Ռուսաստանում արգելափակվեց Facebook-ը
ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզորը) պաշտոնապես հայտարարեց Ռուսաստանի տարածքում Facebook սոցիալական ցանցի արգելափակման մասին։
«2022 թվականի մարտի 4-ին որոշում է ընդունվել Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելափակել Facebook ցանցին հասանելիությունը (պատկանում է Meta Platforms, Inc. ընկերությանը)»,- նշվում է ռուսական գերատեսչության հայտարարության մեջ։
Վերջինիս պնդմամբ՝ արգելափակման պատճառն այն է, որ 2020 թվականի հոկտեմբերից նկատվել է Facebook-ի կողմից ռուսական ԶԼՄ-ների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականություն։ «Վերջին օրերին սոցիալական ցանցը սահմանափակել է «Звезда» հեռուստաընկերության, «РИА Новости», «Sputnik», «Russia Today» տեղեկատվական գործակալությունների, «Лента.ру» և «Газета.ру» տեղեկատվական ռեսուրսների հաշիվներին հասանելիությունը»,- պնդում է Ռոսկոմնադզորը։
Meta ընկերությունն արդեն իսկ արձագանքել է Ռուսաստանում սոցիալական ցանցի արգելափակմանը։ «Շուտով միլիոնավոր սովորական ռուսաստանցիներ կհայտնաբերեն, որ իրենց կտրել են ստուգված տեղեկատվությունից, զրկել են իրենց ընտանիքների ու ընկերների հետ ամենօրյա շփման հնարավորությունից ու ստիպել լռել։ Մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի վերականգնենք մեր ծառայությունները, որ դրանք մնան հասանելի այն մարդկանց համար, որոնք կարող են անվտանգ կերպով արտահայտել իրենց մտքերն ու կազմակերպել իրենց գործողությունները»,- հայտարարել է ընկերության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի գծով փոխտնօրեն Նիք Քլեգը։
On the Russian government's decision to block access to Facebook in the Russian Federation: pic.twitter.com/JlJwIu1t9K
— Nick Clegg (@nickclegg) March 4, 2022
Ռուսաստանում Facebook-ի հասանելիության հետ կապված խնդիրների մասին հայտնի էր դարձել մարտի 4-ի գիշերը։ Այդ ժամանակ նշվում էր Twitter-ի աշխատանքի սահմանափակումների մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոսկոմնադզորն արգելափակել է «Deutsche Welle»-ն, «BBC»-ն, «Ազատություն ռադիոկայանը», «Ամերիկայի ձայնը» և «Meduza»-ն։
Իլյուստրացիան՝ tylaz.net-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել