
Սևակ Արզարունու համար զարմանալի է, որ Նարեկ Հարթունյանին մեղադրանք է առաջադրվել
Նարեկ Հարթունյանի գործով մայիսի 7-ի դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց Սևակ Արզարունին, ով, ի դեպ, հիմնական հեղինակն է այս ողջ դատական գործընթացի:
Ս. Արզարունու, ինչպես և մյուս վկաների ցուցմունքներում առկա էին հակասություններ՝ համեմատած նախաքննության ժամանակ տված ցուցմունքների հետ, որոնց հիման վրա կալանավորվել էին Ն.Հարթունյանը, «Ջի Էյջ Սթորիջ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Ա.Մնացականյանն ու ընկերության հաշվապահ Ա.Գալստյանը՝ հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
Ս. Արզարունին հայտնեց, որ ընկերության և Հարթունյանների ֆինանսական շարժն իր հսկողությամբ էր իրականացվում, և այդ ամենի թիկունքում կանգնած են Նարեկ Հարթունյանի՝ ԱՄՆ-ում գտնվող եղբայր Սարո Հարթունյանը, մեղադրյալ Ա.Մնացականյանն ու Ա.Գալստյանը, և որ ինքն էլ զարմացել է, երբ իմացել է, որ Նարեկին մեղադրում են հարկերից չարամտորեն խուսափելու և փողեր լվանալու մեջ:
Չնայած իր նախկին ցուցմունքերում Ս. Արզարունին մեղադրում էր նաև Ն.Հարթունյանին՝ դատարանում հայտնեց, որ Նարեկը Հայաստան էր ժամանել միայն «Նարեկացի» արվեստի միության գործերով, որ ի սկզբանե իրեն և Նարեկին միավորել են հայրենիքի նկատմամբ ունեցած ընդհանուր գաղափարները, և իրենք աշխատել են հանուն հայրենիքի բարօրության. ԼՂՀ-ում իր գլխավորությամբ Քնարավան գյուղն է կառուցվել, աջակցել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության շինարարությանը և այլն:
Քնարավանում կառուցված տների որակի և դրանց՝ սողանքային վայրում կառուցված լինելու մասին Ս. Արզարունին լռեց: Նա չասաց նաև, որ նախօրորք իրեն տեղեկացրել էին այն մասին, որ այդ տարածքում տներ կառուցելը վտանգավոր է:
Ցուցմունք տալու ընթացքում Ս. Արզարունին խոստովանեց, որ 2010թ. սեպտեմբերի 25-ին, իրոք, «վիճաբանելու նպատակով» գնացել է «Ջի Էյջ Սթորիջ» ՍՊ ընկերության գրասենյակ և կոտրել Հարթունյան ընտանիքի մոր հիշատակին դրված իրերը՝ չնայած դա հարձակում չորակեց:
«Մի երկու ապակու պոլկա ջարդելը հարձակո՞ւմ է»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն այնտեղ է գնացել, քանի որ ցանկացել է պարզաբանումներ ստանալ Նարեկից՝ իր նկատմամբ վերաբերմունքի մասին: Նա, սակայն, չնշեց, որ ընկերություն է գնացել մահակներով ու թիկնապահներով, ինչպես հավաստիացնում են ընկերության աշխատակիցները:
Պաշտպանական կողմի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց մեկ այլ հետաքրքրական փաստի վրա. վկաներ Ս.Արզարունու և նրա թիկնապահ Էդգար Ղարիբյանի տպագիր ցուցմունքները 1/3 էջի չափով նույնությամբ կրկնվում են բառ առ բառ, և ստացվում է, որ Սևակ Արզարունին իր ցուցմունքում ինքն իր մասին խոսում է երրորդ դեմքով:
Թե ինչպես է ստացվել, որ բացարձակ համընկնում են այս երկու վկաների ցուցմունքների անգամ կետադրական նշանները, վկան չկարողացավ բացատրել. ինքը միայն ցուցմունք է տվել, թե ինչ է արձանագրվել, չի կարող բացատրել: Ակնհայտ է, որ քննիչ Ռ.Մկրտչյանը համակարգչային «copy paste»-ի միջոցով ուղղորդել է Սևակ Արզարունուն, որն էլ հոժարակամ ստորագրել է այդ ցուցմունքը:
Ս. Արզարունուց հետո ցուցմունք տվեց ընկերության նախկին պահեստապետ Լենդրուշը, ով հաստատեց, որ ընկերությունում եղել է ՀԴՄ, իրականցվել է մանրածախ առևտուր. ընկերության աշխատակիցները երբեմն որոշ ապրանքներ էին գնում հենց ընկերության պահեստից: Նա իր ցուցմունքում նշեց նաև, որ անվտանգության աշխատակիցների կողմից հսկվող անցագրային կետի հակառակ կողմից՝ պահեստի դարպասների մոտից, ապրանքներ էին բաց թողնվում նաև շրջաններից բեռնատարներով ժամանող անձանց:
Դատավորը նիստը հետաձգեց՝ հաջորդ դատական նիստը նշականելով մայիսի 11-ին:
Հարթունյան ընտանիքի մամուլի քարտուղար Մարիամ Մուղդուսյան
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել