
ԵՊԲՀ-ն 100 օր՝ 100 վիրահատության և անվճար խորհրդատվությունների շարք է սկսում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնագետները սկսում են «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը։ Ծրագիրը կմեկնարկի մարտի 8-ին և կտևի մինչև հունիսի 18-ը։
Ըստ ԵՊԲՀ հաղորդագրության՝ համալսարանական նախաձեռնությունը կազմված է միմյանց հետ փոխկապակցված երեք միջոցառման փաթեթից:
Մարտի 12-ից սկսած ԵՊԲՀ-ի մասնագետները 100 օրվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 11:00-14:00, կիրականացնեն անվճար խորհրդատվություն «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների պոլիկլինիկաներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:
Խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում կիրականացվի 100 վիրաբուժական միջամտություն 50% զեղչով, ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը:
100 օրվա ընթացքում համալսարանական մասնագետները կիրականացնեն սահմանված թվով այցելություններ Հայաստանի մարզեր` համաձայնեցնելով ՀՀ ԱՆ և մարզպետարանների հետ:
Խորհրդատվության հիման վրա բժշկի կողմից կտրամադրվի հատուկ ուղեգիր (կցված է), որը հիմք կհանդիսանա հետագա վիրաբուժական միջամտությունները 50% զեղչով իրականացնելու համար:
Ծրագիրը կհամակարգվի ԵՊԲՀ կլինիկական ոլորտի պատասխանատուների կողմից:
Մեկնաբանել