Չեխիայի ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինային 523 միլիոն եվրոյի ռազմական աջակցության մասին
Պրահայում Ուկրաինայի դեսպանությունը, Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, չեխական պաշտպանական և անվտանգային արդյունաբերությունն ու պետական այլ մարմիններ ստեղծել են Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայի ու սարքավորումների անհապաղ ձեռքբերման և ուղարկման համակարգ, որը կարող է գործարկվել մի քանի օրվա ընթացքում։ Այդ մասին նշվում է Չեխիայի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Այդ նպատակով հավաքվել էին 523 միլիոն եվրոյի (576 միլիոն ԱՄՆ դոլար) չեխական պաշտպանական և անվտանգային արդյունաբերության ռազմական տեխնիկա և սարքավորումներ, ինչն ամբողջությամբ համապատասխանում է Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին՝ ներառյալ Տարածքային պաշտպանական ուժերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Չեխական կողմի պնդմամբ՝ անհրաժեշտ տեխնիկայի և սարքավորումների ցանկը քննարկվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ, իսկ ռազմական օգնությունը պատրաստ է առաքվելու այդ երկիր։
Ռազմական տեխնիկա և սարքավորումներ ձեռքբերելու նպատակով Պրահայում Ուկրաինայի դեսպանությունն սկսել է հանրային հանգանակություն և բացել բանկային հաշիվ, որին բնակչությունը կարող է ֆինանսական նվիրատվություններ անել։
Հինգ օրվա ընթացքում հավաքվել է մոտ 17,5 միլիոն եվրո (19,5 միլիոն դոլար) գումար։ Դրանից 16,5 միլիոն եվրոն (18 միլիոն դոլար) արդեն իսկ օգտագործվել է ամենաանհրաժեշտ ռազմական տեխնիկայի ու սարքավորումների գնման համար։ Ընդ որում, այդ սարքավորումների մի մասն արդեն իսկ հասել է Ուկրաինա կամ էլ կհասնի առաջիկա երկու օրվա ընթացքում։
Միևնույն ժամանակ, Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հնարավոր նվիրաբերությունների համար, կապի մեջ է կառավարական մի շարք մարմինների հետ։
Չեխիայի ՊՆ-ն նշում է, որ Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու այս համակարգը եզակի է և արդյունավետ, ինչի մասին վկայում են միջազգային մեծ արձագանքն ու նվիրաբերությունները։
Չեխական պաշտպանական գերատեսչության պնդմամբ՝ առաջիկա օրերին նախարարությունը կշարունակի Պրահայում Ուկրաինայի դեսպանության և չեխական ընկերությունների հետ միասին համակարգել առաքումները՝ հաշվի առնելով Ուկրաինայի զինված ուժերի ընթացիկ կարիքները։
Լուսանկարը՝ արխիվային/Sergei Supinsky/AFP via Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել