HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յո՞ յերթանք…

«Անկախության բարիքներից լիուլի օգտվելու իրավունքը ձեռք բերելու համար ժողովուրդները նախ հրամայողաբար ձեռք են բերում ինքնապաշտպանության բարդ արվեստը, որը պահանջում է լինել ուժեղ, էլի՛ ուժեղ եւ մի՛շտ ուժեղ»։ Գարեգին Նժդեհ

2022թ-ի փետրվարի 24-ն արդեն պաշտոնապե՛ս արձանագրեց Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված աշխարհակարգի չգոյությունը։ Թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, մեզ՝ հասարակ մահկանացուներիս, դեռևս անհայտ է։ Յուրաքանչյուրս մեր գիտելիքի, մտածողության և աշխարհընկալման արդյունքում կարող ենք ենթադրություններ անել, ընդ որում՝ իրարից տրամագծորեն տարբերվող: Եվ որ դրանք կարող են իրականությունից շատ հեռու լինել՝ դա էլ՝  ավելի քան  հնարավոր է: Բայց այս հոդվածը բնավ էլ  հնարավոր ապագայի հերթական աշխարհաքաղաքական վերլուծությունը դառնալու  նպատակ չունի: Իմ նպատակն է՝  արձանագրել այն իրողությունը, որում հայտնվել  է հայության մի զգալի հատվածը:  Նաև՝  վերլուծել ստեղծված իրավիճակի խորքային պատճառները, սպառնալիքները և հայության անելիքները՝ հայկական շահի՛  տեսանկյունից։

Մաս առաջին

Ցանկացած բուժում սկսվում է  ճիշտ ախտորոշումից: Ուստի, հայության ներկա աղետալի վիճակի խորքային պատճառները հասկանալու համար, պատմա-քաղաքական էքսկուրսը՝ բժշկական տերմինաբանությամբ՝ կյանքի և հիվանդության անամնեզի հավաքագրումը,  պարտադիր է։ 

Եվ այսպես՝  մարդկության պատմության հնագույն ժամանակներից մարդու առջև ծառացած գլխավոր մարտահրավերը  կա և եղել է անվտանգության ապահովումը։ Անվտանգային մարտահրավերներն էին, որ խթան հանդիսացան  հանրային կյանքի կազմակերպման ավելի կատարյալ ձևեր փնտրելուն:  Եվ հենց դրա՛նց շնորհիվ նախնական պարզունակ ցեղային միություններն  ի վերջո վերածվեցին մարդկային կենսագործունեության կազմակերպման ավելի կատարյալ ձևի՝ պետական միավորների։ Ուստի,  բոլոր ժամանակներում,  պետության առաջնային գործառույթը եղել և մնում է երկրի անվտանգության ապահովումը։ Երկրի անվտանգության բարձր մակարդակն է զարկ տալիս տնտեսությանը, մշակույթին, այսինքն՝ անվտանգության ապահովումն է  բարեկեցիկ և լիարժեք ապրելու պարտադիր նախապայմանը։ Ունենալ պետականության զգացում՝ նշանակում է նախ գիտակցել այս պարտադիր կապը և  ապա՝ երկրի անվտանգությունը ապահովելու պարտավորություն ստանձնել։

Պատմականորեն հայկական իրականության մեջ երկրի ներքին և արտաքին անվտանգային խնդիրները լուծող շերտը (իմա՝ քաղաքական միտք կրողը) եղել է հայ ազնվականությունը։ Հայոց բանակը կազմվում էր միայն ազնվականներից:  Հայ շինականը, արհեստավորը, առևտրականը  անմասն էին երկրի պաշտպանության գործին։ Սա էր պատճառը, որ  մի ողջ  միջնադարի ընթացքում՝  հայ ազնվական տների հետևողական ոչնչացումով և  ուծացումով,   հայության մեջ լիովին վերացվեց պետական-քաղաքական միտքը, հետևապես նաև՝   անվտանգային համակարգը։ Հայության կյանքում պետական-քաղաքական միտք կրող վերջին մոհիկանները Սյունիքի և Արցախի մելիքներն էին, որոնք պարսկական տիրապետության պայմաններում անգամ, դեռևս  պահպանում էին իրենց կիսանկախ դիրքը և հնարավորինս ապահովում երկրի ու բնակչության անվտանգությունը։ Ռուսական կայսրությունը նախ ոչնչացրեց հայկական պետական կազմավորումների այդ վերջին փշրանքներն ու  քաղաքական մտքի վերջին մարմրող կայծերը: Դրանից հետո, հայությունը, ինչպես Օսմանյան Կայսրությունում, Արևելյան Հայաստանում ևս վերածվեց կրոնական պարզունակ համայնքի, որի անվտանգությունը և ապագան արդեն  ամբողջապես կախված էր ցարի քմահաճույքից։ Իսկ երբևիցե սեփական անվտանգությունը ինքնուրույն պաշտպանելու պարտավորություն չունեցած հայ շինականի, առևտրականի և արհեստավորի համար  միևնույնն էր, թե ո՛վ է իր կյանքի և գույքի անվտանգության պայմանական երաշխավորը՝ ռուսական ցա՞րը, պարսկական շա՞հը թե՞ օսմանյան սուլթանը։

Այնուհանդերձ, հայկական պետականության բացակայության պայմաններում անգամ, հայությունը՝ մինչև XIX-րդ դարի կեսերը, որոշակի առաքելություն ուներ արևելք-արևմուտք առանցքի վրա՝ որպես քաղաքակրթական և առևտրատնտեսական կապող օղակ։ Սա հայության առևտրատնտեսական վերնախավի համար  արևելյան մահմեդական տիրակալների պալատներում որոշակի արտոնյալ կարգավիճակ էր ապահովել։ Օգտվելով այդ արտոնություններից և բացառիկ հնարավորություններից՝ հայության այդ պայմանական վերնախավը՝ իր ճկուն և եռանդուն գործունեությամբ, գերիշխող դիրքեր զբաղեցրեց թե՛ արևելք-արևմուտք և  թե՛ դեպի Ռուսաստան տարանցիկ ցամաքային, ինչ-որ տեղ նաև՝  ծովային առևտրի մեջ։ XIX-րդ դարի վերջին փաստացի այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ հայությունը ազդեցիկ և կարևորագույն առևտրատնտեսական գործոն էր դարձել թե՛ Օսմանյան, թե՛ Ռուսական կայսրություններում՝ լրջագույն մարտահրավեր նետելով արևմտյան ու ռուսական առևտրական և նոր ձևավորվող արդյունաբերական կապիտալին։ Ի՞նչ ուներ այդ պահին հայությունը. ուներ լավ ձևավորված ցանցային կառուցվածք, փայլուն առևտրական գործակալական ցանց, հսկայական ֆինանսատնտեսական հնարավորություններ և… զրո քաղաքական միտք, զրո քաղաքական նպատակներ ու հավակնություններ, զրո անվտանգային համակարգ։

Մինչդեռ XVII-րդ դարում Անգլիական բուրժուական հեղափոխության հաղթանակից հետո համաշխարհային խաղի կանոնները փոխվել էին: Աշխարհը՝ պետություններին սպասարկող առևտրական կապիտալի դարաշրջանից, անցնում էր դեպի քաղաքական կապիտալին սպասարկող պետությունների դարաշրջան։ XVIII-րդ դարի վերջին՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխությամբ,  այդ գործընթացը դարձավ անդառնալի: Կապիտալը վերջնականապես ձեռք բերեց քաղաքական նշանակություն ու կշիռ և քաղաքական իշխանությունների ձևավորման ամենակարևոր գործոնը դարձավ։ Թյուր կարծիք է, թե կապիտալը հայրենիք չունի։ XIX-րդ դարի կեսերից Եվրոպայում մեծ թափ ստացած ազգային պետությունների ձևավորման գործընթացը նաև քաղաքական  և ռազմավարական նշանակություն ձեռք բերած կապիտալով էր պայմանավորված։ Քաղաքական կապիտալի անվտանգության լավագույն երաշխավորը ազգային պետություններն էին՝ հենց նրա՛նք էին պաշտպանելու ազգային կապիտալի շահերը։ 

Հայության առևտրատնտեսական վերնախավը՝ իր խեղաթյուրված աշխարհընկալման և զրո քաղաքական գիտելիքի պատճառով, չգիտակցեց Եվրոպայում սկսված գործընթացների ողջ խորությունը և սպառնալիքները։ Թող մեծամիտ կամ հավակնոտ չհնչի, սակայն արդյունաբերական հեղափոխության դարաշրջան թևակոխած արևմտյան կապիտալը լուրջ սպառնալիք և մրցակից էր դիտարկում հայկական կապիտալին, և եթե հայությունը քաղաքական արթնացման նշաններ ցույց տար, ինքնակազմակերպվեր և փորձեր քաղաքական ազգ դառնալ, ապա  մեծապես կընդարձակեր հայկական կապիտալի մրցակցային հնարավորությունները՝ դրանից բխող հետևանքներով։

Կարծում եմ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել XIX-րդ դարի վերջերից հայության դեմ սաստկացող հալածանքների, ջարդերի և ի վերջո ցեղասպանության հանդեպ ձևավորված համաշխարհային լուռ կոնսենսուսը։

Հայությունը, և մասնավորապես նրա առևտրատնտեսական վերնախավը, այդ ճակատագրից խուսափելու մի տարբերակ ուներ միայն՝ դառնալ քաղաքական կապիտալ և փորձեր ստեղծել իր ազգային պետությունը։ Քաղաքական գիտելիքի բացակայությունը և ընթացող գործընթացների խորքային տրամաբանությունը չընկալելը բերեցին նրան, որ հայությունը Առաջին աշխարհամարտից հետո փաստացի զրկվեց թե՛ իր կապիտալից, թե՛ իր քաղաքակրթական դերակատարումից։ Առաջին Հանրապետության հիմնադիրների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, պետք է ընդունել, որ Առաջին Հանրապետությունը հայ քաղաքական մտքի արգասիքը չէր և այդ պատճառով էլ կենսունակ չգտնվեց։

Պատմական այս սեղմ ակնարկը նպատակ ուներ հիմնավորել այն պարզ ճշմարտությունը, որ միայն ազգային կենսունակ պետականությունն է ազգային կապիտալի անվտանգության, իմա՝ ապահով և բարեկեցիկ կյանքի երաշխավորը։ Թե որքանով է ներկայիս հայությունը դա գիտակցում, կներկայացնեմ հաջորդիվ։ 

Մաս երկրորդ

Չնայած առաջին մասում բերված ազգային պետություն ունենալու անհրաժեշտության պատմաքաղաքական հիմնավորումներին՝ ցավով պիտի փաստեմ, որ այսօր ևս հայկական պետականության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերը մեր հավաքական մեծամասնության կողմից ազգային պետություն ունենալու նշանակությունը և արժեքը չգիտակցելն է։ Հայ հանրության մի զգալի հատվածի համար անկախ պետականությունը մշուշոտ ու աբստրակտ ինչ-որ գաղափար է, որի գոյությունը ամենևին էլ պարտադիր չէ իրենց անվտանգ ու բարեկեցիկ կյանքը ապահովելու համար։ Անգամ ցեղասպանության տեսքով պատմական դաժան փորձը բավարար չեղավ լուծելու հայության՝ կրոնական համայնքից քաղաքական ազգ դառնալու հարցը։ Հարյուր տարի անց էլ որոշակիորեն նորոգված հայությունը և նրա կապիտալը շարունակում են շարժվել միջնադարյան տրամաբանությամբ՝ իրենց անվտանգության հարցը պատվիրակելով ուրիշներին։  Եվ զարմանալի ոչինչ չկա, որ հարյուր տարի անց, երբ աշխարհը կրկին աշխարհաքաղաքական գործընթացների հորձանուտում է, հայությունը՝ անկախ բնակության վայրից, նորից կանգնած է նույն անվտանգային մարտահրավերների առջև։

2022թ-ի փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմը փաստեց, որ անվտանգային խնդիրները այսուհետ ամենուր են։ Մերձավոր Արևելքի հայկական գաղութներից հետո ֆիզիկական անվտանգության հարցը բախում է մարդկանց դռները արդեն Եվրոպայի՛ կենտրոնում։ 2020թ-ի նոյեմբերի 9-ին Հայաստանին պարտադրված կապիտուլյացիայով  սկսվեց Ուկրաինայում պատերազմի մեկնարկի հետհաշվարկը։ Քաղաքական գործընթացների ընթացքը հասկացող մարդիկ թե՛ հրապարակային, և թե՛ մասնավոր զրույցներում զգուշացնում էին Ուկրաինայում սպասվող պատերազմի մեծ հավանականության մասին։ Թե որքանո՛վ ականջալուր եղավ Ուկրաինայի հայ համայնքը, որքանո՛վ կազմակերպեց հայրենադարձությունը, որքանո՛վ փորձեց փրկել ունեցած նյութական գույքը և՝  ի վերջո, ավելի պատրաստված դիմավորել պատերազմը, ականատես ենք բոլորս։

Ուկրաինայի հայկական համայնքին մշուշոտ ապագա է սպասվում։ Ռուսական արկերի տարափի տակ, ինչպես նաև պատերազմական,  ինչու չէ նաև՝ հետպատերազմյան անկառավարելի (կամ կառավարելի՝ ո՞վ գիտե) քաոսի պայմաններում, նրանց լիակատար ունեզրկում է սպառնում  և չի բացառվում, որ նրանք էլ՝  իրենց պապերի նման,  մի օր ստիպված կլինեն կրկին վերցնելու գաղթականի ցուպը։ Այս ամենը ճակատագրի հեգնանք է հիշեցնում՝  ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանից հեռանալու առաջնային պատճառը հենց անվտանգայինն է։

Աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով Ռուսաստանի մեկուսացումը, տնտեսության սրընթաց գահավիժումը և հետևողականորեն «քաղաքակրթական բորոտի» կերպարի ձևավորումը դամոկլյան սուր են դարձել արդեն ռուսահա՛յ համայնքի ապագայի գլխին։ Հայկական աշխարհընկալմանը բնորոշ անհիմն լավատեսությամբ, տեղի ունեցող գործընթացները համարելով ժամանակավոր և վաղանցիկ,  հայության այս մի ստվար հատվածը, ինչպես հարյուր տարի առաջ,  որևէ քայլ չի ձեռնարկում՝ շուրջը եռացող իրադարձությունների տրամաբանությունը և ընթացքը հասկանալու ու դրանց առաջ բերած մարտահրավերներին համարժեք արձագանքելու համար։ Եթե ընդունենք անգամ, որ հայության այս հատվածը չի գիտակցում ցեղասպանության խորքային պատճառները՝ որովհետև  անտեղյակ է սեփական պատմությանը, միևնույնն է, անհասկանալի է մնում, թե ինչպես է, որ ռուսական դպրոցներում կրթություն ստացած մեր հայրենակիցներին ոչինչ չի հուշում ռուսական смута-ների պատմական դառը փորձը։ 

Ապշեցուցիչ է, որ հայրենադարձվող կամ հայրենադարձության պատրաստվող մեր հայրենակիցների թիվը չափազանց փոքր է։ Հայության այս ստվար հատվածը շարունակում է ոչ ստանդարտ իրավիճակներին մոտենալ ստանդարտ վիճակների տրամաբանությամբ, չգիտակցելով, որ պատերազմի ժամանակ  խաղաղ ժամանակների տրամաբանությամբ առաջնորդվելը վաղ թե ուշ ավարտվում է աղետով։ Ո՛վ՝ ով, հայությունը այդ դառը փորձը լիուլի ունի։ Թե՛ Բեյրութում, թե՛ Սումգայիթում, թե՛ Բաքվում, թե՛ Հալեպում, թե՛ Կիևում ապրող հայերը չէին պատկերացնում, որ կգա այն օրը, երբ սեփական կյանքը փրկելու համար ստիպված կլինեն հապշտապ հեռանալ՝ թողնելով այն ամենը, ինչը ստեղծել էին երկարամյա աշխատանքով։ Այսօր այդ դամոկլյան սուրը կախված է ռուսահայ համայնքի գլխին և այսպես շարունակելու դեպքում նրանց և՛ս սպառնում է «վաստակած բարիքները ուրիշին թողնելու և որպես մուրացկան ուրիշների վրա բեռ դառնալու» նվաստացուցիչ ճակատագիրը։

Ռուսաստանի և Ուկրաինայի հայությունը կանգնած է վճռական ճամփաբաժնի առջև՝ կամ գիտակցում է ներկա և որ ավելի կարևոր է՝ ապագա մարտահրավերները և հետևողական քայլերով նվազեցնում կորուստները, կամ՝ հերթական անգամ ընտրում անփառունակ և անհեռանկար փախուստի ճանապարհը։

Այդ մասին հաջորդիվ։

Մաս երրորդ

Կորուստները նվազագույնի հասցնելու և այլևս չփախչելու մի ուղի գոյություն ունի միայն՝ դեպի Հայաստան։ Արցախյան Երկրորդ պատերազմում արցախաբնակ հայության բռնի տեղահանությունը որպես հակափաստարկ ներկայացնողներին միայն մի բան կարող եմ ասել՝ տարածքները հանձնվեցին թշնամուն, որովհետև մեր հավաքական մեծամասնությունը իր անվտանգային խնդիրները հայրենիքում պատվիրակեց ուրիշներին։

Այնուամենայնիվ, փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմով առաջ եկած անվտանգային և տնտեսական մարտահրավերները՝ անկախ պատերազմի վերջնարդյունքից,  արդեն իսկ ջախջախիչ հարված են հասցրել 

հայ հանրության կյանքում գերիշխող այն մտայնությանը, որ Հայաստանից դուրս և նույնիսկ առանց  Հայաստանի գոյության,  անվտանգ և բարեկեցիկ կյանքն ապահովված ու հնարավոր է։ XXI-րդ դարում Եվրոպայի կենտրոնում արկերի տակ մնացած հայությունը հերթական դաժան պատմական դասն է ստանում՝ «խաղաղությունը մարդկության կյանքում ոչ այլ ինչ է, քան պատերազմների մեջտեղում եղած հոգնությունը վերականգնելու կարճատև դադար»։ Եվ ինչպես փաստել է նույն պատմությունը՝ մենք որքան հեռանում ենք նախորդ պատերազմից, այնքան մոտենում ենք հաջորդին։ Պատերազմը հնարավորինս հետաձգելու բանաձևը դեռևս անտիկ ժամանակներից տվել են հին հռոմեացիները՝ «Si vis pacem, para bellum», այն է, թե՝ «խաղաղություն ես ուզում, ուրեմն պատրաստվիր պատերազմի»։ Առաջին հայացքից պաթետիկ թվացող այս հայտարարության հիմքում կուռ տրամաբանությունն է։ Պատերազմից խուսափել կամ պատերազմը հնարավորինս հետաձգել հնարավոր է միայն սեփական անվտանգային համակարգ ունեցող հայկական կենսունակ պետականության շնորհիվ։ Հայկական ազգային պետությունն է, որ կլուծի հայության առջև եղած անվտանգային մարտահրավերները, կերաշխավորի հայկական կապիտալի անվտանգությունը և հնարավորություն կտա հանրության համար կայուն բարեկեցիկ կյանք ստեղծել։

Այսօր ռուսահայ համայնքի բազմահազար ներկայացուցիչներ փորձում են հապշտապ վերականգնել հայկական անձնագրերը կամ դիմում են ՀՀ պատկան մարմիններին՝  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։ «Ռուսաստանի կազմ մտնելու և հանգիստ ապրելու» ջատագովները հանկարծ պարզել են, որ այդչափ ցանկալի «կարմիր անձնագրերը» այլևս ոչինչ են, ավելին՝  հավաքական արևմուտքի ջանքերով «քաղաքակրթական բորոտ» լինելու վկայական են դարձել։ Թող թյուր տպավորություն չստեղծվի, թե ես արդարացնում եմ ռուսական հանրության հանդեպ սկսված համաշխարհային հիստերիան, բայց գործում է «պատերազմում՝  ինչպես պատերազմում» սկզբունքը։ Գուցե իմպերիալիստական շովինիզմով տառապող և նացիստական Գերմանիայի դեմ տարած հավաքական հաղթանակի դափնիները սեփականաշնորհած հանրությունը ևս պիտի անցնի իր քավարանով։ (Չգիտեմ ինչու միտքս եկան ռուսական կողմի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ՝ «ոչ մի անձնական բան, միայն բիզնես» պատասխանը և հոշոտված Արցախը…):

ՀՀ քաղաքացիության ձեռք բերումը կամ վերականգնումը ընդամենը առաջին քայլն է։ Սրան պետք է հաջորդի հայրենադարձությունը։ Ռուսահայ համայնքը դեռևս հնարավորություն ունի փրկել իր կապիտալը՝ այն դարձնելով ազգային։ Իհարկե, Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները բարդ են, բայց հայության ներուժը հաշվի առնելով՝ լիովին  լուծելի։ Ընդամենը մի փոքր կամքը, արհեստավարժությունը և հայության ռեսուրսների մի չնչին հատվածի մոբիլիզացիան ի վիճակի են կարճատև ժամանակում Հայաստանը վերածել անվտանգ, անառիկ ամրոցի, որն ի վիճակի է պաշտպանել հայությա՛ն շահերը։

Որպես ամփոփում՝ Հայաստանից դուրս բնակվող հայությունը այսօր կանգնած է երկընտրանքի առջև՝  կա՛մ իր անվտանգությունն ու ապագան տեսնում է ազգային ուժեղ պետություն կերտելու մեջ, կա՛մ կշարունակի հազարամյա դեգերումները՝ գաղթի փոշոտ ճանապարհներին՝ կորցնելով ոչ միայն իր ունեցվածքը, կարողությունը, այլև իր ինքնությունը՝ իր սերունդներին դատապարտելով անարժանապատիվ անէացման:

Արփի Թոփչյան, բժշկական գիտությունների թեկնածու

Մեկնաբանություններ (1)

Արարատ Ստեփանյան
Հարգելի Արփի, Ձեր հոդվածի բոլոր 3 մասերում էլ շեշտը դնում եք ազգային պետության ստեղծման անհրաժեշտության վրա։ Ո՞րն է ազգի մասին ձեր պատկերացումը, ըստ այդմ՝ ինչպե՞ս եք պատկերացնում ազգային պետությունը։ Հնարավո՞ր է ազգային պետության ստեղծումն առանց ազգային գաղափարախոսություն-աշխարհայացքի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter