HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կայտինգի զարգացումը Շիրակի մարզի հյուսիսում կբերի նաեւ տուրիստական հոսքերի ավելացման

Որոշակի բարձրության ձյան ծածկույթ, համընթաց քամի` 6 մ/վրկ-ից մինչեւ 12 մ/վրկ արագության, համապատասխան սպորտային հագուստ, սնոուբորդ կամ դահուկ եւ իհարկե ամենակարեւորը՝ օդապարուկ: Սրանք ձմեռային կայտինգով զբաղվելու գլխավոր նախապայմաններն են: Արկածային այս սպորտաձեւը Հայաստանում, մասնավորապես` Շիրակի մարզում զարգացնելու նպատակով, անցած տարի ամռանը Գյումրիում հիմնվեց «Հյուսիսային արկածներ» ակումբը: Նախաձեռնությունը Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանինն է:

«Կայտինգն իմ կյանքում հայտնվել է 2010թ.-ից: Ես եւ իմ կուրսընկեր Կարեն Սարգսյանը, որ զբաղվում է ձեռներեցությամբ, մեր պատանեկան, երիտասարդական տարիների տարբեր սպորտային, էքստրեմալ փորձառությունները որոշեցինք ավարտել մի սպորտաձեւով, որ կոչվում է կայտսորֆինգ: Հենց նույն տարում էլ ձեռք բերեցինք մեր առաջին կայտը,-պատմում է Տիգրան Պետրոսյանը,- ինչպես գիտեք, կայտինգի մի քանի ձեւեր կան՝ կայտբորդինգ, սնոուկայտինգ, փաուրկայտինգ՝ երբ քամու էներգիան օգտագործում ես օդապարուկի օգնությամբ ջրի, ձյան կամ հողի վրա սահելու կամ որոշակի ուժային, խաղային վարժանքներ իրականացնելու համար: 2012թ.-ին 4 հոգով հիմնեցինք «Կայտբորդինգի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը վերջին ութ տարվա ընթացքում զբաղվում էր Հայաստանում սպորտաձեւի մասայականացմամբ եւ երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմամբ: Էս ընթացքում, իմ կողմից դադար եղել է, երբ երկու տարի զբաղեցրել եմ Շիրակի մարզպետի պաշտոնը»:

Եթե կայտսեյլինգ (kitesailing) բառը թարգմանենք անգլերենից (kite՝ թղթե օդապարիկ եւ sailing՝ նավարկություն), բառացիորեն կնշանակի` նավարկություն կայտով:

-Մտածում եմ, ձեզ համար ավելի համար է՝ գնում ենք «քամի բռնելու» արտահայտությունը,- դիմում եմ զրուցակցիս:

-Մենք ալիքներ էլ ենք «բռնում», ինչպես սերֆինգիստները,- Տիգրանը ծիծաղում է,- մեր ալիքները լեռների գագաթներն են: Կայտինգով զբաղվողներն ու սերֆինգիստներն իրարից քիչ են տարբերվում՝ երկուսի դեպքում էլ պարտադիր են բնության կողմից ուղարկված ճիշտ ազդակները:

Կայտինգը Հայաստանում լայն տարածում չունի, սակայն լավ նախադրյալներ կան այն զարգացնելու: «Կայտինգը տրավմատիկ սպորտաձեւ է, եւ զբաղվողները պետք է հնարավորինս պաշտպանված լինեն: Այստեղ կարեւորվում է ոչ միայն բարձրակարգ սպորտային գույքն, այլեւ՝ հագուստը,-բացատրում է Տիգրան Պետրոսյանը,- անցյալ տարի մենք դիմեցինք «Եվրամիությունը տուրիզմի համար» ծրագրի շրջանակներում դրամաշնորհի, եւ ստացանք հնարավորություն մեր գույքային բազան համալրելու: Հետո արդեն Հայաստան կբերենք հատուկ լեռնային տարածքների համար նախատեսված օդապարուկներ, մասնագիտացված, ձմեռանը սահելու համար հարմարեցված գույք: Որպեսզի սեզոնային կախվածություն չունենանք, մենք մեր անձնական միջոցներով ձեռք ենք բերել սպորտային գույք ամառային սեզոնի համար եւս»

Կայտինգով կարող են զբաղվել նաեւ սկսնակները, սակայն ֆիզիկական պատրաստվածությունն ամեն դեպքում ցանկալի է: Օդապարուկը կառավարելու նախնական հմտություններին կարելի է տիրապետել 3-4 ժամվա ընթացքում: Սկսնակների համար սպորտաձեւը յուրացնելու ամենահարմար ժամանակահատվածը ձմեռն է: Ձյան կամ սառույցի վրա սահելով՝ կայտի ղեկավարումն ավելի հեշտ է տրվում: Չպետք է մոռանալ նաեւ հմուտ մարզիչի առկայությունը: Երբեմն կայտը կարող է զարգացնել 70-100 կմ/ժ արագություն, սակայն նույնիսկ այս ինֆորմացիան չպետք է վախեցնի կայտինգով զբաղվողին: Փորձառուներն են փաստում՝ վախի դեպքում կարելի է տապալել սահքն անգամ ամենաթույլ քամու դեպքում: «Էն ողջ դրական էներգիան, որ դու ստանում ես սահելուց, հնարավոր չէ ոչ մի բանի հետ համեմատել»,-խոստովանում է զրուցակիցս:

Ձմեռային կայտինգի զարգացումը Հայաստանի հյուսիսիում կբերի որոշակի աշխուժացման նաեւ զբոսաշրջային առումով, համոզված է Տիգրան Պետրոսյանը: Վերջինս խոսում է Շիրակի մարզի հյուսիսային հատվածի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելուն ուղղված քայլերի մասին: Աշոցքում եւ Ամասիայում 6-7 ամիս ձմեռ է: Բնակիչների մեծ մասը չեն սիրում այդ ժամանակահատվածը: Եթե մարդը սեփական բնակավայրում չունի հարմարավետության տարրական պայմաններ, դժվար է նրան համոզել միջոցներ ներդնել եւ սպասել, որ մի քանի տարուց կարող է ապրել եվրոպացու նման: Հասարակ բնակիչը պետք է զգա նաեւ կառավարության աջակցությունն ու մտահոգությունը: 

«Եթե դու սոցիալապես բարեկեցիկ կյանքով չես ապրում, ցրտերն ընկնելուն պես ուշքդ ու միտքդ վառելիք հայթայթելն է, ձյունը շատ եկավ, մի երկու օր ճանապարհ փակվեց՝ վերջ, խնդիր է, երբ ապրում ես գրեթե կղզիացած վիճակով, որովհետեւ քո գյուղ բերող ճանապարհը սարսափելի վիճակում է՝ ո՛չ ամռան, ո՛չ ձմռան հմայքները վայելելու ցանկություն այլեւս չի մնում,- նկատում է զրուցակիցս,- դե, իհարկե, հասկանալի է, որ հիմա ինչ էլ անենք Ամասիան կամ Աշոցքը ավստրիական Ինսբրուք չեն դառնա, անգամ հայկական Ծաղկաձորի հետ չեն կարող ոտք մեկնել: Սակայն պետք է այնպես անել, որ այդ տարածքում ապրողները կարողանան օգուտ տեսնել վեց ամիս տեւող ձմռան մեջ, չնեղվեն, որ ամառն ընդամենը երկու ամիս է տեւում, կարողանան այս ամբողջ թվացյալ անհարմարության մեջ գտնել գրավիչը: Սրան շատ ավելի արագ կհասնենք, եթե ենթակառուցվածքների առումով մեծ ներդրումներ արվեն՝ սպորտբազաներ, հանգստյան գոտիներ, գյուղական հյուրատներ, ճանապարհների հասանելիություն եւ այլն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter