
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կմեկնի Բաքու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մարտի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Բաքու։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ Չավուշօղլուին կընդունի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրանց հանդիպումը կկայանա փակ ռեժիմով, որից հետո նախարարները համատեղ մամուլի ասուլիս կունենան։
Նշվում է, որ հանդիպման հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղը։ Բացի այդ, կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում առկա իրավիճակը։
Նախատեսվում է, որ Չավուշօղլուն կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հիշեցնենք, որ փետրվարին Ադրբեջանն ու Թուրքիան վավերացրեցին «Շուշիի հռչակագիրը»։ Փաստաթղթում նշվում է, որ կողմերը պարտավորվում են միմյանց տրամադրել ռազմական աջակցություն՝ երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականության կամ անկախության համար առկա սպառնալիքների պարագայում։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել