HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բժիշկ Դավիթ Հակոբյանը զոհվել է շտապօգնության մեքենայում

Բժիշկ Դավիթը Հակոբյանը մինչև հոկտեմբերի 20-ը ամեն օր զանգահարել է Երեւանում ապրող հորեղբոր աղջկան՝ Անիին, երկար չեն զրուցել, միշտ վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է։ Այդ ժամանակահատվածում Դավիթը կարողացել էր ամեն օր մի քանի րոպեով խոսել նաև ԱՄՆ-ում բնակվող ծնողների ու քույրերի հետ։

Հոկտեմբերի 24-ին Դավիթը զանգահարել է Անիին, տեղեկացրել, որ հեռախոսը կորցրել է, երեկոյան ինքը նրա հետ նորից կապ կհաստատի, սակայն զանգ չի եղել։

Լեյտենանտ Դավիթ Հակոբյանը զոհվել է 2020 թ.-ի հոկտեմբերի 25-ին ԱԹՍ-ի հարվածից՝ շտապօգնության մեքենայում։

Դավիթ Հակոբյանը ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետում վեց տարի սովորելուց հետո ծառայության է անցել «Ես եմ» ծրագրով։ Ծառայել է Ճամբարակում, Նոյեմբերյանում, 2020-ի օգոստոսին տեղափոխվել է Արցախ՝ Մարտունի 2՝ որպես բուժծառայության բժիշկ։ 

Դավիթը ծնունդով Ուջանից է, սակայն Երևանում էր բնակվում, 3 քույր ունի։

Ծնողները 2019-ին մեկնել էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ դստրերի մոտ, որդին որոշել էր ուսումը Հայաստանում ավարտել։ 

Զարմուհու խոսքով՝ Դավիթի՝ Արցախ տեղափոխվելուց հետո չէին այցելել նրան, անհրաժեշտ իրերն էլ կարողացել էին ուղարկել սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից 2 օր առաջ։

«Ղարաբաղը սիրում էր, արդեն հարմարվել էր, զանգում էր պալմաների ծառերն էր ցույց տալիս, մոտակայքում խանութ կար, ծանոթացել էր աշխատողների հետ, կամաց-կամաց հարմարվում էր»,- ասում է Անի Հակոբյանը։ 

Պատերազմի առաջին օրը Դավիթի հայրը՝ Նորայր Հակոբյանը, վաղ առավոտյան զանգել է զարմուհուն, խնդրել որդուց տեղեկություններ իմանալ: «Նա էլ պատերազմի մասնակից էր, լավ է պատկերացնում՝ կռվի դաշտում ինչ է կատարվում։ Ասացի՝ Դավիթի հետ ամեն ինչ լավ է, ինքը բժիշկ է, ոչինչ չի լինի»,- հիշում է Անին։

Պատերազմի առաջին օրվանից Դավիթը Մարտունի-2 զորամասում չի եղել, չի հայտնել՝ որ ուղղությամբ են գնում, վիրավորների մասին էլ ոչինչ չի ասել։ Քրոջ հետ ամեն ինչի մասին զրուցել են, բացի պատերազմից: Մարտունիում Դավիթի վարձակալած բնակարանը հրետակոծության հետևանքով վնասվել էր և չէր կարողացել իր տուն բարձրանալ։

«Իր մեջ ընդհանրապես վախ չկար, ինքն էր մեզ դուխ տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի։ Հավատքով սպասում էր, որ լավ բան է լինելու, չգիտեմ, ինչ-որ սպասելիք ուներ, որ լավ է լինելու։ Երկար չէր խոսում, ասում էր՝ շատ բան եմ տեսել, բայց պատմելու չէ»,- հիշում է Անին։

Դավիթի հայրը՝ Նորայր Հակոբյանը, մեզ հետ տեսազանգի ընթացքում ասաց, որ ցանկացել է պատերազմի օրերին Հայաստան գալ, Արցախ մեկնել, բայց Դավիթը չի թողել, կրկնել է, որ ամեն ինչ լավ է։ Նորայր Հակոբյանն Արցախյան 1-ին պատերազմի մասնակից է, սակայն անհամեմատելի է համարում 2 պատերազմները:

«Էն պատերազմում ես եղել եմ սարսափելի տեղում՝ Ջանհասանում, երկու կողմից կրակի տակ, սարսափելի էր, բայց որ նայում եմ՝ էս երեխեքը ինչ պատերազմ են տարել, իրանք կանգնած են եղել հրեշավոր մի մեքանայի դեմ։ Դավիթը էս ի՜նչ դառնություն ու տառապանք է տեսել էդ մի ամսում․․․․»,- ասում է հայրը։

Հոկտեմբերի 21-ին քրոջ հետ խոսել է ընկերոջ հեռախոսահամարից, հեռախոսը կորցրել էր վիրավորների հետևից գնալիս։ Հոկտեմբերի 23-ի երեկոյան Դավիթը նորից զանգահարել է քրոջը, զգուշացրել, որ հետ չզանգի, ինքը կզանգահարի։ Ու այդպես էլ չի զանգել։

Հոկտեմբերի 25-ի երեկոյան Անին զանգահարել է վերջին անգամ եղբոր զանգած համարով։ «Բարևեցի, ասացի՝ կարո՞ղ եմ Դավիթի հետ խոսել։ Միանգամից մի նախադասություն լսեցի՝ Դավիթը զոհվել ա, ու հեռախոսը անջատեցին… ինձ կորցրի, նորից զանգեցի, ասացին՝ կրկնում եմ, Դավիթը զոհվել ա, իմ տեղն էլ հարմար չի, չեմ կարող խոսել։ Ասացի՝ շփոթվել եք, չի կարող, բժիշկ Դավիթի մասին եմ խոսում․․․․հաստատեց ասածը, ավելացրեց, որ Դավիթին Գորիսի դիահերձարանում փնտրենք»,- պատմում է Անի Հակոբյանը։

Հեռախոսին պատասխանողը չի ներկայացել, հետո պարզել են, որ Դավիթի ծառայակից բժիշկներից է եղել, որն էլ հետագայում պատմել է, որ հոկտեմբերի 24-ին շտապօգնության 4 մեքենաներով շարժվել են Մարտունիից դեպի Ֆիզուլի՝ վիրավորներին օգնություն ցույց տալու։

Դավիթը գտնվում էր առջևից ընթացող մեքենայում: Ճանապարհին վիրավորին ներարկում անելու համար մեքենան մի պահ կանգ է առել, Դավիթն իջել է, ետնամասից մոտեցել է մեքենայում գտնվող վիրավորին, բայց չի հասցրել օգնություն ցույց տալ, ԱԹՍ-ն խոցել է մեքենան։

Վիրավորներ տեղափոխող մեքենայից փրկվել է միայն շտապօգնության վարորդը՝ Սիմոն Հովսեփյանը, որը մեքենայից դուրս էր թռել։ Նա Դավիթի հարազատներին հաստատել է իրենց որդու զոհվելու հանգամանքները։ 

Դավիթը զոհվել է գլխի շրջանում բեկորային վիրավորումից։

Հոկտեմբերի 25-ի գիշերը Աշտարակի դիահերձարանից զանգահարել են Հակոբյանների ընտանիքին, տեղեկացրել, որ Դավիթի մարմինն իրենց մոտ է։ «Դեմքին ոչինչ չէր եղել, բեկորները գլխին էին կպել»,- ասում է Անին։

Մասնագիտության ընտրության հարցում Դավիթը վաղ տարիքում է կողմնորոշվել, հետաքրքրվել կենսաբանությամբ, անատոմիայով։ Անին հիշում է, որ եղբայրը  կենդանիների վրա տարբեր փորձեր էր անում: «Էնպիսի հիշողություն ուներ, ես էդպիսի բան չէի տեսել։ ԵՊԲՀ ընդունելության քննությանը 3 հատ 20 էր ստացել, բոլորն ապշել էին։ Ես չէի ուզում բժիշկ դառնար, խոսել եմ հետը, որ դա հոգեկան աշխարհի վրա ազդող գործ է, դժվար է մարդու մարմին կտրել, կարել։ Կենսաբանությունը, քիմիան շատ արագ է զարգանում, ասում էի՝ ՏՏ մասնագետ դարձիր, բայց արդեն որոշել էր՝ բժիշկ էր դառնալու»,- հիշում է հայրը։

Ծառայությունն ավարտելուց հետո պիտի ամուսնանար, ընկերուհին ևս բժիշկ է, միասին էին սովորում ԵՊԲՀ-ում։ 

Անին պատմում է, որ եղբայրն ամեն ինչ ուզում էր ինքնուրույն անել, ոչ մի հարցով շրջապատին չանհանգստացներ։

«Ուր մտնում էր, ասում էին՝ եկավ, դոկտորը եկավ։ Ինքը մեր միջի ամենազուսպն էր, բոլորիցս տարբերվում էր։ Ցավ էր բոլորի համար Դավիթի մահը»,- ասում է Դավիթի հորեղբորորդին՝ Դանիելը։

Դավիթը հուղարկավորված է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, որտեղ նրա հիշատակին հուշակոթող է կանգնեցվել։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ կարգի շքանշանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter