HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաժողով՝ ուսուցման ստեղծարար եւ թվային մեթոդների վերաբերյալ

Հայաստանի ամերիկյան համալսարանում մարտի 7-ին տեղի ունեցավ «Ակտիվ ուսումնառությունը ԳիտՍԵՐունդի հետ» համաժողովը և «ԳիտՍԵՐունդ» ծրագրի ընդլայնված աշխատարանների բացման արարողությունը։

Համաժողովի բացմանը ուղերձներով և բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ․ Թրեյսին, ՀՀ ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ դր․ Կարին Մարկիդեսը։

Համաժողովը կազմակերպվեց «ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) կրթություն Հայաստանի երիտասարդների համար» (ԳիտՍԵՐունդ) եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։

Համաժողովի ընթացքում մեկնարկ տրվեց ԳիտՍԵՐունդ ծրագրի շրջանակներում նախագծված դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման հատուկ թվային հարթակի աշխատանքին, որը ԳիտՍԵՐունդ-ի ուսումնական նյութերը հասանելի  կդարձնի Հայաստանի բոլոր ուսուցիչներին և կստեղծի ստեղծարար ուսուցիչների համագործակցության նոր միջավայր։

Երկօրյա համաժողովը մեկ հարկի տակ էր միավորել Հայաստանի բոլոր մարզերից ավելի քան 300 ուսուցչի, ովքեր կմասնակցեն և կդիտարկեն ԳիտՍԵՐունդ-ի ուսուցչական աշխատարանները, ԳիտՍԵՐունդ ռեսուրսներով դասավանդվող դասերը, կմասնակցեն ԳիտՍԵՐունդ թվային հարթակին գրանցվելու և դրանով աշխատելու սեսիաներին, ինչպես նաև կմասնակցեն դպրոցների տնօրենների, ոլորտի փորձագետների, ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ պանելային քննարկումներին։ 

Համաժողովի մասնակիցները տեղեկացան ԳՏՃՄ կրթության զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Կառավարության ջանքերի ու ծրագրերի, ինչպես նաև գիտության և գիտատար արդյունաբերության համար մարդկային կապիտալի զարգացման գործում ձեռքբերումների մասին։

«ԳիտՍԵՐունդ» ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել ԳՏՃՄ առարկաների դասավանդման և ուսումնառության փորձառությունը։ Այս նպատակին հասնելու համար ծրագիրը կազմակերպում է ուսուցչական աշխատարաններ և մշակում է նոր սերնդի ուսումնական նյութեր, որոնք ուղղորդում են ուսուցիչներին իրենց առօրյա դասավանդման գործընթացում ակտիվ ուսումնառության մեթոդներն ու մոտեցումները լավագույնս կիրառելու համար։ 

2019 թվականի հոկտեմբերի մեկնարկից ի վեր, ծրագիրն աշխատել է ավելի քան 400 ուսուցիչների հետ, որոնք մշակել և փորձարկել են ԳՏՃՄ դասի պլաններ և քայլ առ քայլ ընթացքներ կամ սցենարներ, որոնք դյուրին են դարձնում ժամանակակից մանկավարժական գաղափարների և առարկայական բովանդակության ներմուծումը դասապրոցես՝ հնարավորություն տալով ուսուցիչներին անցկացնել բարձր ներգրավվածությամբ հետաքրքիր և արդյունավետ դասեր։ 7-ից 12-րդ դասարանի շուրջ 2500 աշակերտներ մասնակցել են ԳիտՍԵՐունդ ամառային ճամբարների, սիմուլյացիոն և դեմ առ դեմ փորձարարական դասերին։ Ծրագրի ավարտին՝ ս․թ․ սեպտեմբերին, «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը կհրապարակի ԳՏՃՄ գիտակարգային 5 առարկաներից 1800 դասի համար նախատեսված դասավանդման և ուսումնառության նյութեր։ 

Այս տարի «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը հրավիրել է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի առարկայական փորձագետներին՝ մասնակցելու ուսուցչական աշխատարանների ստեղծմանը և համագործակցելու կրթական նյութեր մշակող ուսուցիչների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter