HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկեց մարտական գործողություններում զոհված զինծառայողների եղբայրներին բանակից ազատելու նախագիծը

Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որը հնարավորություն է ընձեռելու Հայաստանի սահմանների պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների եղբայրներին, որդիներին, (ընտանիքի անդամներին) ազատվել պարտադիր զինծառայությունից:

Նախագծի հեղինակման համար պատճառ է դարձել պատերազմից հետո պատգամավորի հանդիպումները մի շարք զոհերի ծնողների հետ: Նրա խոսքով` պատերազմում որդի կորցրած ծնողները հոգեբանական ծանր կացության մեջ են հայտնվել ու չեն ցանկանում, որ մյուս որդիները ևս զորակոչվեն:

2022-ի ամառային զորակոչին նախատեսվում է, որ օրենքի շահառու կլինի 10, ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում 52 հնարավոր շահառու կարող է լինել:

Հայկ Սարգսյանի ներկայացմամբ` այժմ զինծառայությունն իրականացնող 16 զինծառայող կա, որոնց եղբայրները զոհվել են մարտական ծառայություն իրականացնելիս, և փոփոխություններից հետո նրանք ևս կարող են զորացրվել:

«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեսակետ հայտնեց, որ յուրաքանչյուր անձ պետք է համապատասխան մասնագիտական ունակություններ ձեռք բերի նաև զորահավաքային խնդիրների վերաբերյալ:

Օհանյանը երկու առաջարկով հանդես եկավ. կամ նման անձինք պետք է վեցամսյա ուսումնական դասընթացներ անցնեն համապատասխան անվտանգության պայմաններում, կամ իրենց ծառայությունը շարունակեն որոշակի անվտանգ պայմաններում:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ առաջարկում է արտոնություններն այլ կերպ սահմանել: Նրա խոսքով` առավել նպատակահարմար է, որ սահմանվի արտոնություն այդ խմբի քաղաքացիների համար, և նրանց ծառայությունն անցնի օրինակ ՊՆ մասնաշենքում, Գլխավոր շտաբում, ԱԱԾ սահմանապահ զորքերի կենտրոնական ապարատներում կամ Երևանին կից զորամասերում:

«Մենք մի կողմից ասում ենք, որ իրավունք ունի չծառայելու կամ իրավունք ունի ծառայելու, բայց երբ խոսում ենք արտոնությունների մասին, ռեալ արտոնություն չկա. իմ առաջարկի դեպքում կլինի ռեալ արտոնություն, որի պայմաններում կսահմանվի ցանկ, որտեղ կարող են ընտրել վերոնշյալ ընտանիքի ներկայացուցիչները ու ծառայություն կրեն պայմանական անվտանգ վայրերում: Կարծում եմ՝ որևէ խնդրահարույց հարց չկա, դա որևէ ձև չի հակասում մեր քննարկումներին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նախագծի քննարկումներն ավարտվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter