Տիգրան Աբրահամյան. «Մեծ է հավանականությունը, որ գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ»
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այն կարծիքին է, որ ադրբեջանական և թուրքական քարոզչամեքենան հակառուսական արշավ է սկսել:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես վերջին 10 օրերին շփման գծի տարբեր ուղղություններով՝ և՛ Արցախի, և՛ Հայաստանի, Ադրբեջանը դիմում է տարբեր բնույթի սադրանքների, մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ»,- ասաց նա:
Ըստ նրա` Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել:
«Հաշվի առնելով այն, որ գազատարի վերահսկողությունն այդ հատվածում հիմնականում ադրբեջանական զորքերինն է, ապա այդ մասում կարող է Ադրբեջանի կողմից տեղի ունենալ, ըստ էության, ահաբեկչական գործողություն»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորը հիշեցնում է, որ Երասխի հատվածում մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր: Իսկ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի և Մարտունու շրջանի Նորշեն և Թաղավարդ գյուղի տարածքվում Ադրեջանը դրսևորում է տարբեր բնույթի սադրանքներ, որոնք սկսում են հրաձգային զենքերից արձակված կրակահերթերով, ականանետի կիրառմամբ, ինչպես նաև հոգեբանական գրոհի իրականացմամբ, որն արտահայտվում է բարձրախոսների միջոցով՝ հայկական բնակավայրերի ուղղությամբ մուղամների, նաև զգուշացնող հայտարարությունների տարածմամբ:
«Այդ հայտարարությունների հիմքում դրված է հետևյալ միտքը, որ նրանք պետք է հեռանան այդ հատվածներից, քանի որ իրենց հողերն են, հակառակ դեպքում հանելու են ուժի միջոցով»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորի դիտարկմամբ`ադրբեջանական քարոզչամեքենան արշավ է սկսել ռուսական առաքելության հրամանատարի նկատմամբ, որն ըստ նրա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով է պայմանավորված:
«Եվ այն քայլերը, որոնք այսօր տեղի են ունենում, նպատակ ունեն հեղինակազրկել նաև ռուսական դերակատարությունն Արցախում և առհասարակ Հարավային Կովկասում, ինչը նշանակում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը որքան խորանա, այնքան այդ հարձակումները ՌԴ-ի նկատմամբ՝ տարբեր մակարդակներով, անընդհատ նկատելի են լինելու»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել