Թովմասյանն առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին տրամադրվող վարձավճարի փոխհատուցման համակարգը
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ պայմանագրային զինծայողները Կադաստրի կոմիտեի վկայականի հիման վրա բնակարանի վարձավճարի փոխհատուցում ստանան:
Ըստ նախագծի` ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափերով: Գործող կարգավորումներով` փոխհատուցում տրվում է, եթե զինծառայողը բնակարանի վարձակալության պայմանագիր է կնքում:
«Այսօր պայմանագրային զինծառայողներին սոցիալական երաշխիքների անվան տակ տրվող գումարները վարձավճարի համար դառնում են պատուհաս: Զինծառայողները ապրում են վարձով և նաև դատապարտվում խարդախության համար»,- ասաց Թովմասյանը:
Պատգամավորի խոսքով՝ բնակարանի վարձակալության պայմանագիր չունենալով՝ զինծառայողը ստիպված է լինում այլ տան համար պայմանագիր կնքել` նոտարով սահմանված կարգով և ստանալ վարձավճարի փոխհատուցում: Թովմասյանը տեղեկացրեց` դատախազությունից իր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 81 զինծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հոդվածով:
«Այսինքն՝ զինծառայողը վարձով ապրելու համար խարդախության հոդվածով դատվում է: Եվ որպեսզի այս իրավիճակը կանխենք, և այդ 81 հոգին չդառնան 800 կամ 8000, առաջարկում եմ, որ այսուհետ ոչ թե զինծառայողից պահանջենք նոտարական վավերացմամբ վարձակալության փաստաթուղթ, այլ միայն Կադաստրի կողմից տրված տեղեկանք, որ զինծառայողն իր բնակության վայրից 30 կմ շառավղով որևէ սեփականություն չունի»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորի խոսքով` հիմա զինծառայողներին դատում են նույն խնդրի համար, բայց ԱԺ դահլիճում նստած են պատգամավորներ, որոնք ապրում են իրենց կնոջ տանը և ստանում վարձավճարի փոխհատուցում, բայց նրանք չեն դատապարտվում:
«Հիմա ստացվում է, որ պատգամավորին կարելի է, զինծառայողին՝ ոչ: Առաջարկում եմ օրենսդրական այս նախաձեռնությամբ այդ խութերը վերացնել»,- ասաց նա:
Քաղաքական մեծամասնության պատգամավոր Բաբկեն Թունյանն արձագանքեց` խնդիրն այլ տեղ է տեսնում:
«Խնդիրը նրա մեջ է, որ այն մարդիկ, որոնք վարձով բնակարաններ են տալիս զինծառայողներին, պայմանագիր չեն կնքում, որովհետև չեն ցանկանում, որ այդ գործարքը գրանցվի, այսինքն՝ ցանկանում են հարկ չվճարել պետությանը»,- ասաց պատգամավորը: Արձագանքելով Թովմասյանի մտքին, որ զինվորականները դատվում են վարձով բնակվելու համար, իսկ պատգամավորները՝ ոչ, Թունյանն ասաց.
«Զինվորականները ոչ թե վարձով բնակվելու համար են դատվում, այլ այդ պայմաններն ապահովելու պատճառով կեղծ պայմանագիր կնքելով: Նաև ուզում եմ ասել, որ պատգամավորները փոխհատուցումը ստանում են միայն այն դեպքում, երբ վարձակալության պայմանագիրը ներկայացնում են»:
Նախագծի քննարկումն ավարտվեց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել