HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման Եվրոպայի տարածաշրջանային ֆորումը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ  Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը մարտի 1-6-ը կազմակերպել էր ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումը (Բրյուսելում՝ մարտի 1-3, Պրահայում՝ մարտի 4-6), որին հրավիրվել էին մասնակցելու ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանի Հայրապետական պատվիրակությունների, թեմերի և հովվությունների երիտասարդները։

Մայր Աթոռի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բրյուսելում ֆորումին հրավիրված էին մասնակցելու երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ՝ Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Հոլանդիայի հայոց հովվություններից, Գերմանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև՝ Ռումինիայի և Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմերից։

Պրահայում ֆորումին հրավիրված էին մասնակցելու երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ՝ Չեխիայից, Ավստրիայից, Նորվեգիայից, Դանիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Բալթյան երկրներից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռումինիայից։

«ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի աշխատանքային օրակարգը հարուստ էր՝ հոգևոր զրույցներ, երիտասարդական քրիստոնեական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ուղղված բանախոսություններ և աշխատարաններ։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանը երիտասարդներին ներկայացրեց Գրասենյակի առաքելությունը, տարածաշրջանային կառուցվածքը և հոգևոր–երիտասարդական ծրագրերը։

Ֆորումի ավարտին մասնակիցներին և կազմակերպիչներին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից շնորհվեցին երախտագրեր, շնորհակալագրեր, մասնակցության վկայականներ։

Մարտի 5-ին համաժողովի մասնակից հոգևորականներին Պրահայի իր նստավայրում ընդունեց Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան։

Հանդիպմանը մասնակցում էին՝ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Չեխիայի Հայոց հովվության հոգևոր հովիվ Հոգեշնորհ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը, Դանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, Շվեդիայի «Սուրբ Մարիամ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը»,- նշվում է հայտարարության մեջ։

Հանդիպման ընթացքում Կարդինալը ներկայացրեց Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու պատմությունը, անդրադարձավ չեխ և հայ ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես՝ Չեխիայի թեմի և Հայ Առաքելական Եկեղեցու հետ հարաբերություններին։ Կարդինալն իր ողջույնները փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀԵՀԵՄ Եվրոպա տարածաշրջանային ֆորումի բոլոր մասնակիցներին։

2022թ.-ին նախատեսված հաջորդ՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը կմեկնարկի Կահիրեում՝ մարտի 31-ապրիլի 4։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter