ բյուջեի պահուստային ֆոնդը բավարար է, որ նման միջոցառումներ ֆինանսավորվեն»,-ասաց Մհեր Գրիգորյան:
Մեկնաբանել