
Պատգամավորի որդին հանձաժողովի նախագահին սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիրի ամենալարված մթնոլորտով ընտրատարածքներից մեկը թիվ 21-ն էր: Այս ընտրատարածքից իրենց կուսակցությունների համար ձայներ հավաքելու «սուրբ գործին» նվիրվել էին պատգամավորներ՝ ՀՀԿ-ից Նահապետ Գևորգյանը (Նովո) և ԲՀԿ-ից Ռուստամ Գասպարյանը: Քանի որ վերջիններիս հարաբերություններն այնքան էլ լավ չեն, լարվածությունն ավելի էր մեծացել:
Տեղեկություն ունենք, որ մայիսի 7-ին՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, երբ մարզի Այգևան գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը ընտրական փաստաթղթերը տեղափոխելիս է եղել Արմավիր քաղաքում գտնվող թիվ 21 ընտրատարածք, ճանապարհին նրան կանգնեցրել է ԱԺ պատգամավորներից մեկի որդին (որի անունն առայժմ չենք հրապարակում) և պահանջել իրեն տրամադրել արձանագրությունները՝ սպառնալով չտրամադրելու դեպքում հաշվեհարդար տեսնել:
Մեր տեղեկություններով, Արմեն Սարգսյանը մի կերպ կարողացել է կռվից խուսափել և ներկայանալ ԲՀԿ շտաբ, այնտեղից էլ մի քանի տասնյակ մարդկանց ուղեկցությամբ փաստաթղթերը տարել են թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողով:
Պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք Արմեն Սարգսյանին: Նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց կատարվածը: «Ես ձեզ տվյալներ կտամ, եթե դուք ներկայանաք «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ Ռուստամ Գասպարյանի մոտ, եղա՞վ: Միայն մեր կամանդիրի ներկայությամբ»,- ավելացրեց Այգևանի հանձնաժողովի նախագահը:
Երեկվանից փորձում ենք կապ հաստատել պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարներն անհասանելի են:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել