HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը՝ հայերի դեմ իրականացված «Կոլցո» լայնածավալ ռազմական գործողության վերաբերյալ

1991թ. ապրիլի վերջին, մայիսի սկզբներին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության միլիցիայի ջոկատները՝ (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի աջակցությամբ սկսեցին պատժիչ գործողություններ՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից հայաբնակ շրջաններից տեղահանել հայ բնակչությանը:

Իրականացվեց «Կոլցո» լայնածավալ ռազմական գործողությունը, որն ուղղված էր Ադր. ՍՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների որոշ գյուղերի հայ բնակչության վտարմանը:

Այդ գործողության արդյունքում ամբողջովին դատարկվեցին, հիմնահստակ ավերվեցին կամ ադրբեջանցիներով բնակեցվեցին տասնյակ հայկական բնակավայրեր: Բռնատեղահանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, սպանվեցին հարյուրավոր հայեր: Իր ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկած «Կոլցո» գործողության հետևանքով էր հենց, որ շեշտակիորեն սրվեց լարվածությունը տարածաշրջանում, և ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվեց ռազմական հարթություն:

ԵԱՀԽ առաքելության 1992 թ. փետրվարի 28-ի զեկուցման մեջ նշվել է. «1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին իրադրությունը հատկապես սրվեց, երբ խորհրդային բանակը Ադր. ՆԳՆ ստորաբաժանումների օգնությամբ տարածաշրջանի շատ գյուղերից տեղահանեց հայերին: Տեղահանությունն իրականացվել է առանձնահատուկ դաժանությամբ»:

«Կոլցո» ռազմական գործողության ընթացքում տեղի ունեցած դեպքերն իրենց արտացոլումն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում, դարձել լսումների թեմա՝ ՌԴ Գերագույն խորհրդի մարդու իրավունքների կոմիտեում և գնահատվել Եվրախորհրդարանի և ԱՄՆ սենատի բանաձևերում:

Մոսկովյան «Մեմորիալ» միության իրավապաշտպան կենտրոնն արձանագրել է մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ. «Կոպտորեն խախտվել է յուրաքանչյուր մարդու կյանքի, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքը, կիրառվել են կտտանքներ, կատարվել ինքնակամ կալանքներ և ձերբակալություններ, կատարվել են բազմաթիվ գույքային իրավախախտումներ: Բնակչության տեղահանումը կրել է զանգվածային բնույթ: Այդ խախտումներին հատուկ ցինիկություն է հաղորդում այն փաստը, որ խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունը կատարվել է հենց իրավապահ մարմինների կողմից: Այդ ամենի պատասխանատվությունն ընկնում է ինչպես Ադրբեջանի Հանրապետության ՆԳՆ և ՊԱԿ-ի բարձրագույն ղեկավարության, այնպես էլ ԽՍՀՄ ՆԳՆ, պաշտպանության նախարարության և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարության վրա: Այդ հանցագործությունները ստվեր են նետում նաև ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության վրա»:

1991 թ. մայիսի 1-ին ԱՄՆ սենատում ընդունվեց միաձայն որոշում, որով դատապարտվում էին «ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ, Հայաստանի և Ադրբեջանի հայազգի բնակչության դեմ կատարված հանցագործությունները»: Նրանում, մասնավորապես, դատապարտվում էին «Լեռնային Ղարաբաղում և հարակից հայկական բնակավայրերում ու Հայաստանում անմեղ մարդկանց, կանանց և երեխաների վրա կատարված հարձակումները, ռազմական ուժի լայնածավալ կիրառումը, ինչպես նաև Հայաստանի արևելյան և հարավային սահմաններին անզեն բնակչության գնդակոծումները» և կոչ էր արվում «վերջ տալ շրջափակմանը, ուժի գործադրման մյուս ձևերին, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ահաբեկչությանը»:

Մայիսի 25-ին ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների չորրորդ նստաշրջանում քննարկման դրվեց Հայաստանի և Ադրբեջանի մի շարք շրջաններում ստեղծված իրադրության շուրջ զեկույցի նախագիծը, որն էլ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց: Որոշման մեջ, մասնավորապես, նշվում էր, որ «համաձայն մարդու իրավունքների միջազգայնորեն ճանաչված նորմերի և համաձայնագրերի՝ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել խաղաղ բնակչության տեղահանումը, ազատ արձակել պատանդներին և զինված բախումների գործերով քննության տակ գտնվողներին հանձնել ԽՍՀՄ դատախազության վարույթ»:

Այդուհանդերձ, «Կոլցո» ռազմական գործողության ընթացքում թույլ տրված հանցագործություններին համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից, իսկ կազմակերպիչներն ու կատարողները մնացել են անպատիժ: Այն նախադեպ դարձավ, որ Ադրբեջանը նոր ռազմական հանցագործություններ և անմարդկային գործողություններ իրականացնի հայազգի խաղաղ բնակչության նկատմամբ:

Առ այսօր բռնատեղահանված բնակիչները զրկված են սեփական տները վերադառնալու հնարավորությունից և չեն ստացել որևէ փոխհատուցում:

Ափսոսանքով պետք է արձանագրել նաև, որ «Կոլցո» ռազմական գործողությամբ տեղահանության ենթարկված ոչ մի հայկական գյուղ չի հիշատակվում ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջազգային դիտորդների կողմից առաջարկվող և ոչ մի փաստաթղթում:

Արցախի ԱԳՆ տեղեկատվական վարչության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter