HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ինտրիգը փոխվում է

«Հայացքի» հյուրն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը

- Պարոն Բադալյան, Ձեզ համար կանխատեսելի՞ էին ընտրությունների այս արդյունքները: Որքան էլ դրանք նախնական լինեն:

- Ասեմ, որ ոչ թե ընտրություններ են տեղի ունեցել, այլ ընդամենը եղել է միջոցառում՝ ընտրությունների անվան տակ: Իսկ միջոցառումների արդյունքները չեն կանխատեսում. այդ արդյունքները գիտի նա, ով իրականացնում է միջոցառումը: Որովհետև, ինչպես պարզ դարձավ, քարոզարշավը և ընտրությունների արդյունքները իրար հետ ոչ մի կապ չունեն:

- Իսկ ինչպիսի՞ գործիքներ ու մեխանիզմներ օգտագործեցին իրենց միջոցառման մեջ հաջողելու համար:

- Հիմնականն ընտրակաշառքի բաժանումն էր, նաև կրկնակի քվեարկությունները: Արդեն իսկ որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ հարևան հանրապետությունից բավականին մեծ թվով մարդկանց են բերել, ովքեր տարբեր տեղամասերում քվեարկել են:

- Նկատի ունեք ջավախահայությա՞նը:

- Այո, նրանց նկատի ունեմ՝ վիրահայությանը:

- Ֆավորիտ համարվող կուսակցություններն ու քաղաքական ուժերը բավական մեծ տարբերությամբ են զիջում Հանրապետականին: Այս պատկերը մտնո՞ւմ էր նրանց հաշվարկների մեջ: Եվ, ընդհանրապես, իրենց ի՞նչ է տալու այդպիսի մեծ տարբերությունը:

- Հանրապետական կուսակցությունն, այդ միջոցառումն անցկացնելով, նպատակ ուներ եկող խորհրդարանում իր համար ապահովել քաղաքական տոտալ մենաշնորհ: Այսինքն՝ բրեժնևյան հաղթանակ:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ այս արդյունքներն ինչպիսի՞ արձագանք կունենան ժողովրդի մոտ: Վստահության կարժանանա՞ գոնե որոշակի խավի կողմից:

- Ընդհակառակը: Մարդիկ տեսնում են, որ Ֆրանսիայում, քանի որ իրավիճակը վատ է, ժողովուրդը նախագահ է փոխում. Նիկոլա Սարկոզիին փոխում է Ֆրանսուա Օլանդով: Իսկ մեզ մոտ, համեմատած Ֆրանսիայի հետ, այդ իրավիճակը շատ ավելի վատ է, հատկապես՝ սոցիալ-տնտեսական առումով: Եվ այս պարագայում մեր երկրում Հանրապետական կուսակցությունը, իմ նշած միջոցառման արդյունքում, իր նախկին ունեցածից ավելի շատ մանդատների է տիրանում: Այն դեպքում, երբ, էլի եմ կրկնում, 2008 թ. մինչև հիմա երկիրն ապրել է չափազանց ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակներ: Այս իրողությունը ժողովրդի մոտ առաջացնում է տոտալ հիասթափություն: Եվ այդ հիասթափությունը նրան մղելու է ավելի ինտենսիվ արտագաղթի:

Իհարկե, կարող են հանրահավաքներ լինել, կարող են այլ ակցիաներ լինել: Բայց ես չեմ կարծում, որ դրանք հարցեր լուծեն. որովհետև ինչ եղել՝ արդեն եղել է: Դիտորդները տվել են դրական գնահատական՝ ելնելով իրեց շահերից: Իսկ հետընտրական զարգացումները հաջողության են հասնում, երբ ունենում են միջազգային կենտրոնների աջակցությունը: Իսկ այդ աջակցությունն այսօրվա դրությամբ չկա: Նշանակում է, որ հնարավոր է՝ ընդվզումները որևէ արդյունք չտան:

Մի այլ բան ևս. արդեն փոխվում է ինտրիգը: Մինչ այս խոսվում էր՝ արդյոք Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում կունենա՞ մենաշնորհ, թե ոչ: Հիմա այլ է ինտրիգը. Հանրապետականի մեջ ո՞ր թևն է գերիշխողը լինելու:

- Եվ ո՞ր թևն է լինելու:

- Եթե Հանրապետականի մեջ եղած ուժերին բաժանենք երեք թևի՝ քրեաօլիգարխիկ, բարեփոխիչներ և երիտթևեր, ապա, իմ կարծիքով, կհաղթեն վերջինները՝ երիտթևի ներայացուցիչները: Ձևավորված տենդենցը ցույց է տալիս, որ բավականին երկար ժամանակով՝ տասը տարի, քսան տարի, թե երեսուն տարի, Հայաստանում իշխելու է այս ուժը: Մի քիչ դեմոկրատական շղարշով: Դե, խորհրդարան անցած մյուս ուժերը կքննարկեն, կգոռգոռան. իրոք, կփորձեն պայքարել: Որտեղ որ պետք լինի, ՀՀԿ-ն ցույց կտա, որ զիջումների է գնում: Բայց որտեղ պետք լինի՝ իրենը կմղի առաջ:

Գոհար Սարդարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter