HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բելովեժյան թավուտում ընթանում է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը սկսվել է Բելառուսի Բրեստի մարզում։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։ Բելառուսական БелТА գործակալությունը լուսանկար է հրապարակել, որտեղ բանագնացները փոխանակվել են ձեռքսեղմումով։

Ուկրաինական կողմը ևս հաստատել է, որ բանակցությունները մեկնարկել են։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Կիևի համար օրակարգի գլխավոր հարցերն են կրակի անհապաղ դադարեցումը, զինադադարը և խաղաղ բնակիչների տարհանման համար հումանիտար միջանցքների բացումը։

Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Այնտեղ նաև ներառված են ՊՆ և ԱԳՆ փոխնախարարներ Ալեքսանդր Ֆոմինը և Անդրեյ Ռուդենկոն, Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին և Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը։

Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Դոնբասում կարգավորման հարցով կոնտակտային խմբում ուկրաինական պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը և ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։

Ուկրաինական և ռուսական բանագնացների առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-ին Պրիպյատ գետի ափին։ Դրանից հետո պատվիրակությունները խորհրդակցությունների նպատակով մեկնել էին մայրաքաղաքներ։

Ուկրաինայում մարտական գործողությունների 8-րդ օրվա իրադարձություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Լուսանկարը՝ БелТА գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter