HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նախագիծն ավելի վատն է, քան գործող օրենքը»․ Նազելի Վարդանյանը՝ ՇՄԱԳՓ-ի նոր նախագծի մասին

Շրջակա միջավայրի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է հրապարակել։ Ըստ ՇՄՆ-ի՝ նոր նախագծով պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի մշակման և փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։

Նախագծի 7-րդ հոդվածով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկվող գործողությունների, շրջակա միջավայրի օբյեկտների և բնութագրերի շարքը համալրվել է։

13-րդ հոդվածով նախատեսվող գործունեության տեսակները՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի ու ըստ բնագավառների դասակարգվում են երկու՝ Ա և Բ կատեգորիաների, գործող օրենքում դրանք երեքն են՝ Ա, Բ, Գ կատեգորիաներ։ Գործող օրենքի 14-րդ հոդվածով սահմանված  Բ կատեգորիայի որոշ բնագավառների գործունեության տեսակներ միացել են  Ա կատիգորիայի նախատեսվող գործունեության տեսակներին և փոփոխվել են դրանց սահմանչափերը, իսկ որոշներն էլ միացել են Գ կատեգորիայի գործունեության տեսակներին, այստեղ նույնպես վերանայվել են սահմանաչափերը։

Վերոնշյալ փոփոխության իրականացումը ՇՄՆ-ն պայմանավորել է այն հանգամանքով, որ գործող կարգավորումներով Ա և Բ կատեգորիաների նախատեսվող գործունեությունների փորձաքննության ներկայացման համար նախատեսված ընթացակարգերը գրեթե նույնն են, միայն սահմանված բազային տուրքի չափն է տարբեր։

Նախագծով գործող կարգավորումներից հանվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլը, ինչպես նաև՝ նախնական փուլի հետ  կապված նախնական գնահատման հայտի ուսումնասիրության, տեխնիկական առաջադրանք կազմելու և ձեռնարկողին տրամադրելու պահանջները։

Սահմանվել են տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության տրամադրման հետ կապված կարգավորումները, այն է՝ նախատեսվել է  ձեռնարկողի կողմից տեղական ինքնակառավարման մարմնին ծանուցմամբ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տեղական ինքնակառավարման մարմնի համար սահմանվել է պահանջ, որ  ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարեն հանրության ծանուցում և ծանուցումից առնվազն 12 աշխատանքային օր հետո իրականացնեն հանրային լսում (լսումներ), և դրանց արդյունքում հանրության գրավոր կամ էլեկտրոնային առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկողին տրամադրեն նախատեսվող գործունեության վերաբերյալ նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն:

Էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան Նազելի Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս օրենքի նախագիծն ավելի վատն է, քան գործողը։ Նազելի Վարդանյանը շեշտում է, որ հանրային 4 լսումների փոխարեն նախագծով 2 լսում է առաջարկվել, մինչդեռ 2 լսումով հնարավոր չէ կազմակերպել գործընթացը։ Նախնական լսումով հարցը երբեմն փակվում էր, և պետությունն այլևս ռեսուրսներ չէր տրամադրում դրա համար։

Ավելին, ըստ իրավունքի մասնագետի, հանրային մասնակցության վերաբերյալ գլուխը նախագծում վերացրել են՝ դարձնելով մեկ հոդված։ Այդ հոդվածում էլ հղում է արվում կառավարության որոշմանը, որով պետք է կարգավորվի հանրային մասնակցությունն այն դեպքում, երբ դրանք օրենքի դրույթներ պիտի լինեին՝ Օրհուսի կոնվենցիայից բխող։

«Այդ կարգը պարտադիր պետք է լիներ։ Այստեղ նաև հակասություն կա, քանի որ «Ընդերքի մասին» օրենսգրքում նշված է, որ Փորձաքննության եզրակացությունը հաստատվում է վարչական ակտով։ Այստեղ դա բացակայում է, և ստացվում է, որ այդ փորձաքննական եզրակացությունը վարչական ակտ չէ և չի կարելի բողոքարկել։ Մենք առաջարկել էինք, որ թե' դրական եզրակացությունը, թե' մերժումը նախարարի որոշմամբ լինեն, և լսումների արդյունքները նույնպես որոշմամբ լինեն, որպեսզի քաղաքացիներն իրավունք ունենան դատարան դիմել և վիճարկել դրանք»,- ասում է Նազելի Վարդանյանը։

Նախագծի 19-րդ հոդվածով սահմանվել է նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման, տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման, վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման, տեղափոխման կամ լուծարման, փակման կամ քանդման, նախագծային փոփոխություն իրականացնելուց առաջ ձեռնարկողի կողմից  լիազոր մարմին հայտ ներկայացնելու պահանջը։

Նախագծով նախատեսվում է այս օրենքով սահմանված գործողություններ իրականացնելուց առաջ ձեռնարկողի կողմից լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի փաթեթի կազմումը վերապահել բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ինչին համապատասխան նախատեսվել են լրացումներ «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում։

Նազելի Վարդանյանն ասում է, որ փորձաքննության ողջ գործընթացը պետք է փոխվի, ոչ թե ձեռնարկողը պետք է փորձաքննական փաթեթը կազմի ու ներկայացնի պետական գերատեսչություն, և պետական գերատեսչությունը միայն այդ փաստաթղթերը նայի և որոշում կայացնի, այլ պետությունն ինքը պետք է իրականացնի փորձաքննությունը։ «Պարզ չի՞, որ ձեռնարկողը, ով փող է տալիս, իր ուզած ձևով են գրում, բերում տալիս է գերատեսչությանը»,- նշում է էկոլոգիական իրավունքի մասնագետը։

«Փորձաքննական եզրակացությունը» հոդվածում սահմանվել է դրույթ այն մասին, որ փորձաքննական դրական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական դրական եզրակացության տրամադրումից հետո՝ երեք տարվա ընթացքում, իսկ գործող օրենքում սահմանված է մեկ տարի ժամկետ։

Ըստ Նազելի Վարդանյանի՝ 3 տարին երկար ժամկետ է, և այս պարագայում ճիշտ չէ, պետք է թողնել մեկ տարի, ինչպես գործող օրենքում է։

Հստակեցվել են փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքերը՝ հղում կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 94.1-ին հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկվելու դեպքերին։

Միաժամանակ, մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նոր խմբագրությամբ շարադրելով օրենսգրքի 94.1-ին հոդվածը, որի շրջանակներում սահմանվել են փորձաքննության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չներկայացնելու հետ կապված պատասխանատվության բոլոր դեպքերն ու տուգանքի չափերը։

Տուգանքի չափերը տարբեր են գործող 94.1-ին հոդվածով սահմանվածից։ Ըստ նախագծի՝ բարձր տուգանքները նպատակ ունեն այսուհետ պարտավորեցնլ ձեռնարկողներին շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործունեությունը սկսելուց առաջ դիմել լիազոր մարմին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ փորձաքննական դրական եզրակացություն, այնուհետև սկսել գործունեությունը։

Մյուս կողմից՝ իրավախախտման դեպքերի համար 94.1-ին հոդվածի սանկցիաներում սահմանվել է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացուման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացակարգերը խախտելն առաջացնում է նախազգուշացում, իսկ մեկամսյա ժամկետում այդ գործողությունները չիրականացնելու դեպքում տուգանք է նշանակված։

Նախագծի 5-րդ գլխում ռազմավարական էկոլոգիական գնահատման վերաբերյալ նոր կարգավորում է սահմանվել, որի շրջանակներում կարգավորվում են փորձաքննության  գործընթացները, դրանց ներկայացվող պահանջները, ռազմավարական էկոլոգիական գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերի տեսակները։

Նշված 5-րդ գլուխը մշակվել է՝ նպատակ ունենալով համապատասխանեցնել «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրության» դրույթները ազգային օրենսդրության դրույթներին, առաջնորդվելով ՌԷԳ արձանագրությամբ ապահովելու ազգային փորձի զարգացումը, ՌէԳ ուղեցույցների մշակումը, ՌԷԳ-ի արդյունավետ իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։

Նախագծի 7-րդ գլուխը վերաբերում է հանրության ծանուցմանը, հանրային լսումների իրականացմանը և դրանց ներկայացվող պահանջներին։ Այս պահանջների սահմանումը բխում է  «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրության» և «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի պահանջներից։

Նախատեսվում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացն իրականացնել ոլորտի լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի նախարարության միջոցով անմիջականորեն՝ առանց ընդերքի բնագավառում լիազոր մարմնի ներգրավվածության՝ միջնորդավորված փաստաթղթաշրջանառության բացառման արդյունքում կրճատելով ժամանակի էական կորուստը։

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի՝

  • Ա կատեգորիայի ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննության համար սահմանվել է պետական տուրք՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով, բացառություն է կատարվել տեղական ինքնակառավարման մարմինների համար` սահմանվել է պետական տուրքը բազային տուրքի չափով, ինչպես նաև ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման համար, որի համար` բազային տուրքի 500-ապատիկի չափով,
  • Բ կատեգորիայի ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննության hամար պետական տուրքը՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով, այս դեպքում նույնպես տեղական ինքնակառավարման մարմինների համար պետական տուրքը բազային տուրքի չափով է,
  • հայտի և ձևաթղթի ուսումնասիրության համար պետական տուրքը բազային տուրքի 15-ապատիկի չափով է։

Պետական տուրքի սահմանման հարցում տարբերակված մոտեցման ցուցաբերումը ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման մասով բխում է փորձաքննական կենտրոնի կողմից ուսումնասիրվելիք փաստաթղթերի ծավալից և բարդությունից: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում բացառությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ պետական տուրքի վճարումները կատարվելու են պետական և տեղական բյուջեներից:

Նազելի Վարդանյանը նաև ասում է, որ նախագծում կիրառվել է ազդակիր համայնք եզրույթը, ինչը հանրային լսումների դեպքում այնքան էլ ճիշտ չէ, քանի որ համայնքները խոշորացել են, իրար են միացել 10-ից ավելի գյուղեր, և հիմա ազդակիր բնակավայրի բնակիչների ձայնը կարող է կորչել ընդհանուր համայնքի բնակիչների ձայների մեջ։

«Եթե լսումն անելու ես համայնքում, կարող է համայնքի 10 բնակավայրի այդ հարցը բացարձակ չհետաքրքրի, հակառակը, նրանք շահեն, քանի որ համայնքի բյուջե մուտքեր կլինեն, ճանապարհներ կկառուցվեն, բայց կոնկրետ ազդակիր բնակավայրի մարդկանց ձայնն արդեն լսելի չի դառնա,- նշում է Նազելի Վարդանյանը։ -Ինչո՞ւ են մարդիկ ճանապարհ փակում, որովհետև նրանց ձայնը լսելի չէ, ու օրենքը չի կարգավորում, որ պարտադիր լինի, ու դա շատ կարևոր է»։

Նազելի վարդանյանի՝ որպես ՇՄՆ-ին կից հասարակական խորհրդի անդամի ներկայացրած ոչ մի առաջարկ ՇՄՆ-ն հաշվի չի առել և չի ներառել նախագծում։

Լուսանկարը՝ Factor.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter