HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանն ու Մոլդովան Եվրամիությանն անդամակցության հայտ են ներկայացրել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու մասին դիմումը։ Ուղիղ հեռարձակումն իրականացվել է կառավարության աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։

«Այսօր պատմական օր է Վրաստանի համար։ Երկրի անունից ստորագրում եմ Եվրամիությանն անդամակցության դիմումը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա հավելել է, որ Վրաստանն իր պատմության ամբողջ ընթացքում դավանել է եվրոպական արժեքները, իսկ եվրոպական ապագան «վրաց ժողովրդի կողմից սահմանված ծրագիր է Վրաստանի բոլոր կառավարությունների համար»։

«Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումն արդեն իսկ մեր ամենօրյա կյանքի մաս են։ Մենք ակտիվորեն ներդնում ենք եվրոպական նորմերն ու չափանիշները մեր երկրի քաղաքական, տնտեսական կամ էլ սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանը նախատեսում էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար դիմել 2024 թվականին, ստանալ 2030 թվականին, սակայն, հաշվի առնելով քաղաքական բովանդակությունն ու նոր իրողությունները, իշխող քաղաքական ուժում նշել են, որ Թբիլիսին որոշել է արագացնել գործընթացը։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Եվրամիությանն արագացված ընթացակարգով անդամակցության հայտ էր ներկայացրել նաև Ուկրաինան։

Մոտ մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ Մոլդովան նույնպես ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու դիմումը։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Մայա Սանդուն։ «Ներկայիս բարդ իրավիճակում մենք պարտավոր ենք գործել արագ և հստակ, որպեսզի մեր քաղաքացիների համար ապահովենք եվրոպական ապագան, ազատությունը և ժողովրդավարությունը»,- հայտարարել է նա։

Ներկայումս 5 երկիր Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ունի։ Հյուսիսային Մակեդոնիան հայտը ներկայացրել է 2004 թվականին, Ալբանիան՝ 2009 թվականին, Սերբիան՝ 2009 թվականին, Թուրքիան՝ 1987 թվականին և Չեռնոգորիան՝ 2008 թվականին։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter