«Մեր դիրքորոշումը պետք է տարանջատված լինի` Ուկրաինայի ժողովուրդ ու կառավարություն»․ Վահե Հակոբյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը ստեղծված իրավիճակում կարևոր է համարում դրամ-դոլար փոխարժեքների կայունությունը պահպանելը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին հայտնեց ընդդիմադիր պատգամավորը:
«Որոշ տվյալներով օրը 6000 ՌԴ, նաև Ուկրաինայի քաղաքացիներ գալիս են Հայաստան ու բերում ռուբլի, դա փորձում են փոխանակել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տարադրամի արտահոսք չլինի, որքանով ես տեղեկացված եմ Էկոնոմիկայի նախարարությունում մշակվում է նման բանաձև, որ ցանկացած օտարերկրյա ներդրող ինչ-որ բանկում հաշիվ բացելուց առնվազն վեց ամիս պետք է պահի այդ գումարը»,- ասաց նա:
Մյուս խնդիրը պատգամավորը հացահատիկի պաշարների հնարավոր պակասելն է համարում: Նա հիշեցնում է` հացահատիկի մեծ մասը Հայաստանը ներկրում է ՌԴ-ից, և եթե ՌԴ-ն արտահանման արգելք կիրառի, Հայաստանը խնդրի առաջ կարող է հայտնվել:
Նա անդրադարձավ կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն կոչին, թե ով 3000 հա հող ունի, թող ցորեն ցանի: Պատգամավորն այն դիլետանտ մոտեցում որակեց` ասելով, որ ամեն հողի վրա հնարավոր չէ ցորեն ցանել:
Հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ստեղծված ռազմական կոնֆլիկտի շուրջ իր համար ընդունելի է, Վահե Հակոբյանն ասաց.
«Ես տեսանելի ոչինչ չեմ տեսնում, տեսնում եմ չեզոք դրսևորում: Տուժում են ժողովուրդները, Ուկրաինայի ժողովուրդը` պատերազմի վտանգի տակ, Ռուսաստանի ժողովուրդը` սանկցիաների տակ: Բայց մենք չենք մոռացել չէ Ուկրաինայի ղեկավարության դիրքորոշումը, երբ պատերազմն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով, ինչպես էր Զելենսկին շնորհավորում Ալիևին ու ամեն կերպ օգնում պատերազմի օրերին: Մեր դիրքորոշումը պետք է տարանջատված լինի` Ուկրաինայի ժողովուրդ ու կառավարություն»,- ասաց Հակոբյանը:
Պատգամավորի կարծիքով` Ուկրիանայի իշխանությունների անհեռատես քաղաքականությունն է այս վիճակին հանգեցրել, և ՌԴ-ն չուներ այլընտրանք: Ըստ նրա` այս վիճակում ՀՀ իշխանությունները պետք է զգուշավոր քաղաքականություն վարեն:
Մեկնաբանել